- Այ տղա, Սրապիո՞ն․․․ Սրապիոն տղա, էդպե՞ս ա, հա՞․․․ գալիս շեմքով անցնում ես ու մի հատ տուն չես մտնում, տեսնես, Մարգուշ տոտան ո՞ղջ ա, թե՞ մեռած․․․ Բարև․․․ բարև տղե՜ս, բարև, մեռնեմ քեզ․․․ արի մի ճակատդ պաչեմ․․․ այ տղա, էս ո՞նց ես բոյովացե՜լ․․․
Բայց, դու սրանով չես պրծնելու, Սրապիոն տղա։ Քեզ թվում ա, որ իմ կանչելուց հետո բարեհաճեցիր բակ մտնել, ուրեմն վե՞րջ․․․ սպասի իրիկունը Անդրյուշը գա հնձից, ես քեզ էդ ժամանակ կասեմ․․․ դու դեռ սպասի․․․ դու քո գլխի գալիքի չգիտես․․․ Սրապիոն ջան, դու գյուղում չէիր չէ՞, նոր ես գալիս․․․՞ ․․․ Ես էդպես էլ գիտեի․․․ Երեկ իրիկունն էր, կովը նախրի հետ անտառից չէր եկել։ Փեշերս հավաքեցի, որ գնամ տեսնեմ էդ սատկածը ուր է կորել․․․ էդպես դեպի հանդ գնալուս ճանապարհին եկա հասա գյուղի ծայրի ձեր տանը․․․ սովորականի նման լույս չէր վառվում․․․ ո՞վ վառի․․․ Ախր, կողքի տներում էլ հարևան չկա ապրող, որ գոնե նրանցից մեկը գար իրիկունները լույսը վառ պահեր․․․Բոլորը գնացին․․․ ․․․Դու Զաբելի թաղմանն էլ չկայիր․․․ չկայիր չէ՞, Սրապիոն ջան․․․ չէ չկայիր․․․ քեզ չտեսա․․․ Ասացին, որ արտասահմանում ես, շատ ես ուզեցել գաս, բայց չես կարողացել․․․
․․․Զաբելս քեզ շատ էր հավանում․․․ Կներես․․․ հիմա մի թեթև քամուց էլ աչքերս լցվում են․․․ այ տղա էս ի՞նչ հարուստի թաշկինակ է․․․ չէ պետք չի, որդի, ես գոգնոցիս ծայրով կսրբեմ․․․ քեզ շատ էր հավանում Զաբելս․․․ Մամ, ասում էր, մեր դասարանում Սրապիոնի պես սովորող չկա․․․ ․․․Բայց դե, որ ինքը չասեր՝ ես չգիտե՞ի․․․ Սրապիոն ջան, տղե՛ս, դու կհիշես, չէ՞, դպրոցի վառարանները ես էի վառում․․․ Առավոտ շուտ․․․ էնպես, որ գաք դասի՝ չմրսեք․․․ առաջինն էլ միշտ ձեր դասարանինն էի վառում․․․ Ասում էի՝ Զաբելս չմրսի․․․ ․․․Տու՛ր․ էդ թաշկինակը տուր․․․ Չնայած, դե դու որտեղի՞ց հիշես․․․ մինչև ձեր գալը, ես արդեն, փայտը բերած էի լինում, վառարանները վառած, սեղանները սրբած․․․ Դուք ինձ դպրոցում ե՞րբ էիք տեսնում, որ հիշեք, կամ չհիշեք․․․
․․․Մինչև անցած տարի էդ գործը ես էի անում։ Բայց Զաբելից հետո Անդրյուշը էլ չթողեց․․․ Ասում է, դա քո բանը չի․․․ Ասում է՝ գյուղում ի՞նչ կասեն մարդիկ․․․ ամոթ է․․․ Ես էլ չեմ ուզում․․․ Չեմ ուզում, բայց չեմ կարողանում․․․ Գնում եմ առավոտ շուտ․․․ Հարևան Քնարի հարսն է անում իմ գործը․․․ Գնում եմ նրան եմ օգնում․․․ Տե՛ս, էլի էդ էրեխու անունը մոռացա․․․ էդ Քնարի հարսի էլի․․․ ի՞նչ էր․․․ ախչի․․․ Է․․․ «է»-ով էր սկսվում անունը․․․ հա․․․ Հեղինե, Հեղինե․․․ հիշեցի․․․ ես իրան միշտ Զաբել եմ ասում․․․ խեղճը արդեն հարմարվել է․․․ մոռանում եմ, էլ միտքս էն չի Սրապիոն ջան․․․
Այ տղա, չես ասում, էս կինը հա խոսում ու խոսում է, բա ճանապարհից ես գալիս է․․․ մի ներս անցի․․․ արագ․․․ արագ․․․ յալլա․․․ ներս անցի մի կտոր հաց սարքեմ կեր, մինչև հրես Անդրյուշը կգա, միասին կնստենք իրիկնահացի․․․ լավ տնական ունեմ․․․ հոնի․․․ էն քո սիրածից։
Վայ, այ տղա, գիտե՞ս ինչ հիշեցի․․․ Հիշո՞ւմ ես, որ գնացել էինք հոն հավաքելու․․․ էս վերևի անտառից։ Հիշո՞ւմ ես, որ բարձրացար հոնի ծառին, հետո, ինչ եղավ չիմացա, մեկ էլ տեսնեմ, որ Սրապիոնս ծառից գլխիվայր կախված է․․․ այ տղա, ինչ վախացնել, վախացրեցիր, Սրապիոն ջան․․․ Ես ասի՝ Աստված ջան, երեսս ոտիդ տակ, էս երեխուն մի բան չպատահի․․․ ես քո մոր ձեռից չէի պրծնի։ Հետո, երբ Զաբելի հետ եկանք մոտ ու տեսանք, որ հոնի ճյուղերի մեջ խճճվել ու կախվել ես․․․ վայ Սրապիոն, էդ ինչքան ծիծաղեցինք էդ օրը․․․ այ տղա չէի հավատում, որ մտածված չես արել․․․ Զաբելն էլ չէր հավատում․․․ Ասում էր՝ մամ հաստատ մտածված ա արել, որ մեզ վախեցնի․․․ հեյ գիտի, ինչ օրեր էին․․․ էդ օրը մեր Ծաղիկ կովը գելերոց եղավ․․․ Երանի էդ օրվան․․․
Կորածի օրագիր Մարգուշն ու Անդրյուշը
04.11.2016