Իմ թշնամի, իմ բարեկամ, իմ հարազատ օտարական, Իմ գերի ու իմ տիրակալ, իմ պատասխան, իմ հարցական, Իմ մեղսակից ու դատավոր, իմ ժխոր ու իմ թանկ անդորր, Մութ անցյալիս վառ կապավոր, իմ տրտմության չքնաղ սափոր։
Դու մթության իմ ուղեկից, իմ հարևան ու իմ դրկից, Սիամական դու իմ եղբայր, հավերժական իմ կողակից, Իմ հույսերի շտեմարան ու իղձերիս թաղման թափոր, Սովորական, արտասովոր, իմ տրտմության չքնաղ սափոր։
Դու իմ դժոխք ու իմ դրախտ, իմ անտակ ձոր ու իմ բարձունք, Դու բախտավոր և իմ անբախտ, չոր աչքերիս անդուլ արցունք, Դու իմ անձրև ու իմ ամպրոպ, դու իմ անչափ ու չափավոր, Դու ձևավոր, բայց և անձև իմ տխրության չքնաղ սափոր։
Դու իմ կարոտ ու իմ թախիծ, իմ քչախոս, իմ լեզվանի, Դու անհագուրդ ու անսպառ, երիտասարդ իմ ծերունի, Իմ հրեշտակ, իմ սատանա, իմ Բեթղեհեմ ու իմ Գոմոր, Իմ դանդալոշ, իմ հաստափոր, իմ տրտմության չքնաղ սափոր։
27.10.2013