Կոշիկի լեզուն
(հեքիաթ) Մաս I
Մոլորված քարավանի շուրջը հավաքված Կորած գյուղի բնակիչներից ամեն մեկը իր համար նայում և զմայլվում էր հեռավոր ու անծանոթ աշխարհների իմացած-չիմացած, տարօրինակ, արտասովոր իրերով։ Կանայք հավաքվել էին իրար գլուխ՝ տղամարդկանցից առանձին ու մի քանի սնդուկի ամբողջ եղած չեղածը փռել կանաչ մարգագետնին։
- Աղչի Վարդուշ, բա դու էս սրբիչը նայի, մի տես ինչ լավն է, ինչ փափուկ, հլա մի երեսիդ քսի, տես․․․ - Սիրանո՞ւշ, դուք սրբիչ չունե՞ք․․․ - Ունենք, ո՞նց չունենք, աղչի, բայց արդեն ծակվել է․․․
- Ծակվել է՝ կարկատի... Հեսա էս մարդը էս իրա կովերին կքշի կգնա։ Դու սրբիչ առնո՞ղ ես, որ սրբիչ էս նայում․․․Դու էս լիպչիկը նայի, տես հլա, ուղիղ իմ չափերով է, չէ՞ Հայկանուշ։
- Վարդուշ աղջիկ, Հայկանուշը դոշ ունի, որ լիպչիկից բան հասկանա։ Դու ինձ հարցրու․․․Համ էլ էսքան մարդու մոտ հերիք է վրադ պահես, ամոթ է։ Էն քարվանի տերն էլ, երեևի չգիտի, որ դու մեր գյուղի նախագահի կնիկն ես, աչքը քեզանից չի կտրում․․․ հիմի մինչև հընդստան քո դոշերի լեգենդը կհասնի․․․
Ու բոլոր կանայք՝ բացի Հայկանուշից, քահ-քահ ծիծաղեցին...
- Այ լրբե՞ր,- ասաց սրտնեղած Հայկանուշը,- կարող է դոշերս փոքր են, բայց ձեր չափ հաստատ հիմար չեմ ու անհասկացող։ Էն մարդը հազար անգամ ասաց, որ էս կենդանիներին «ջուխտ» են ասում, դուք էլի կովի տեղ եք դնում։
- Հայկանուշ, ջուխտը ոռիդ թշերն են։ Սրանց ուղտ են ասում, ուղտ․․․ Ու այս անգամ Հայկանուշն էլ չկարողանալով զսպել իրեն, իր զիլ ծիծաղը խառնեց կանանց բարձր քրքիջին, որ արձագանքելով ձորն ի վար գետի հետ սարահարթից ընկավ անդունդից ցած։
Մաս II
- Պատիվ ունեմ՝ Կորածի Գլավնի Բրիգադիր Տիգրան Վաղինակիչ ու գրելիս պարտադիր գլխատառերը մեծատառ,- անծանոթի ձեռքը պինդ սեղմելով, այսպես՝ կյանքում առաջին անգամ առիթ ունեցավ ներկայացնել ինքն իրեն, իր երազած ձևով, Բրիգադիր Տիգրանը, որը ամբողջ կյանքում, կարելի է ասել, երազել էր այս պահի մասին։ Կյանքում հանդիպած առաջին և միակ անծանոթի հայտնվելու մասին լուրը ստանալուն պես, նա նախագահի հրահանգով շտապել էր «դեպքի վայր» կատարելու իրեն վերապահված շատ պատասխանատու հրահանգը։ - Ես, - հպարտ արտասանեց նա, միաժամանակ անծանոթին թևանցուկ անելով ու քայլերն ուղղելով դեպի գետը, - մեր գյուղի նախագահի աջ ձեռքն եմ։ Կորածի նախագահ՝ Մեծատառով Նախագահ Ազատի որդի Վալոդը, - շարունակեց Տիգրանը, - հասարակ մարդ չէ։ Դեռևս Վալոդի պապ Վալոդն է եղել մեր գյուղի նախագահ, այնուհետև հայրը ու այսօր էլ Վալոդ Ազատիչն է շուրջ 15 տարի փառքով ու պատվով շարունակում կատարել իրենց ընտանիքի վրա դրված ծանր պարտականությունը։ Նրա շնորհիվ գյուղը զարգացել ու բարգավաճել է այնպես, որ մեծերի ասած «Նիկոլի ժամանակներում էլ այդպես չի եղել»։ Բավական է միայն նշել գյուղամեջի անմար խարույկի տարածքը, որ այսօր երկու անգամ ավելին է, քան երբ երիտասարդ պապ Վալոդը ստանձնեց գյուղի ղեկավարությունը։ Բա, գյուղի միակ աղբյուրը։ Դեռևս Մեծատառով Նախագահ Ազատ Վալոդիչի օրոք մշակած անտառպահպանման ծրագրի շրջանակներում հայտարարված «աղբյուրի շրջակա տարածքը՝ որպես հատուկ պահպանման գոտի» միջոցառումը, հնարավորություն տվեց գարնանային ձնհալոցի հաշվին աղբյուրի ջրառատությունը կրկնապատկելու։ Դա էլ իր հերթին թույլ տվեց, որ շուրջ 20 տարի գյուղացիները նախագահին մեկ դույլ աղբյուրի ջրի համար նախկին 1,5 ձվի փոխարեն վճարեն ընդամենը մեկ ձու ու մեկ բուռ ցորեն։
Տիգրանը չէր խաբում, երբ ասում էր, որ ինքը Ազատիչի աջ ձեռքն է։ Ճիշտ է՝ եղել էին դեպքեր, որ նա չէր արդարացրել Վալոդի հույսերը, բայց և այնպես, այսօր Տիգրանը՝ Նախագահի եղբոր ու փեսայի հետ (աղջկա ամուսնու), այն եզակի մարդկանցից էր, որոնց Ազատիչը ինչ-որ չափով վստահում էր։
Շարունակելի
15.12.2013