Վերադառնալ ընթերցարան

31 · 18.11.2014

Անտիգաղջ

32 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ես Ավետն եմ Բարսեղյան, Իմ հետ նստում են սեղան Նախագահ ու վարչապետ, Շուշոն, Նունեն ու Եվան։

Առավոտ, թե երեկո, Գիշերով, թե ցերեկով, Իմ մուսան միշտ հետս է, Երգ եմ գրում բիրիքով։

Մի օր բաղեղ ու աղեղ, Մի օր պղպեղ - մկնդեղ, Հանգերն իրար եմ կցում, Ձոնում երգեր ոսկեգեղ։

Ում, որ ուզեմ կգովեմ, Ում ուզեմ՝ կփնովեմ, Եվ պոետ եմ, և երգիչ, Հիմներ, հիթեր ծնող եմ։

Այ հենց հիմա, ձեռի հետ, Մտմտում եմ մի նոր երգ, Մինչ գրում եմ տողերն այս, Ծնվում է մի նոր օրհներգ։

Օրհներգ Մեր Հայաստան, մեր հայրենիք աստղային, Որ գալիս ես դու հեռավոր անցյալից, Անշրջելի կամոք հզոր հյուսիսի, Միահամուռ կմտնենք մենք Մաքսային։

Կրկներգ Քարի երկիր Հայաստան, Ջրի երկիր Հայաստան, Քեզ ավիրեց թշնամին, Բայց չկոտրեց քո ոգին։

*** Ահա, Աստված է վկա, Հիմնի բառերն արդեն կան, Մնում է, զուտ, որ գտնենք Մի հանճարեղ երգահան,

Նոտավորի, նվագի, Երաժիշտներ հավաքի, Ու TV-ում մեծ շուքով Ծնունդն անենք նոր երգի։

Դե, լավ մնաք, չտխրեք, Մինչ հորինենք մի այլ երգ, Մի նոր հիթ տանք աշխարհին, Ես, Շառլը կամ Թանկյանենք։

Սոֆոկլես

Անտիգաղջ

18.11.2014