Աբու Դաբիի թագաժառանգն անբասիր՝ Իբն Զայիդ ալ-Նահյանը՝ Մուհամմադ, Աստվածային մի էակ էր, մի գերմարդ՝ Ձյունաճերմակ դիշդաշայով կերպասի։
Նա մեծանուն մի արաբ էր գթասիրտ, Հռչակավոր արքայական մեծ տոհմից, Արաբական ողջ աշխարհը չորս կողմից Լեգենդներ էր հյուսում, պատմում իր մասին,
Նրա արած մեծ գործերից բազմաբյուր, Բարեհոգի ու բարեգութ, բազմողորմ․․․ Բարերարի իր հռչակով բազմակողմ Սիրված էր ողջ արաբական աշխարհում։
Բայց տոգորված բազմաց սիրով անպարփակ, Պատիվի մեջ, համատարած հարգանքի, Մուհամմադը հանգիստ չուներ մի մտքից. Ո՞վ է արդյոք բարեգութը երկնի տակ,
Ի՞նքն է, արդյոք, ամենասերն աշխարհի, Գթառատը, ողորմածը ամենա, Թե՞ իրենից բացի էլի մեկը կա, Ով առավել բարի է ու անբասիր։
***
Խորհեց, խորհեց արքայազն Մեծագործը էն արաբ, Ու մի օր էլ լարեց սազը՝ Նազիրներին իր պարապ
Կանչեց, ասաց. - Աշխարհն արար, Լուր տարածեք իմ մասին, Տեսեք՝ ինձնից բացի, արաբ, Ո՞վ կա իմ պես գթասիրտ։
Ելան հեծան նժույգները Նազիրները արքայի, Ու գնացին չորս կողմերը Արաբական աշխարհի։
Շատ մանր եկան, պրպտեցին, Բայց չգտան երկրորդին, Չեղավ ուրիշ մեկը բացի Մեծ արքայի մեծ որդին։
Իր պես բարի ու գթասեր, Ողորմած ու բարեգութ, Չկար իր պես մեծ սրտի տեր Արաբների ողջ երկրում։
- Սակայն, - ասաց, նազիրը մի, Ադելը ալ Մազրուքին, - Մեզնից հեռու, հանիրավի, Աշխարհի մեջ Կոտայքի,
Կա բարեգործ մի արարած, Մի մարդածին հողեղեն, Որի ամեն խոսքը ասված, Մի մեծ գործ է միշտ եղել։
Ասում են, թե այլ բարերար, Մարդ չի ծնվել այս կյանքում, Սուրբ Մեքքայից մինչև Կատար, Ու Եմենից մինչ Մակու։
Չկա մեկը՝ պարսիկ, արաբ, Որ նրա հետ կմրցի, Բարեգութ է որքան կարա, Էն մեծանուն կոտայքցին։
Մուհամմադը մտահոգվեց. Եվ տխուր էր, և ուրախ, Ուրախ էր, որ նա գտնվեց, Տխուր էր, որ մեկն էլ կա:
Կա մեկն էլի, որն իր նման, Իսկ գուցե և ավելի, Բարեգութ է ու բարերար, Ու սիրված է շատ, էլի։
Եվ որոշեց արքայորդին՝ Բարերարը արաբյո, Ելնի, գնա, տեսնի Դոդին, Անձամբ սեղմի ձեռքն անոր։
Տեսնի՝ ով է աստվածային, Անմարդկային էդ բարին, Անձամբ տեսնի մեծն հային, Նրա առաջ խոնարհվի։
***
- Հեյ, ջա՜ն, երկիր Արմենիո, Ահա, գալիս եմ քեզ մոտ, Գալիս եմ քո գիրկը ջերմ Անապատից իմ այս լերկ։
Բերում եմ քեզ ներդրում Միլիարդավոր դոլարի, Բարեգութի իմ սրտում Սերը առ քեզ չի մարի։
Շուտով բացիր գիրկը քո, Ընդունիր քո զավակին, Հե՜յ, ջան, երկիր Արմենիո, - Կանչեց արքան լալագին։
*** Հայաստանում հեղափոխված՝ Սիրատոչոր, թավշաբեր, Ապրում էր մի մարդ արարած, Աստվածային սիրո տեր։
Յուր համբավը արդարաբար Թնդում էր ողջ Կոտայքում, Բարեգործ էր ու բարերար. Մի Կոտայք էր, մի Գագո։
Տուկի թել էր երբ բաժանում՝ Սեր խնդություն ամենուր, Ոմանք փողի արժանանում, Ոմանց լինում էր կտուր։
Բոլորի սերն ու հարգանքը Անսպառ էր առ Գագոն, Կոտայքի մեջ չկար մեկը, Որ Գագոյին չէր հարգում։
*** Լուր բերեցին Գագիկին, թե՝ աչքդ լույս, տեր արքա, Փառքդ հասել է մեկին՝ արաբների տիրակալ, Աբու Դաբի արքայի որդին է ու ժառանգը, Նա ուզում է գա անձամբ տեսնի, օրհնի քո թագը։
Լսել է նա, բարերար, քո համբավը երկնային, Մեծանունի վարքը քո սիրտն է խոցել արքայի, Հիմա առել իր նազիր, վեզիրներին մեծաշուք, Պատվիրակ է ուղարկել Մայր Հայաստան ու քո տուն։
Հուզվեց Գագիկը մինչև սրտի խորքերն անհատակ, Ոտքի կանգնեց ու գոչեց. - Կոտայքն արեք ոտնատակ, Վարդեր բերեք պարտեզից, պաղ ջուր բերեք աղբյուրից, Աստղեր բերեք երկնքից, ջան, ջան, ջան, ջան․․․
Ու վազեցին շուրջ բոլոր ծառաները արքունի, Ինչպես ասել էր արքան, բերեցին՝ ով ինչ ունի. Հազար-հազար կույս աղջիկ, հազար տղա՝ որ պարեն, Հազար երգիչ-երգչուհի, Կենտրոնն էլ՝ որ նկարեն։
*** Քանի որ դուք էլ հոգնեցիք, ես էլ՝ կարճ կապեմ. էս մարդիկ եկան, կերան, խմեցին, ուրախացան, հետո ասին ուզում ենք բարեգործական բիզնես դնեք, բայց․․․ բայց միայն մի պայմանով՝ դա պիտի լինի միայն և միայն մայրաքաղաքի սրտում։ Դե իսկ մնացածը՝ թե ինչպես զարգացան իրադարձությունները, ինչպես զանգեցին վարչապետին ու ինչպես հանդիպեցին թագավորի վեզիրները քաղաքապետի հետ, բոլորդ էլ Դուբայում եղել եք՝ գիտեք։
(Վերջաբանի փոխարեն)
Կյանքն անարդար է, կյանքը՝ դաժան, Հաճախ նա լի է հարվածներով, Ճամփեքին թափած ու անբաժան Անակնկալներով ու արկածներով։
Էդպես են ասել, ու դարեդար Ոչինչ չի փոխվել հազար տարի, Թե գող ես չես լինի դու բարերար, Կյանքը չի նայում բարերարին։
Եկել է այդպես ու կգնա, Կյանքի օրենքն է՝ անձեռ պատին, Թե գողացել ես՝ օրը կգա՝ Կտրվես մի օր արդար դատի։
Կապ չունի՝ ում ես բարերարել, Ինչքան ես բաժանել թելեր տուկի, Կապ չունի՝ ում ես բավարարել, Ում ես ձեռք մեկնել՝ որ ստրուկին։
Կապ չունի՝ ինչքան եկեղեցի, Քանի մատուռ ես դու կառուցել, Քանի մոլ ունես դու գեղեցիկ. Կյանքն աստիճան է ու կարուսել։
Գարիկ Ֆիրդուսի Խառլամով Ասք բարերար Աբու Դաբիի թագաժառանգի, Աշոտ Երկաթի և Վլադիմիր Վիսոցկու մասին
04.12.2019