— Կանենք այնտեղ՝ որտեղ կուզենք, կանենք այնպես՝ ինչպես կուզենք, — բացառապես կանանցից և աղջիկներից բաղկացած թափորը խմբով կրկնում էր առջևից գնացող վարդագույն բարձրախոսով աղջկա կոչը։ Հյուսիսային պողոտայի սառը, լերկ պատերից անդրադարձող արձագանքը ավելի էր ուժգնացնում առանց այն էլ հզոր ձայնային տվյալներով օժտված փոքրիկ խմբի կանչը։
— Կանենք այնքան՝ որքան կուզենք, ում հետ կուզենք ու երբ կուզենք, — 20-22 տարեկան երիտասարդ առաջնորդ աղջկա աչքերը փայլում էին ոգևորությունից։ — Կանենք այնքան՝ որքան կուզենք, ում հետ կուզենք ու երբ կուզենք, — ոչ պակաս ոգևորությամբ կրկնում էին նրան կրնկակոխ հետապնդողները։ — Կինը կով չէ, որ կաթ տա։ — Կինը կով չէ, որ կաթ տա։ — Կարմիր խնձորը միրգ է։ — Կարմիր խնձորը միրգ է։ — Կանենք այնքան՝ որքան կուզենք, ում հետ կուզենք ու երբ կուզենք։ Դրոշներով ու պաստառներով խումբը հատեց Թումանյան փողոցը՝ դեպի Ազատության հրապարակ։ Բավական հեռացել էին, արդեն կոչերը չէին լսվում, բայց նրանց հետևից նայող ահել ու ջահել դեռ ուշքի չէին եկել իրենց տեսածից, լսածից։
Գրիգոր պապը, իր նստարանին մոտ կանգնած բերանը բաց երիտասարդներից մեկի վարտիքից քաշեց, որ նա ուշադրություն դարձնի իրեն․ — Տղա ջան էս լևոնականնե՞րն էին Երիտասարդը չկարողացավ զսպել ծիծաղը։ — Տղեք, — դարձավ նա ընկերներին, — լսո՞ւմ եք, պապին ասում ա «լևոնականնե՞րն են»։ Բոլորը քահ-քահ ծիծաղեցին, ապա տղաներից մի ուրիշը թե․ — Պապի, լավա չասիր նիկոլականներն են, — ու տղաները դարձյալ բարձրաձայն ծիծաղեցին։ Պապը աչքերը կկոցեց ու մի տեսակ սկսեց չափել երիտասարդներին ոտքից գլուխ, ասես ուզում էր հասկանալ լուրջ են խոսում, թե կատակում են։ — Էլի ասեիր, էն անտեր, պուտինական են՝ կհավատայի, — ասաց պապը․ — Նիկոլին, սկի, իմ լուսահոգի հերը կարգին չէր հիշում, էս մի մատ երեխեքը որտեղից պիտի իմանան, որ մի հատ էլ նիկոլական լինեն, — ասաց ու ինքն էլ ժպտաց բեղի տակ։
Տղաներից մեկը մոտեցավ մոտ, որ պապը լավ լսի, ապա մտերմաբար, թե․ — Չէ, պապի ջան, ոչ լևոնական էին, ոչ նիկոլական, ոչ էլ պուտինական։ Չլսեցի՞ր խնձոր ու կաթ էին գոռում։ — Լսեցի բալես, բայց որ մոտիկ կոլխոզ չկա, մտքովս չանցավ որ կոլխոզնիկ կլինեն։ Հետո էլ կթվորուհու համար, ախր, նախ շատ երիտասարդ էին, ու, ասեմ քեզ, շատ էլ խնամված․․․ Չնայած մեր Սարիբեկի Վարդանուշն էլ, վաղ սկսեց աշխատել ու պակաս խնամված չէր, ջահել ժամանակ։ Էհ, գիտե՞ք ինչ աշխատող էր՝ օրը 40-50 լիտր կաթ էր տալիս։ Տղաները փորներից բռնած ամեն մեկը մի կողմի վրա ծիծաղում էին, էնպես որ հանկարծ պապին չտեսնի՝ չնեղանա։ — Ես մի բան լավ չհասկացա, — շարունակեց Գրիգոր պապը, քաշելով մոտ եկած երիտասարդի ձեռքից, որ նստի, — նստիր։ Երիտասարդը նստեց։ — Ասում եմ մի բան չհասկացա, էս երեխեքի մեղքը որն է, որ էդ անտեր կովերը կաթ չեն տալիս։ — Պապի ջան, սրանք ֆեմինուհի են, կթվորուհի չեն, — տղան մի կերպ էր զսպում ծիծաղը։ — Ասում ես՝ Ֆերմերուհի՞ են։ Դա՜, — ծոր տվեց պապը, — փաստորեն, մեր ժամանակվա կթվորուհիները՝ հիմա ֆերմերուհի են։ Աշխարհ, աշխարհ․․․
Գրիգորը խոր հոգոց քաշեց․ — Մոտ եկեք, — դիմեց նա տղաներին։ Սպասեց, որ բոլորը հավաքվեն։ — Ես 90 տարեկան եմ։ Իմ կյանքում շատ բան եմ տեսել։ Դուք երիտասարդ եք դժվար հասկանաք, բայց մի օր դուք էլ կհասկանաք, որ էս երկրում միայն անուններն են փոխվել, իսկ էությունը մնացել է էն ինչ կար։ Եթե դուք ուզում եք լավ երկրում ապրել, էության վրա աշխատեք։ Ասաց պապին, ձեռնափայտը խփեց գետնին ու անհետացավ․․․
Կարմիր շլոր ս-տատուս-հեքիաթ
09.03.2016