Վերադառնալ ընթերցարան

76 · 11.06.2015

Մի՛ տխրիր․․․

77 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Մի տխրիր

Բեր, մոտ բեր, իմ ընկեր, դիր մոտիկ բաժակդ, Դու օղի չես սիրում, ես գիտեմ ճաշակդ, Ինչ արած, ես էլ այն չեմ սիրում, սակայն թունդ Օղին է, որ կտա այս պահին ինձ հագուրդ։

Ու հիմա պիտ հարբեմ։ Ես հարբել եմ ուզում։ Դու գիտե՞ս, ասում են ինձ խմած չի սազում, Ինձ խմած չի սազում, իսկ հարբա՞ծ․․․չգիտեմ։ Դեռ հարբած չեմ եղել ու այսօր պիտ հարբեմ։

Բեր, մոտ բեր բաժակդ, մի ծածկիր այն ձեռքով, Ասում են, թե ծառը գեղեցիկ է բերքով, Այնպես որ դիր մոտիկ, չես ուզո՞ւմ՝ մի խմիր։ Դու միայն բարձրացրու բաժակդ ու խփիր։

Դու խփիր բաժակդ բաժակիս, որ զնգա, Ու զգամ, որ համայն աշխարհում մեկը կա, Կա մեկը, որ մենակ չի թողնի ինձ երբեք, Եվ թեկուզ չգիտի նա հարբել ու երգել,

Բայց գիտի բաժակը բարձրացնել ու խփել, Ջերմ ժպտալ նա գիտի, աչքերով չափչփել։ Չի խմում, բայց միայն հարգելի պատճառով, Լուռ ժպտում է անկեղծ, կեղծավոր չի ճառում։

Բե՛ր, մոտ բեր իմ ընկեր, դի՛ր, մոտ դիր բաժակդ, Դու խմել չես սիրում, ես գիտեմ ճաշակդ, Խմիչքի արժեքը վաճառողը գիտի, Խմողը աչքը փակ վճարի միշտ պիտի․․․

Թե կուզե՞ս մի փոքրիկ պատմություն պատմեմ քեզ, Ուզո՞ւմ ես։ Դե լսիր։ Ասում են աներես Մի ստրուկ ուզում էր, որ լիներ տիրակալ Ու անթիվ ստրուկներ ունենար սեփական։

Տխրում ես։ Մի տխրիր ու ժպտա ինձ նորեն։ Չես օգնի՞ բարձրացնեմ այս շիշն անօրեն․․․ Գրողի տարածը թեթև էր, բայց անցավ, Ու որքան դատարկվեց ավելի ծանրացավ․․․

Չես օգնո՞ւմ… քո գործն է, չես ուզո՞ւմ՝ մի օգնի․․․ Այ ասա, ամենաթունդ օղի՞ն՝ մեկ շիշ լի, Թե՞ արցունքն է մեկ շիշ ծանր էլ առավել․․․ Չէ, պետք չէ, մի ասա, չեմ ուզում պառավել։

Ես գիտեմ, ամեն ինչ դու գիտես։ Չստե՛ս, Ճիշտն ասա, ասա, որ ամեն ինչ դու գիտես։ Քո համար բարդ հարցեր չեն եղել ու չկան, Բարդագույն հարցերին ունես պարզ պատասխան։

Իմ կյանքում ամեն ինչ խրթին է ու շատ բարդ։ Այ ասենք, օրինակ, որքան է կշռում մարդ Նախքան լավ հարբելը ու հետո հարբելուց․․․ Չէ՜, բարդ է ու դժվար սա բոլոր հարցերից,

Բեր, մոտ բեր բաժակդ, բաժակդ բեր խփենք, Բաժակդ բեր խփենք, ես ուզում եմ խմել, Գուցե թե այս մեկը վերջապես հարբեցնի, Ու ամեն ինչ գնա՜, ու ամեն ինչ անցնի՜։

Իսկ գուցե ես արդեն հարբած եմ, չես ասի՞, Հարբած եմ, բայց ասենք, չգիտեմ այդ մասին․․․ Չգիտե՞ս, մենք այսօր կգնա՞նք արդյոք տուն, Թե՞ պիտի գիշերենք միասին ու արթուն։

Դատարկ է գիշերն այս, այս շշի պես դատարկ, Ու դու էլ դատարկ էս։ Չէ, կատակ էր, կատակ։ Ինչպես դու կասեիր, «չար կատակ», մի նեղվիր, Հոնքերդ մի կիտիր, շուրթերդ մի սեղմիր։

Պարզապես խոր շնչիր ու ամեն ինչ կանցնի։ Հարբածի խոսքերը նման են բութ կացնի, Չի կտրում, չի կտրում, ու մեկ էլ հանկարծ, հոպ, Կամ ձեռքդ տեղում չէ, կամ ոտքդ արյունոտ։

Դու կերե՞լ ես շան միս... Չես կերե՞լ․․․ Իսկ մարդու՞․․․ Իսկ կերե՞լ ես ծովի հատակում եփած ձուկ․․․ Դու ծովում չես եղե՞լ։ Օ՜, ափսոս, շատ ափսոս։ Իսկ գիտե՞ս, թե ինչ են հայրենիք ու պաթոս։

Դու դա էլ չգիտե՞ս․․․ Գիշեր է, երևի, Ու հաստատ կամ շատ ցուրտ, կամ շատ շոգ է էլի։ Ես արդեն շատ վաղուց չեմ տեսել ո՛չ ցերեկ, Ո՛չ նորմալ եղանակ։ Էյ, մի շիշ էլ բերեք…

Չգիտեմ… Չեմ հիշում… Ես հոգնած եմ հիմա։ Չես օգնի բարձրացնենք այս բաժակը հիմար։ …Քե՜զ երկա՜ր, շա՜տ երկա՜ր եմ սպասե՜լ ու թաքու՜ն Արտասվել քեզ համար։ Դու ինչո՞ւ չես երգում։

Չես ուզո՞ւմ, քո գործն է, չես ուզում մի երգի․․․ Իմ արև, իմ լուսին, իմ երկիր, իմ երկինք․․․ Չէ, այդպես մի ասա, ես հարբած չեմ, բնավ, Լացո՞ւմ եմ։ Չեմ լացում, աչքերս են խոնավ․․․

Չէ, ճիշտ է խմել եմ գուցե թե չափից շատ, Բայց բնավ հարբած չեմ։ Հարբած չեմ, դա հաստատ։ Հարբած չեմ… ու քունս… չի տանում…ու չի տա… Իսկ դրսում…. կամ աշուն… կամ շատ շոգ է հիմա…

Մի՛ տխրիր․․․

11.06.2015