Վերադառնալ ընթերցարան

18 · 07.01.2014

Իմ սիրու սիրտն եմ ես գերել

18 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Հայրենիքը

Մի հայրենիք չուներ պապս՝ այլ բազում, Որոնց մասին օր ու գիշեր երազում, Քթի տակ լուռ փնթփնթում էր, փսփսում՝ Վան ու Էրզրում, Ղարս, Արդահան, Մուշ, Սասուն։

Մի օր ասի․- Ի՞նչ ես փնտրում շարունակ, Ասա՛, կուզե՞ս պառկեմ նայեմ թախտի տակ։ Լաո․- ասաց,- հայրենիքն եմ կորցուցել, Հինը կորավ, նորը չեղավ կառուցել։

Տանը լիներ, բակում լիներ, մառանում, Նախորդ օրվա իր կերածը մոռանում, Բայց Էրգիրն ու Հայրենիքը միշտ մտքին Քայլում էր ու փնտրում աչքը երկնքին։

Մի հայրենիք չունի թոռս՝ այլ բազում, Ծնված օրից մեկում ապրում, բզբզում, Բայց իր գործով եղածը չի ափսոսում՝ Մտքին, Սասուն, Ղարս, Արդահան, Վան, Էրզրում։

Տանը լինի, բակում լինի, մառանում, Իր ներկայիս հայրենիքը մոռանում, Ծովից ծովն ու Վանա ծովը միշտ մտքին Քայլում է ու փնտրում աչքը երկնքին։

Ոչ պապ եղա, ոչ թոռ եղա հիրավի, Ոչ քաղաքի, ոչ ավանի, ոչ գյուղի Ոչ ճար գտա, ոչ ելք գտա, ոչ ուղի Դարեր ձգվող, դարեր տևող այս դավին։

02․01․2014

Խաղիկ-տաղիկ

Տղա․ Շրջել եմ սարերը կանաչ, Քաղել եմ նարգիզ ու կակաչ, Իմ սիրուն ծաղիկ եմ բերել Իմ սիրու սիրտն եմ ես գերել։

Աղջիկ․ Հասել եմ ժայռերի տակը, Գտել եմ աղբյուրի ակը, Իմ սիրուն պաղ ջուր եմ բերել, Իմ սիրու սիրտն եմ ես գերել։

Կրկներգ՝ միասին․ Իմ սերը սերն է իմ միակ, Իմ սիրուն սիրում շարունակ, Իմ սիրուն իմ սերն եմ բերել, Իմ սիրու սիրտն եմ ես գերել։

Տղա․ Ընկել եմ սարեր ու ձորեր, Բռնել եմ կաքավ ու լորեր, Իմ սիրուն իմ որսն եմ բերել, Իմ սիրու սիրտն եմ ես գերել։

Աղջիկ․ Կթել եմ մեր կովը Մալաք, Հարել եմ խնոցու կարագ, Իմ սիրուն ես թան եմ բերել, Իմ սիրու սիրտն եմ ես գերել։

Կրկներգ՝ միասին․ Իմ սերը սերն է իմ միակ, Իմ սիրուն սիրում շարունակ, Իմ սիրուն իմ սերն եմ բերել, Իմ սիրու սիրտն եմ ես գերել։

Տղա․ Առել եմ դափ ու քամանչա, Գովել եմ սերն իմ սևաչյա, Իմ սիրուն իմ երգն եմ բերել, Իմ սիրու սիրտն եմ ես գերել։

Աղջիկ․ Առել եմ իլիկ, ճախարակ, Մանել եմ նրբին ու բարակ, Իմ սիրուն գուլպա եմ բերել, Իմ սիրու սիրտն եմ ես գերել։

Կրկներգ՝ միասին․ Իմ սերը սերն է իմ միակ, Իմ սիրուն սիրում շարունակ, Իմ սիրուն իմ սերն եմ բերել, Իմ սիրու սիրտն եմ ես գերել։

07.01.2014