Բարև Ձեզ հարգելի քաղաքացիներ, դուք դիտում եք Տիգրան Մուկուչյանի հեղինակային shilashpot vlog-ը, այսօր մենք կսովորենք պատրաստել «Լցոնած քվեատուփ»։ Եվ այսպես, ի՞նչ է անհրաժեշտ այն պատրաստելու համար։
1) մեկ բաժին Գորիսի անարատ մեղրի անվան տակ ընտրությունները կեղծելու մասին քաղաքական վերնախավի որոշում։ Եթե չկա որոշում՝ կարող եք փոխարինել պարզ, չզտված մեկ բաժին քաղաքական կամքի բացակայությամբ 2) մեկ քրեաօլիգարխիկ համակարգ 3) մի քանի անգամ փաթթած Սահմանադրություն 4)Մի քանի կտոր կուսակցություն (կարելի է նաև դաշինքներ) 5)Մի քանի խուրց չորացրած կամ թարմ դիտորդական կազմակերպություններ (ցանկալի է միջազգային) 6) Ձեռքի տակ եղած բոլոր ԶԼՄ ները 7) Բանակը և Ոստիկանությունը ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը. Վերցնում ենք քաղաքական կամքի բացակայությունը, արդար ընտրությունների փոշու մեջ թաթախում ենք և փռում ԶԼՄ ների տակ այնպես, որ արտաքինից ոչինչնչ չերևա։ Ասեմ, որ եթե ԶԼՄները չեն բավականացնում, խյուսը կարող եք անց կացնել թաղային հեղինակությունների մամլիչով։ Միացնում եք լուրերով, թողնում եք որ լա՜վ եփի։ Զուգահեռաբար վերցնում ենք քրեաօլիգարխիան, կթում ենք այն և թարմ կթած դրամական միջոցները փռում ենք հասարակության լայն շերտերի վրա այնպես, որ ծածկվի նվազագույնը 60-70%-ը։
Սահմանադրությունը բացում ենք, փռում ենք արևին չորանա, մինչև մենք կվերջացնենք ամբողջ պրոցեսը։ Այն վերջում մեզ պետք կգա Սահմանադրական դատարան դիմելու համար։ Վերցնում ենք կուսակցությունները, բաժանում ենք մանր մասերի և աղացի մեջով անց կացնելուց հետո տապակում ենք սեփական հյութի մեջ։ Եթե աղաց չունեք՝ կարող եք լանգեթի նման ծեծել։ Գործի կեսն արդեն արված է. Հանում եք քաղաքական խոհանոցից քվեարկության սրահը, ըստ ստանդարտի տեղադրում եք ներսում քվեատուփը (որը պիտի լինի թափանցիկ) կողերը շարում եք մեկումեջ միջազգային և տեղական դիտորդները և նշանակված ժամին սկսում եք լցոնումը։ Աշխատեք չգերլցոնեք, բայց եթե տեսնեք, որ լցոնման արդյունքում փրփրում է ու անկառավարելի պրոցես է սկսվում, անմիջապես գործի դրեք ոստիկանությունը և ԱԱԾ-ն, որը հենց սկզբից պիտի լիներ ձեր ձեռքի տակ, բայց ոչ ոք չիմանա դրա մասին։ Եվ այսպես եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ապա առնվազն 5 տարի դուք կարող եք ըմբոշխնել այն թխվածքաբլիթը, որը որոշները անվանում են «իշխանական» կամ «իշխանություն», բայց հին հայկական ձեռագրերում հիշատակվում է որպես «ֆեոդալական», իսկ Մարքսի քաղաքական խմորումների բաղադրատոմսերում՝ «քրեաօլիգարխիկ»։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հաջորդ հաղորդմանը մեր հյուրը կլինի Դավիթ Հարությունյանը և դուք կսովորեք «անկախ դատական համակարգից» պոլի շոր սարքելու երեք ամենաարդյունավետ եղանակները։
ՀՀԿ փարթի վլոգ
27.02.2018