Այսօր Վրաստանից գալիս էի Երևան։ Ապարանում կանգնեցի ջուր խմելու, երկու հոգի մոտեցան թե. - Ախպեր ջան, Երևա՞ն ես գնում - Հա, -պատասխանեցի ու կանխելով հաջորդ հարցը, ասի, -եթե գալիս եք, նստեք, կտանեմ։ Նստեցին, երկուսն էլ հետևի նստատեղին, շարժվեցինք։ Կլինեին 35-40 տարեկան։ Երկուսն էլ ամրակազմ, բարձրահասակ, սափրված, կոկիկ հագնված։ Ես վարում էի մեքենան, ռադիոն երգում էր, բոլորս՝ լուռ լսում։ Քիչ անց նրանցից մեկի հեռախոսին զանգ եկավ ու ես, որպեսզի չխանգարի խոսելուն, ռադիոյի ձայնն իջեցրի։ - Ալո․․․ հա, ախպեր ջան․․․ Չէ, ես հիմա տանը չեմ, Գրիշի հետ Երևան եմ գնում, ցույց կա․․․ «ցույց տամ» չէ, ասում եմ ցույցի, միտինգ․․․ Հա, միտինգի․․․ Չէ, Նիկոլը չի․․․ Եղավ, դե վաղը զանգի՝ կհանդիպենք։ Հաջող․․․
Անջատեց հեռախոսը ու ես էլի բարձրացրեցի երաժշտության ձայնը։ Հեռախոսի մեջ նայեցի ամսաթվին՝ 16.03.2018թ։ Գրողը տանի, ո՞նց էի մոռացել։ Այո, այսօր Արթուրի՝ Հաց բերողի, մահվան տարելիցն է, և «Հանուն Հայաստան Պետության» ճակատը հայտարարել էր Ազատության հրապարակում ցույց անց կացնելու մասին։
Եթե ասեմ, որ հիացած էի այդ տղաներով, նշանակում է, ոչինչ չասել։ Մարդիկ չեն զլացել՝ Ապարանից, առանց մեքենայի, այս անձրևային եղանակին վեր են կացել և գնում են Երևան։ Գնում են, հարգելու մի մարդու հիշատակը, ով ՊՊԾ գնդի գրավման օրերին անորոշության ու հուսալքության հասած ժողովրդի առաջ, վտանգելով իր կյանքը օգնության հասաց դրա կարիքը ունեցողներին։ Հասաց օգնության, ցույց տալով, որ դեռ Մարդը ապրում է մեր մեջ, որ դեռ Մարդկայինը չի մահացել։ Որ դեռ հույս կա, որ մի օր մեր ժողովուրդն էլ կուղղի իր մեջքը, որ դեռ ամեն ինչ անդառնալի կորսված չէ։
Հայելու մեջ նայում էին հետևի նստարանին նստած հայորդիներին և հպարտությունից փքվում։ Այո, Արթուրը չկա, բայց հիմա էլ կորած չի ամեն ինչ։ Ահա, նրա ցանած բարության պտուղները։ Կեցցեք․․․
Իսկ ե՞ս․․․ Ես ի՞նչ էի արել։ Ես, որ պիտի այդ ցույցի առաջին մասնակիցների մեջ լինեի, գուցե ցույցի մասին չհիշեի էլ, եթե ճակատագրի բերումով չհանդիպեի այս տղաներին։ Չէ, իհարկե, բացառված բան է, որ Davit Sanasaryan-ը չզանգեր ու ես չգնայի, բայց և այնպես․․․ չէ, որ ես չէի հիշում․․․
«Չէ, պետք է ծանոթանալ», - մտածեցի ես և հարմար պահի անջատեցի ռադիոընդունիչ։ - Էսօր ցույց կա՞, հա՞, տղեք, - հարցրի ես, փորձելով զրույցի բռնվել։ - Հա, -պատասխանեց նրանցից մեկը ու հայելու մեջ մեր հայացքները հանդիպեցին։ Ես մի տեսակ նախատինք կարդացի նրա աչքերում, կարցես ասում էր. «Այ, էդպես էլ անհոգ, ապրում եք, անհաղորդ մեր՝ ժողովրդի խնդիրներին ու հոգսերին»։ - Ճիշտ է, - փորձեցի արդարանալ ես, - ֆեյսբուքում աչքովս է ընկել։
Էլի լռեցինք։ Զրույցը չստացվեց։ Նայում եմ հայելու մեջ. «Ապարանից են։ Ցույցին են գնում։ Պիտի որ Գոռ Առաքելյանին ճանաչեն», - մտածեցի ու փորձեցի այդ ուղղությամբ զարգացնել խոսակցությունը, «Հնարավոր է, որ վստահություն չեմ ներշնչում, դա է պատճառը, որ զրույցը չի ստացվում»։ - Հաճա՞խ եք գնում ցույցերին, - հարցրի ես - Հա, բա ո՞նց, - ու էլի հայելու մեջ հայացքս բռնեց ու էլի հայացքի մեջ կարդացի. «Չէ, բա՞, ձեր նման ամբողջ օրը Ֆեյսբուքում ստատուս ենք գրում», համարյա բոլոր ցույցերին։ - Վայ ես ձեր ցավը տանեմ, - չկարողացա զսպել հիացմունքս, - բա գործ ունե՞ք ձեռներդ, - հարցրի ցավով, որ կամ աշխատանք չունեն, որ կարողանում են բոլոր ցույցերին գնալ, կամ եթե ունեն աշխատանք, ուրեմն աշխատանքի տեղը խնդիր կունենան։ - Հա, ախպեր, առանց գործի բա ո՞նց կլինի։ Փառք աստծու, գործ ունենք։ - Սեփական գործ է, երևի, - փորձեցի կռահել ես, մտածելով, որ պետականի դեպքում հաստատ խնդիրներ կունենային։ - Չէ, պետական - Բա, ղեկավարությունը ճնշումների չի դիմո՞ւմ, որ գնում եք միտինգներին։ Չեն արգելո՞ւմ, թո՞ղնում են գնաք։ - Է՜, այ ախպեր․․․ո՞նց չեն թողնում․․․ իրենք են ստիպում։ - Այսիքն, ո՞նց «ստիպում»։ Ընդդիմադի՞ր են։ - Չէ, ախպեր, ի՞նչ ընդդիմադիր։ Օմոնում ենք աշխատում՝ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատային ենք։
Նար-Դոս «Չարքաշները»
17.03.2018