Վերադառնալ ընթերցարան

314 · 08.02.2018

Բանգլադեշից Բանգլադեշ

315 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Երեկ պատահաբար ծանոթացա մի 33 տարեկան երիտասարդ ուկրաինացու՝ Դիմայի հետ։ Շիկահեր, գանգուր մազերով, կապույտ աչքերով, փարթամ երիտասարդ։ Ամուսնացած չի։ Մայր ունի ու մի եղբայրը։ Աշխատել է Աֆրիկայի, Ասիայի տարբեր երկրներում։ Այս պահին եղբայրը աշխատում է Պարսկաստանում, իսկ ինքը Նորվեգիայում, որտեղից երկու ամսով վերադարձել է Ուկրաինա՝ իր հարազատ քաղաքում արձակուրդը մոր հետ անցկացնելու։

Ծանոթության հենց սկզբից՝ երբ իմացավ, որ հայ եմ, շատ ուրախացավ։ Ասաց, որ շատ հարգում ու սիրում է հայերին։ Որ չնայած իր հայրը՝ ում ինքը մի քանի անգամ է տեսել կյանքում, Աբխազիայից է ու ինքը ըստ էության կեսով չափ ուկրաինացի է, կեսով չափ աբխազ կամ վրացի (հաստատ չգիտեր, բայց հայրը խոսել է վրացերեն), այնուամենայնիվ ինքը ավելի շատ հայերին է սիրում, քան վրացիներին (ու ծիծաղեց)։ Ծանոթ է Հայաստանի պատմության որոշ իրադարձությունների՝ քրիստոնեության ընդունում, Տիգրան Մեծ, ցեղասպանություն։ Թուրքերին տանել չի կարողանում։ Գիտի, որ «յան»-ով վերջացող ազգանունները հայկական են։ - Բայց կան որոշ բացառություններ, օրինակ՝ Դարտանյան, Ինապլանետյան, Աբիզյան․․․ Սարկիսյան․․․, - կատակեց նա։ - Փաստորեն, -ասացի ես, - դու էլ էս գտնում, որ մեր նախագահը՝ իր վարած հակահայկական քաղաքականությամբ չի կարող հայ լինել, -ու մենք ծիծաղեցինք։ - Չէ, - ասաց, - ես չգիտեմ՝ ով է նա։ Բայց ես լսել եմ, որ առաջին հայերը, եղել են շիկահեր, կապուտաչ․․․ իմ նման, - ու քահ-քահ ծիծաղեց, - բայց ինձ բոլորն ասում են, որ ես ավելի շատ Նորվեգացու եմ նման։

Պատմեց, որ ուսանողական տարիներին հայրը ծանոթացել է մոր հետ, ծնվել է ինքը, բայց քանի որ հոր ծնողները կտրականապես դեմ են եղել ամուսնությանը, մայրը մնացել է Ուկրաինայում ու ինքը գրվել է մոր ազգանունով։ Հայրը գնացել-եկել է մոր մոտ։ Հետո ծնվել է երկրորդ եղբայրը։ Հայրը շուտ է մահացել, ու իրենց մեծացրել է մայրը։ Այդ ամենը պատմում էր խոր թախիծով։

Ասաց, որ մեծ ցանկություն ունի գնալ Վրաստան, գտնել տատին, տեսնել նրան, գրկել․ - Ինչ էլ լինի հարազատ արյուն է, - ասաց նա։ Ես բացատրեցի, որ Աբխազիան վաղուց արդեն Վրաստանի կազմում չի, ու ինքը պիտի Ռուսաստանով գնա, որ գտնի։ - Բայց, - ասացի, - եթե հասցեն ու ազգանունը ասես, գուցե կարողանանք նախքան գնալը ճշտել՝ առհասարակ ողջ է տատդ, թե ոչ։ - Հասցեն մայրս գիտի, - ասաց Դիման, - պետք է իրենից ճշտեմ, բայց ազգանունը գիտեմ՝ Սարկիսյան է։ - Ում, ազգանունը, Դիմա, տատիկի՞դ․․․ - Չէ, հորս․․․ - Դիմա, - ասում եմ, - Սարգսյա՞ն, հաստա՞տ Սարգսյա՞ն․․ - Դե, -ասում է, -կամ Սարգսյան, կամ Սարկիսյան։ Հաստատ չգիտեմ․․․ - Դիմա, դու հայ ես, - ճչացի ես։ Նրա դեմքով թախծոտ ժպիտ անցավ․․․ - Խնդրում եմ, այլևս այդպիսի կատակ չանես, - ասաց նա, - դու հասկացար, որ հայերը իմ թույլ կողմն են, ու հիմա ինձ ձեռք ես առնո՞ւմ․․․տգեղ է․․․ - Լսիր, - ասում եմ ես, - արի, որպեսզի քեզ երկար-բարակ չբացատրեմ ու չհամոզեմ, եկ հենց առաջին պատահած մարդուն հարցնենք, թե ինչակա՞ն ազգանուն է «Սարկիսյանը»։ Նա առանց ակնթարթ կորցնելու շրջվեց ու հանդիպակաց եկող տարեց մի մարդու ուկրաիներեն հարցրեց, թե «Սարկիսյան» ազգանունը կրողը, ի՞նչ ազգության կարող է լինել։ Պապիկը զարմացած նայեց մեզ, երևի ուզում էր հասկանալ կատակ ենք անում, թե լուրջ է, և տեսնելով մեր հարցական-սպասողական հայացքները ասաց․ - Դե, դա հայկական ազգանուն է․․․ Չէր հասցրել ծերունին վերջացնել խոսքը, երբ Դիման նրան գրկեց, սկսեց համբուրել ու լացել․․․ - Շնորհակալ եմ, հայրիկ, շնորհակալ եմ․․․ շատ շնորհակալ եմ․․․ շատ․․․ Հետո բաց թողեց շշմած պապիկին ու ինձ գրկեց, պինդ սեղմեց գրկին․ - Դու, -ասաց նա, - իմ եղբայրն ես․․․եղբա՛յր․․․ես հայ եմ․․․ ես հայ եմ․․․ ե՜ս հա՜յ ե՜մ, - ամբողջ փողոցով մեկ գոռում էր նա, -․․․ ու դու իմ եղբայրն ես․․․ - Գնացինք ծնունդդ նշելու․․․

09․02․14

Թաղերի մեջ Բանգլադեշ, Երկու պառավ, երկու գեշ, Բոլորի հետ մուրացիկ Հերթ են կանգնել զուգ հացի։ - Աղջի՛ Վարդուշ, տնաշեն, Ի՞նչ էս գցել պառաշեն, Թե ես՝ հերթում լավաշի, Ձեռ եմ գցել Շավարշին։ - Այ, կտրվի քո տիպը, Շավոն էնքան քցիպ է՝ Ո՞ւմ կթողնի փորձի, խի, Մոտենա իր գործիքին։ - Ինչի՞, հորդ ողորմի, Դու չես հիշո՞ւմ էն փողին, Որ մեզ տվին՝ հինգ հազար, Շավոն գնաց մի ղազան

Լավաշ առավ բոլորիս։ Դուք չկեչա՞ք, տնովի։ - Ո՞նց չեմ հիշում օրը էդ, Ընտրում էինք թաղապետ։

Բայց դու էլ մի մոռացիր, Որ տաս հազար տվեցին Նախագահի ընտրության՝ Շավոն կորավ անգյուման։ - Հա, հիշում եմ, բա ո՞նց չէ, Շավոն էդ ժամ, էլ որձ չէր, Այլ մի քցիպ մուրացիկ։ - Աղջի, հերթդ տե՛ս չանցնի։

Էսպես ասում-խոսում են, Անտակ, անհուն փոսում էն, Ծիծաղում են կատակում՝ Մաքսիմ Գորկու ՚՚Հատակում՚՚։

Մուրացիկ Մալաթյան Բանգլադեշից Բանգլադեշ

08.02.2018