Վերադառնալ ընթերցարան

109 · 03.02.2016

Էրեբունի - Էրևան 3053

110 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Սիրելի հյուրեր, մենք հիմա գտնվում ենք Ազատիչի հրապարակում։ Ձախից դուք տեսնում եք հայ ազգի մեծանուն ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի, իսկ աջից հայ ազգի մեծ կեսար Ալեկսանդր Սարգսյանի արձանը։

Այս գեղեցիկ շենքը, որ տեսնում եք արձանների թիկունքում կոչվում է Օպերների և կարդաբալետի ապազգային ակադեմիական թաԴրոն։ Այն, ինչպես նկատեցիք, ամբողջ պարագծով շրջապատված է գեղեցիկ Ջազվե սրճարանով։ Ասեմ, որ նախկինում այստեղ անիմաստ ծառեր էին։

Սիրելիներս, իսկ այժմ մենք գտնվում ենք Օպերների շենքի հյուսիսային կողմում։ Ահա այստեղ Օպերների շենքի և ՀՀ վաստակավոր երգիչ-երգահան Սպիտակցի Հայկոյի պողոտայի միջև վեր է խոյանում Խաչատրյանի՝ բազմաչարչար հարկահան-գործարար Գագիկ Խաչատրյանի արձանը։

Մեզանից ձախ ձգվում է Աշոտյանի, նախկին Մաշտոցի, պողոտան։ Նրա հետ հատվող, մեկ այլ պողոտա, որ նախկինում կոչվում էր Բաղրամյանի անվան, մենք վերանվանել ենք և հիմա արդարացիորեն կոչվում է Բեգլարյանի անվան պողոտա։

Խնդրում եմ ուշադիր եղեք։ Մեզանից ձախ ձգվում է Աշոտյանի, նախկինում՝ Մաշտոցի պողոտան։ Նրա հետ հատվող, մյուս պողոտան, նախկինում կոչվում էր Բաղրամյանի անվան, մեր նալնիները վերանվանել են այն, և հիմա արդարացիորեն կոչվում է Բեգլարյանի անվան պողոտա։

Ավելորդ չի լինի նշել, որ այս պողոտայի վրա են գտնվում մեր երկրի կարևորագույն շինությունները։ Բայց նախքան դրանց անդրադառնալը նայեք աջ։ Սա «Էլեկտրիկ Երևան» հուշահամալիրն է՝ նվիրված հեռավոր 2015 թ․, այստեղ տեղի ունեցած ճակատամարտի հիշատակին։ Հուշահամալիրի կենտրոնում՝ ջրցանի դեմ-դիմաց դուք տեսնում եք այն ժամանակների հերոս, ակտիվիստ Լևոն Զաքարյանին իր պլանշետներով և սմարթֆոններով զինված ազատատենչ ընկերների հետ։

Ահա և կարևոր շինությունները։ Ձախից դուք տեսնում եք Ազգային Շուխուռի շենքը։ Այն՝ ինչպես գիտեք, հայտնի է իր բազմաթիվ շուխուռչիներով։ Որոնցից առավել հայտնի է Գալուստ Սահակյանը։ Ահա նրա արձանը։ Դա չէ, այս մեկը, այն որ նայում է մերկ կնոջ արձանին և չի տեսնում նրա մերկությունը։ Իսկ ինչո՞ւ չի տեսնում, գիտե՞ք։

Բանն այն է, սիրելի հյուրեր, որ մյուս արձանը, աջից, մերկ կինը, որին նայում է Գալուստ Սահակյանը, երգչուհի-դեպուտատկա Շուշանի արձանն է։ Լեգենդը պատմում է, որ Շուշանը հանեց աչքերը, և նա այդպես էլ չկարողացավ տեսնել Շուշանի մերկությունը։

Արդարության համար ճիշտ կլինի նշել նաև լեգենդի մեկ այլ տարբերակ, ըստ որի Գալուստը տեսել է Շուշանի մերկությունը, բայց չի գայթակղվել, ու դրա պատճառով է, որ Շուշանը հանել նրա աչքերը։ Բայց, պետք է ասեմ, որ այս լեգենդը պատմական հիմքեր չունի, ի տարբերություն առաջինի։

Էրեբունի - Էրևան 3053

03.02.2016