Իհարկե, էլ ուժ չունենք, ներուժ չունենք, լեզու չունենք, ձեռ չունենք՝ լուռ մեռնում ենք, իհարկե․․․ Որովհետև մեկ են առաջն ու հետը, ու ծանր է մեր քարը ինչպես մեր պայքարը։ Իհարկե, հարկե, որ խաչ քաշենք, խաչքար տաշենք համ էլ։ Կամ էլ, ինչ էլ քաշենք վրան՝ կլինի, իսկ, եթե չլինի՝ վրան, քանզի մենք ենք և տակը, և վրան, մենք ենք աննմանը և անկրկնելին, ընտրողը և ընտրյալը, սիրողը և սիրելին, մենք ենք, որ եղել ենք ու մենք ենք, որ կլինենք էլի․․․ Մենք ենք, որ և՛ անցորդ, և՛ տեր ենք անմնացորդ, և անտեր ենք ու ողորմելի։
Մենք ենք, ու մեր քաշածը մերն է, մերն է մեր նախշածը, մեր գինին՝ մեր արյունը, մեր մարմինը՝ մեր հացը, ու վաղուց է որոշված մեր գույնը, մեր տունը, որ մեր արտում է, ու արտը, որ սրտում է մեր, մեր անունը, որ փոխ ենք առել, որ վաճառենք, բայց մոռացել ենք ու մնացել է մեզ որպես պատիժ։ Այնինչ, վաղուց է հայտնի մեր էությունը։ Այնինչ, քոչվորից հողագործ մի քայլ է, և հակռակը։ Այնինչ, այլ է մեր ուղին՝ ուղիղ է, բայց այլ է։ Ուղղակի, էլ ուժ չունենք, որ շարժվենք ու շարժենք այս սայլը։ Քանզի ծանր է մեր քարը, ինչպես որ մեր պայքարը։ Բայց կարևորը՝ որ եղել ենք, կանք և կլինենք․․․
Սյուրարես Գլենդելիս, թե ծանր չէ
03.03.2018