Վերադառնալ ընթերցարան

219 · 08.02.2017

Սանամին

220 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Վերին գաղափար է, երբ որ այդ մասին գաղափար ես կազմում, Ընթացքից, ու անցքի՝ անցածի, քայլերի, շարժի Փորձերն ու ելքերը բազում Բերում են ելման մի կետի՝ վերջակետ դնել դեռ չարժի։

Սանահին (սանանոր), Սանասար․․․ Սանամը իջնում է ձորը, Բացարձակ բոլորին հավասար Հասնում է Սանամի ծորը։ Սանամը տխուր չէ, ուրախ չէ, Սանամը հոգնել է ձորում, Գլուխը հանդարտ օրորում, Կանչում է. - Հոգնել եմ, էլ դժվար կարենամ․․․ Բան չկա, վաղն իջեք ձորը․․․ վաղը կտամ․․․ Ու մեկ էլ՝ հարևան, բարեկամ՝ Ոռներիդ հետևը գցած, մի բերեք՝ ձեզ պահեք ձեր կարմիր խնձորը։ Ձեզ տեսած պահեք, տեսած․․․

Վերին գաղափար է Սանամը, Սանամի ամեն մի համբույրը Տարերք է, պոռթկում է, պոկում է մկան։ Սանամը և հյուր է, Եվ հարս է, և քույր է, և համր է, և կույր է, և սուրբ է․․․ Կլոր են Աչքերը ձկան։ Սանամը խեղճ է, տկլոր է․․․

Դեբեդը խշշում է։ Շիրիմին սոճի է աճել։ Սանամը մոշի պես սոճենուց կառչել, Ձգտում է արևի, լույսի։ Փռվել է բոլոր կողմերով, Բոլորի ուղղությամբ, բոլորի առաջ․․․

Նա եկավ հողմերով, Ու գնաց հողմերին ընդառաջ, Մոշենու մի կյանքով, Լքված գերեզմանի ճաղերի արանքով՝ Եվ փշով, Եվ մոշով։

Վերին գաղափար է, երբ որ ընթացքից գաղափար ես կազմում, Ընթացքից գնացքի ու անցքի՝ անցածի, քայլերի, շարժի Փորձերն ու ելքերը բազում Բերում են ելման մի կետի, մի ցնցման, մի երկրաշարժի։ Արժի․․․

Լուսադեմ։ Դեբեդի քրքիջ ու փոքրիկ Սանահին կայարան։ Հեղեղ, ամպրոպ, փոթորիկ․․․ Սանամին սրբերը տարան։

Սանահին Սանամին

08.02.2017