Վերադառնալ ընթերցարան

100 · 20.12.2015

Հեքիաթստատուս

101 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Անկեղծ ասած, տարածքում ոչ ոք չէր հավատում, որ Վաղարշակը մեկ միլիարդ մարդ կհավաքի ու երթ կկազմակերպի դեպի պալատ։ Չէին հավատում, որովհետև, չնայած, շատերն էին խառնել իրենց հերթական համարը, բայց բոլորը գիտեին, որ էդ երկրում վաղուց արդեն մեկ միլիարդ մարդ չի մնացել։ Թևպետ, եթե բոլորը գային իրենց ընտանի կենդանիներով, և բոլոր չորքոտանիներին զույգ շունչ հաշվեին, ինչպես ընտրությունների ժամանակ էին անում, գուցե էդ դեպքում լրանար պահանջվող քանակը։ Բայց, քանի որ Վաղարշակը շեշտը դրել էր միայն մարդկանց վրա, հետևաբար, բոլորն էլ այդ հարցում թերահավատ էին։

Վերջապես եկավ «Միլիարդների երթի» նշանակված օրը։ Վաղարշակը հագավ տոնական կոստյումը, դրեց երբեմնի կեղծարարի գլխարկը և դուրս գալով տնից, ուղևորվեց դեպի հանդիպման վայր։ Ամբողջ ճանապարհին մտքի մեջ կրկնում էր մեկ շաբաթից ավելի մշակած տեքստը։ Արհեստավարժ ռեժիսյորի նման պտտեցնում էր գլխի մեջ հավանական բոլոր զարգացումները և մշակում յուրաքանչյուր սցենարի համար նոր մոդելելներ ու տարատեսակ ռազմավարություն։

Բայց որքան մեծ էր նրա զարմանքը, երբ հասնելով նշանակված վայր, չտեսավ այնտեղ ոչ ոքի, բացի պալատի տիրոջից։ — Բարև 06969, — բարևեց պալատի տիրակալը և առանց ձեռնոցը հանելու աջը մեկնեց դեպի Վաղարշակը։ — Բարև, տեր իմ, — հուզված պատասխանեց նա և աջը համբուրելով դրեց ճակատին։ — Ո՞ւր են հապա, այն բոլոր մարդիկ, որ պիտի գային այսօր, ինչպես որ դու էիր խոստացել։ — Ես... ես... ես, տեր իմ, ես եկել եմ բոլորի փոխարեն։ — Ինչպե՞ս թե «բոլորի փոխարեն», — զարմացավ պալատի տերը, — իսկ ո՞ւր են մկները, որ պիտի լինեին քո հետ, ուր են հրեշտակները, որ մարդկային կերպարանք առած պիտի լինեին ձեր շարքերում, ու են բազմահազար անատամ կարմիր գլխարկները։ Ուր են նրանք... — Ես կարծեցի, տեր իմ, որ ինքնուրույն գլուխ կհանեմ, և հրաժարվեցի և մկներից, և հրեշտակների, և անատամ ու ատամնավոր կարմիր գլխարկներից բազմահազար... — Ինչպե՞ս, — պալատի տերը աստիճանաբար կորցնում էր զսպվածությունը, — ինչպե՞ս թե, շարքային 06969, դու ինչպե՞ս ես համարձակվել, չկատարել իմ հրամանը։ Ինչպե՞ս ես համարձակվել շեղվել իմ սցենարից ու դեռ համարձակվել ես միայնակ ներկայանալ այստեղ։ — Ներիր տեր իմ, ներիր ինձ հանուն մեր Հայրենիքի։ — Հայրենիքի՞... ասացիր Հայրենիքի, — պալատի տերը խոժոռեց հոնքերը, մի քանի վայրկյան խորհելուց հետո թափահարեց հսկայական ականջները, ապա դարձավ Վաղարշակին։ — Դու, — ասաց նա, — այսօրվանից սկսած քո մեղքերը կքավես ինքնակամ ծառայելով իմ պալատի ցանկապատին։

Վաղարշակն ինքն էլ չէր հավատում նրան, որ մեկ միլիարդ մարդ կհավաքվի երթի համար, բայց իր պատկերացրած ոչ մի սցենարով իր համար այդքան լավ չէր ավարտվում այս պատմությունը, քան այն եղավ իրականում։

Վաղարշակը Հեքիաթստատուս

20.12.2015