Վերադառնալ ընթերցարան

11 · 25.10.2013

Հայ դարձնելու, հայացնելու, հայանալու․․․

11 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ցավ կա իմ մեջ, որ ոչ հող կա շուրջս պարարտ, Ոչ կենսաբեր սնուցող գետ, ոչ հողագործ, Եվ ոչ հունձ կա, ոչ առաջվա բերքը առատ, Քանզի տեր է դարձել դաշտին մշակն անփորձ։

Ահ կա իմ մեջ, թե չեմ դառնա, չեմ կայանա, Կասկած կա մեծ, չլինելու տանջող կասկած, Թե նորաթուխ իմ պարտեզն էլ կամայանա Ու ձեզ նման կթոռոմեմ ես էլ հանկարծ։

Լաց կա իմ մեջ, աղեկտուր, լալահառաչ, Ճիչ կա իմ մեջ, որը պիտի ձեզ ուղարկեմ, Բայց ոչ արցունք կա աչքերիս՝ ինչպես առաջ, Եվ ոչ էլ ձայն, որ ճչամ ու աղաղակեմ։

Ցավ կա իմ մեջ, լուրջ տագնապ կա ու ահազանգ, Սարսափ կա մեծ, թե ձեզ նման ինձ էլ մի օր Պիտի բռնի ոսկու տենդն ու ծարավն անհագ, Ու չի օգնի ինձ էլ ձեզ պես խնդրանք, հորդոր։

Վախ կա իմ մեջ, որ ձեզ նման ես էլ մի օր Պիտի դառնամ օտարատենչ ու փառամոլ, Ու հայրենի հողում, մի օր շատերիդ պես Պիտի ես էլ օտար և հյուր զգամ որպես․․․

․․․ Բայց ոչ, զուր է այս տագնապը ու խաբուսիկ, Ահազանգն էլ նրա նման զուր է, քանզի Իղձ կա իմ մեջ, որ մխրճվել ներսում գանգիս, Ու չի թողնում ես էլ ձեզ պես քնեմ հանգիստ։

Եվ քանի կա իղձերի իղձն իմ սեղմ մտքում, Սով կա իմ մեջ, անհագուրդ սով կայանալու, Սիրո ծով կա ձեր նկատմամբ ու մեծ ձգտում Հայ դարձնելու, հայացնելու, հայանալու․․․

25.10.2013