Վերադառնալ ընթերցարան

228 · 03.03.2017

Լևոն Զուրաբյան

229 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

- Գնա։ Գնա քո մեռելի վրա լացի, մերի հետ գործ չունես։

- Այսի՞նքն, էդ ինչպես թե «մեր ու ձեր»։ Վաչիկ ամին, եթե ուզում ես իմանաս, իմ կեսուրից շատ էր ինձ սիրում, ու ես, ոչ թե իրավունք ունեմ, այլ պարտական եմ հարգել նրա հիշատակը, գալ ու լացել անմիջապես նրա կողքին, նրա վրա․․․ նրա․․․

- Նորից եմ կրկնում, Վարսենիկ աղջիկ, մեռել ունես՝ գնա մեռելիդ վրա լացի։ Մեր սգո արարողությունը մի հարամի, թող էս մարդուն իրեն արժանի հարգով ու պատվով հանձնենք հողին։ Դու էլ լավ կլինի, գնաս կեսուրիդ դիակին տիրություն անես, քանի դեռ մեկն ու մեկին էլի չի քաշել ծոցը ու կյանքից զրկել իմ թառլան կեսրարի նման․․․ Վա՜յ, պապա ջան, վա՜յ․․․

- Դու․․․ դու․․․ դու թասիբ չունես, Նվարդ, դու ամոթ-աբուռ չունես, Նվարդ։ Բա մեռած մարդու հետևից էդպիսի բաներ կասե՞ն, Նվարդ։ Արդեն երեք օր է դու նույն երգն ես երգում․․․ Ախր, էն խեղճուկրակ կնիկը ո՞նց պիտի քո աժդահա կեսրարին քարշ տար մառան, քաշեր գցեր վրեն, ինքն էլ ընկներ տակը ու համ ինքը մեռներ, համ էլ էդ մարդուն սպաներ, հը՞։ Մի հատ կլինի՞ ուղեղդ գոնե մի անգամ օգտագործես հավուր պատշաճի։ Մեծ կնիկ է, անմարդ կնիկ, երևի ձեռքը չի հասել տակառից հավերի համար կուտ հանի, Վաչիկ ամուն է խնդրել, նա էլ երևի էկել է մտել են մառան ու սայթակել ընկել է կեսուրիս վրա, ինքն էլ է մեռել, նրան էլ է սպանել։ Դրել սարքել ես Հայոց հարցը․․․

- Իյա՜, ուրեմն կեսրարս հավի ճուտ էր հա՞, մեռավ ու պիտի ձայն չհանե՞նք, որ հանկրծ քո համար Հայոց հարցը չդառնա՞։ Բա, իհարկե, բա իհարկե․․․ ուրիշ սայթակելու տեղ էլ չկար, Վաչիկ ամին պետք ա գար հենց ձեր մառանում սայթակեր։ Ի՞նչ ա, ձեր մառանում սառույց ա բռնա՞ծ, Վարսենիկ։ Արի կլինի, դու գլխիս լոլո մի կարդա, էդ քո տակառի մեջի հավի կտերն էլ պահի միամիտ հարևանների ու աչքը շոռ կեսուրիդ չճանաչողների համար։ Մենք էդ կուտը ուտող չենք․․․ Վարազդա՛տ․․․ Վարազդա՛տ․․․ Այ տղա Վարազդատ․․․ո՞ւր կորար․․․Արի մի էստեղ։ Արի էս սևալաչակին ճամփի թող գնա իր կեսուրի վրա լացի, իմ կեսրարի վրա ինչքան որ պետք է ես կլացեմ․․․ ուղեկցի մինչև դռների մոտ։ Այ տղա, հանկարծ հետը մառան չմտնես իրենց հավերի համար կուտ հանելու, ես ջահել-ջահել այրի դառնալու ցանկություն չունեմ։

- Նամուսդ թաղեմ, Նվարդ, նամուսդ։ Թաղեմ արևդ։ Լեզուդ պապանձվեր՝ ես էդ խոսքերը չլսեի քո բերանից։ Վաչիկ ամու տեղը քեզ տենայի պառկած էդ դագաղի մեջ, Նվարդ։ Սևերես լինես դու, ոնց սևերես ես անում իմ խեղճուկրակ կեսուրին, որ մեռավ էլի չպրծավ քո ձեռից։ Այ փչացած․․․

- Վարսենիկ, քեզ ասի՞ գնա։ Քեզ ասի՞ գնա քո մեռելի վրա լացի, մերի հետ գործ չունես։ Դե ուրեմն գնա՝ քանի բերանս չեմ բացել գեղով մեկ խայտառակել քեզ էլ, կեսուրիդ էլ․․․ Գնա քո մեռելի վրա լացի, մերի հետ գործ չունես։

Մեր ու ձեր մեռելը Լևոն Զուրաբյան

03.03.2017