Վհուկը ոսկոր է նետում, նետում է ու խփում դափին, Վհուկը մարած հույսերի, վհուկը մոռացված ճամփի։ Պսակը չորացած դափնու ծածկում է խաչ տակավին Մատղաշ մատաղի գառների լերդացած արյունը ճակատի։
Սխտորի վզնոցը պտտում ոսկրացած լերկ պարանոցին Մի պճեղ սխտոր է նետում թեժացած կրակի բոցին, Ու էլի խփում է, խփում, տենդագին խփում է դափին, Վհուկը մարած հույսերի, վհուկը մոռացված ճամփի։
Ծաղկազարդ փիլոնին շարված ոսկեզօծ տերևներ, ճյուղեր Ոսկեղեն՝ մատների վրա, ականջին ոսկեղեն օղեր, Փայլում է կրակի նման, պճնված զարդերով անգին Վհուկը մարած հույսերի, վհուկը մոռացված ճամփի։
Գայլերը ոռնում են հեռվում, ինչ որ տեղ շներն են հաչում Վհուկը ոսկոր է նետում, վհուկը ոգի է կանչում, Ծնկում են ու աջը պաչում կենդանի դիերը անթիվ Վհուկը մարած հույսերի իշխում է մոռացված ճամփին։
02․12․2015
Մենք դեմ չենք ցարի շահին, Ցարի դեմ չունենք ոչինչ, Ասոցացումը աշխարհի Աչքերին թոզ էր մի քիչ։
Մեզ կյանքում չի բաժանի, Էլ ոչ մի ասոցացում, Ցարին ենք մենք արժանի, Ու ցարը միշտ մեր ծոցում։
Եթե մեզ չեք հավատում, Հարցրեք անձամբ ցարին՝ Միշտ ռուսիո շահն ենք պահել, Պահում ենք հավատարիմ։
Մերկելն էլ վատիկը չի, (Հատկապես, մերկ ու ջահել), Բայց ցարի վարտիքին չի, Չի բխում դա իր շահից։
Ու քանի ցարի շահը Ու մերը համահունչ են, Մեր «այոն» «հա» չի դառնա, Ու «ոչ» չի դառնա «չէ»։
Ծղրիդ Սաքո Ջոն ձեռաց
02.12.2017