Կար չկար մի Տեղ կար։ Էդ Տեղում կային երեք եղբայր՝ Յաշիկը, Սաշիկը, Փաշիկը։ Սրանք երեքն էլ մեկը մեկից ապիկար, մեկը մեկից անշնորհք էին, ու քանի որ ձեռներից ոչ մի արհեստ չէր գալիս, իրենց օրվա հացը վաստակում էին կոլխոզի Անտառապահից թաքուն մոտիկ անտառներից մոշ ու զկեռ գողանալ-վաճառելով։
Մի անգամ էլ, երբ նրանք հերթական անգամ գնացին մոշի, էնպես պատահեց, որ տունդարձի արահետը կորցրեցին ու մոլորվեցին թավ անտառում։ Շատ էին մոլորվել, թե քիչ՝ թողնենք պատմաբանների գնահատականին, միայն ասենք, որ մութը ընկնելու հետ հասան մի բացատի, որի կենտրոնում հսկա երեքհարյուրամյա Կաղնու ծառ էր աճում։ Եղբայրները խորհրդակցեցին ու որոշեցին գիշերը լուսացնել Կաղնու վրա, որպեսզի խավարի մեջ գելուգազանի բաժին չդառնան։
Շատ էին քնել, թե քիչ կարևոր չի, մեկ էլ, գիշերվա մի ժամին խոսակցության ձայներ լսեցին։ Լիալուսնի պայծառ լույսի տակ տեսան, թե ինչպես Անտառից Բացատով դեպի Կաղնու ծառն են գալիս Միաչքանի Առյուծն ու Ծուռբերան Օձը։ Երբ Առյուծն ու Օձը հասան ծառին եղբայրները կարողացան լսել նրանց խոսակցությունը, ու պարզ դարձավ, որ Օձը համոզում է Առյուծին, որպեսզի վերջինս կենդանիների թագավորի պաշտոնը փոխանցի իրեն։ - Դու, - ասում էր Օձը, - արդեն պապիկ ես, Առյուծ արքա։ Արի կլինի՞, ես լինեմ թագավոր ու քեզ էլ թագավորի կյանքից լավ կյանք ապահովեմ։ - Բայց դու նույնիսկ «Մռունչ մերը» չգիտես, - փորձեց հակադարձել Առյուծը։ - Դու ինձ թենց բաներ մի հարցնիլ, ես ինչ որ պետք ա գիտեմ, - սրտնեղեց Օձը։
- Դու, Օձ եղբայր, ինձանից հետո, իհարկե, անտառի ամենաիմաստունն ես, բայց Գայլի մտքին էլ կա թագավոր դառնալու բուռն ցանկություն ու նա անհամբեր սպասում է իմ հրաժարականին։ - Դու մի անհանգստացիր, թագավորն ապրած կենա, - քմծիծաղեց Օձը, - ես Գայլին կփակեմ Եռալեռան ամրոցում, ու նա այնտեղից չի կարող դուրս գալ։ - Դե, - ժպտաց Առյուծը, - ինչպես իմաստուն Արծիվն էր ասում՝ էնպես ես դեմ տվել, որ չեմ կարող դեմ լինել։ Բայց գիտես, որ վերջին խոսքը այնուամենայնիվ Հյուսիսային Կաղնունն է։
Էդ խոսքի հետ աժդահա Կաղնին սկսեց ճոճվել, ասես մի հուժկու փոթորիկ իրար տվեց նրա դարավոր ճյուղերը, ապա հանդարտվեց ու էսպես խոսեց Կաղնին․ - Здравствуйте, уважаемые։ Ես ուշիուշով հետևում էի ձեր խոսակցությունը, և իհարկե, կասեմ իմ կարծիքը կախված Օձի առաջարկի հետ, բայց նախ, լավ կլիներ որոշեինք, թե ինչ կերպ ենք վարվելու այս երեքի հետ։ Ու Կաղնին ճյուղերը այնպես թափահարեց, որ երեք եղբայրները չկարողացան իրենց պահել ծառին, և հասած տանձի նման երեքն էլ իրար հետևից ընկան ցած՝ ուղիղ Առյուծի ու Օձի մոտ։
- Ես հաճույքով կխժռեի սրանց, - ասաց Առյուծը շրթունքները լպստելով, - բայց քանի որ մենք գտնվում ենք Սուրբ հովտում, իսկ Սուրբ հովտում արյուն թափել չի կարելի, ես առաջարկում եմ՝ թող Ծուռբերանը նրանց կուլ տա։
- Ոչ, - ասաց Օձը, - ինչո՞ւ պիտի ես այս աղբը կուլ տամ։ Թող նրանց Կաղնին իր մոտ պահի, մինչև որ սովամահ լինեն։
- Հարգելիներս, - խոսեց Կաղնին, - նախ ձեզ ինչո՞ւ է թվում, թե ես լեշահոտի կարիք ունեմ, երկրորդ մի մոռացեք, որ այսօր լիալուսին է, իսկ ինչպես գրված է մեր կանոնադրության մեջ, մենք ոչ միայն չենք կարող նրանց վնասել, այլ պարտավոր ենք կատարել Լիալուսնի գիշերը մեզ հյուր եկած ցանկացած օտարականի մեկ ցանկություն և ապահովել նրանց բարեհաջող վերադարձը։ - Բայց չէ որ նրանք լսել են մեր խոսակցությունը, և եթե հիմա կենդանի թողնենք, կարող են բոլորին պատմել, - մտահոգ տրտնջաց Օձը։
- Մի անհանգստացիր, - ասաց Կաղնին, - մենք կկատարենք նրանց ցանկությունները, բայց դրա փոխարեն կառնենք նրանց բանականությունը՝ մասնակիորեն, և հոդաբաշխ խոսելու ունակությունը ամբողջովին։
Կաղնու առաջարկը բոլորի սրտով եղավ ու առավելապես եղբայրների, որովհետև նրանք ըստ էության ոչինչ չէին կորցնում։
- Ո՞վ է ձեզնից կրտսերը՝ թող առաջինը հայտնի իր ցանկությունը, - ասաց Օձը։
- Ես։ Ես եմ կրտսերը, - ասաց Փաշիկը, - և ես հոգնել եմ էս մոշ հավաքելուց, դրա համար էլ ես փեշակ եմ ուզում։ Բայց էնպիսի մի փեշակ, որ բոլորը լսած լինեն, բայց ոչ ոք տեսած չլինի։
- Լավ, - ասաց Առյուծը, - թող քո ուզածը լինի, դու կլինես աստվածաբան։ - Ո՞վ է ձեզնից միջնեկը։
- Ես եմ, - ասաց Սաշիկը, - իմ եղբայրները գիտեն, որ ես միշտ դժվարացել եմ երեքի բաժանել, և երբ մենք երեքով հավաքած մոշի դիմաց գումար էինք վերցնում, ինձ միշտ թվացել է, որ նրանք մեր մեջ բաժանելու ժամանակ ինձ միշտ խաբել են։ Դրա համար, որպեսզի այսուհետև իմ խիղճը հանգիստ լինի, որ ոչ ոք ինձ չի խաբում, ես ցանկանում եմ, որպեսզի նա, ով ինձ հետ գործ ունենա, ստիպված լինի բաժանել իր ունեցածն ինձ հետ միայն երկուսի, և ոչ մի դեպքում ոչ երեքի, ոչ չորսի։
- Լավ, - ասաց Առյուծը, - դու կլինես միսթր Ֆիֆթի փըրՍենթը։ Այսուհետ, ինչին որ դու մատդ դնես՝ կկիսվի։
- Դե, դու մնացիր, - դիմեց Օձը Յաշիկին, - դու ի՞նչ ցանկություն ունես։ Յաշիկը սառած, անթարթ աչքերով ուշադիր նայում էր Օձին, այնպես, որ Օձը ստիպված եղավ աչքերը թարթել ․ - Ինչպես տատս էր ասում, - վերջապես խոսեց Յաշիկը, - եթե չգիտես ինչ ուզես դիմացինից, ապա ուզիր այն՝ ինչ նա քիչ առաջ ուզեց իր դիմացինից։ Էնպես որ, ես ուզում եմ, որ Օձից հետո ես լինեմ թագավորը։
Էստեղ Օձն ու Առյուծը լեզուները կծեցին, բայց Կաղնին ասաց, որ ինքը որպես Բացատի անվտանգության երաշխավոր պարտավոր է կատարել երեք եղբայրների ցանկությունները և կատարեց, դրա դիմաց, ինչպես որ խոստացել էր, առնելով նրանց բանականությունն ու դրա հետ էլ հոդաբաշխ խոսելու ունակությունը։ Այդ Տեղ հեքիաթը կավարտվեր, եթե չհայտնվեր Հազարան Բլղուրը ու երկնքից չընկներ երեք խնձոր՝ երեքը Յաշիկին, մեկուկեսը Սաշիկին, մեկական էլ Փաշիկին։
Հազարան Բլղուր կամ Օրիորդ Գյուլնազի հեքիաթը
01.11.2016