Կար-չկար մի տեղ մի Ազգային Ժողովում Շուշան անունով մի կոճակ սեղմող պատգամավոր կար։ Մի անգամ, սովորականի պես, էս Շուշանը պիտի հասներ ԱԺ, որ կոճակ սեղմեր, բայց դուրս գալով փողոց, պարզեց, որ բոլոր ճանապարհները փակ են ու մեքենայով չի կարող հասնել աշխատանքի վայր։ Մի պահ մտքով անցավ ոտքով գնա, բայց նայեց ժամացույցին ու հասկացավ, որ ոտքով էլ չի հասցնի՝ կուշանա, իսկ ուշանալ չէր կարելի, քանի որ այդ օրը պիտի կոճակ սեղմեր իր կուսակցության ղեկավարի վարչապետ դառնալու օգտին։ Շատ տխրեց խեղճ Շուշանը։ Նայեց էս կողմ, նայեց էն կողմ, բայց ոչ մի հետաքրքիր բան, որ կարող էր իրեն էդ պահին օգներ՝ մտքով չանցավ։
Հանկարծ հիշեց կախարդական խոսքերը, որ իրեն սովորեցրել էր Անակնկալներով Լի Կյանքը։ Եվ չնայած զգուշացված էր, որ անհարկի չօգտագործի այդ բառերը, որովհետև կարող էր և փորձանք լինել, առանց երկար բարակ մտածելու արտասանեց
- Օգնիր ինձ ամենակարող տեր, Կիժրես Չիտազա։
Եվ, օ՜ հրաշք, որտեղից որտեղ հայտնվեց մի գազել։ Շուշանը առանց երկար բարակ մտածելու դուռը բացեց, որ նստի, բայց պարզվեց, որ գազելի մեջ լիքը ժողովուրդ կա, ու տեղ չկա նույնիսկ կանգնելու։ Նա երկար չմտածելով, սկսեց անմիջապես համոզել էս մարդկանց, որ իջնեն ու տեղ ազատեն իր համար. - Ժողովուրդ ջան, -ասաց նա, - դուք իջեք՝ ես հասնեմ աշխատավայր՝ չուշանամ, ինչ ուզեք՝ կտամ։
էս գազելի ժողովուրդը շատ ուրախացան, որ լսեցին էս խոսքը։ Սկսեցին ամեն մեկը մի բան ուզել։ Մեկը տաս հազար դրամ ուզեց՝ իջավ։ Մյուսը, թե՝ երգի մեր համար։ Շուշանը երգեց՝ սա էլ իջավ։ Մի մեռած տատի կար դագաղի մեջ, դագաղի վրա գրված «ՀՀԿ տատի», դրա դագաղան իջացրեցին՝ մի փունջ մեխակ դրեց դագաղի մեջ, թե՝ սա էլ իմ կողմից։ Մի կին թե. - Ես ուսուցչուհի եմ, եթե մեր դպրոցի տնօրենին հանես ու ինձ նշանակես՝ կիջնեմ։ - Արդեն տնօրեն ես, - ասաց Շուշանը, ու սա էլ իջավ։ Մի ուրիշը ուզեց, որ տղային բանակից ազատի, մեկը՝ որ ամուսնուն բանտից ազատի, մի ուրիշը, որ խոպանում գործի տեղավորվի։ Էսպես, սրանց ամեն մեկին իր ուզածը խոստացավ անել։ Վերջինն էլ թուշը պաչեց՝ իջավ, թե՝ Ինձ ոչ մի բան պետք չի, դու բանակի համար այնքան շատ տուֆ ես առել, ես էդ բանը չեմ մոռանա։
Էսպես բոլորը իջան՝ Շուշանը նստեց ու դիմեց վարորդին. - Վարպետ, քշի ԱԺ, չմտածես, բոլորի փոխարեն ես կվճարեմ։ Վարորդը, որ տարիքն առած երկար, սպիտակ մորուքով մարդ էր, Շուշանին ոտքից գլուխ չափեց ու ասաց. - Ինձ գումար պետք չի, աղջիկ ջան, ես քեզ էլ, մյուսներին էլ անվճար կտանեմ։ - Անվճարի համար, իհարկե շնորհակալություն, բայց կարծում եմ չենք տեղավորվի, -հակադարձեց Շուշանը։ - Կտեղավորվեք, -ասաց վարորդը, ձեռքը տարավ մի կոճակի, սեղմեց այն ու գազելը սկսեց ակորդեոնի նման երկարել։ Դարձավ կրկնակի մեծ։ Բոլորը էս վարորդին օրհնելով նստեցին ուրախ-ուրախ, դուռը փակեցին ու գազելը շարժվեց։
Մի որոշ ժամանակ հետո, Շուշանը նկատեց, որ էս գազելը լուսամուտ չունի։ Սսկսեց անհանգիստ նայել վարորդի կողմը, ապա դարձավ նրան. - Վարպետ, բա ինչի՞ լուսամուտ չունի ձեր գազելը։ - Օրենքն արգելում է, -ասաց վարորդը։ - Այ քեզ բա՜ն, -զարմանքը չկարողացավ զսպել Շուշանը, - էդ ո՞ր օրենքն է արգելում։ - Դուք եք ընդունել էդ օրենքը, ինձ ես հարցնո՞ւմ, -մի տեսակ վրդովվեց վարորդը, - անձամբ դու էլ կողմ ես քվեարկել։ - Բայց ես չեմ հիշում, որ երբևէ էդպիսի օրենք ընդունած լինեմ։ - է՜, աղջիկ ջան, ախր դու ԱԺ-ում կոճակ սեղմող ես, դու հո օրենք գրող չե՞ս, որ հիշես։
Էստեղ Շուշանն մի տեսակ շփոթվեց։ Փորձեց դիմային հայելու մեջ որսալ սպիտակամորուս վարորդի հայացքը, բայց էնտեղ ոչինչ չերևաց։ Հանկարծ նկատեց, որ գազելի դիմապակին էլ է անթափանց, ու մեքենայից դուրս ոչինչ չի երևում։։ - Լսեք, -փոքր ինչ վախվորած դիմեց նա վարորդին, - բայց ձեր դիմապակին էլ է փակ, դուք ինչպե՞ս եք վարում մեքենան։ - Սրանով, -ասաց վարորդը, ցույց տալով ականջակալը, - գծի տերն ասում է, թե ուր քշեմ, ես էլ քշում եմ։ Ասում է ձեխ պահի, ձախ եմ պահում, ասում է աջ պահի՝ աջ եմ պահում։ - Բայց էդպես, ո՞նց կլինի, չէ, որ կարող եք մարդ գցել մեքենայի տակ, - Շուշանը հուզմունքը չէր կարողանում պահել, - Կարող եք վթարի ենթարկվել վերջապես։ - Այո լինում է։ Էն էլ է լինում, էն էլ էլինում, -հանգիստ պատասխանեց վարորդը, - շատ է լինում։ Լինում է, որ մեքենայի առջևից վազացնելով մինչև Հյուսիսային բևեռ ենք տանում մարդկանց։ - Այսինքն, ո՞նց թե Հյուսիսային բևեռ։ - Էդպես։ էս գազելի տերն էլ էնտեղից է, ոնց որ ձեր տիրոջ տերը։ Ու ոնց դուք եք առանց ոտքի տակ նայելու երկիրը առաջ տանում, ես էլ էդպես էս գազելն եմ վարում։ Բայց մի անհանգստացեք։ Երեսուն տարվա ընթացքում էս գազելի մեջ ոչ մեկին ոչինչ չի եղել։ - Այսինքն, ուզում եք ասել, որ հնարավոր է, որ մենք հիմա ԱԺ չենք գնո՞ւմ։ - Այո, շատ հնարավոր է։ - Հենց հիմա կանգնեք։ Կանգնեք, ես իջնում եմ, -բարկացած, որ իրեն նախօրոք չէին զգուշացրել, բղավեց Շուշանը։
Վարորդը կտրուկ արգելակեց։ Դուռը բացվեց, և Շուշանը քայլ արեց, որ իջնի, բայց տեսնելով, որ հենց դռան առջևից մի ահռելի անդունդ էր սկսում, որի ոչ տակն էր երևում, ոչ էլ վերջը, շփոթված հետ-հետ գնաց. - Դուք լրիվ ցնդե՞լ եք։ Չէ, որ մենք ցանկացած պահի կարող էինք անդունդը գլորվել։ Հենց հիմա հեռացրեք մեքենան այս անդունդի եզրից։ Ես ուզում եմ իջնել։ - Չի լինի, -ասաց վարորդը, - մինչև դուռը չփակեք, մեքենան չի կարող շարժվել տեղից։ - Ինչո՞ւ - Էդպես է։ Էդ օրենքն էլ եք դուք ընդունել։ - Ես հենց հիմա, հակառակ օրենքն եմ ընդունում։ Այսուհետ, կարող եք բաց դռնով ու բաց ապակիներով վարել մեքենան։ - Չի լինի, - օրենքը պիտի վավերացվի, որ այն ուժի մեջ մտնի։ Փակեք դուռը, մենք շարունակում ենք ճանապարհը։ - Ոչ մի դեպքում, -գոռաց Շուշանը, -ես չեմ ուզում անդունդը գլորվել։ - Դուք չեք ուզում, բայց ձեր ընդունած օրենքները դրան են տանում։ Ասաց վարորդը, սեղմեց ձեռքի տակ եղած բազմաթիվ կոճակներից մեկը ու դուռը սկսեց ինքն իրեն փակվել։
Սա տեսնելով բոլոր ուղևորները խառնվեցին իրար։ Սկսեցին բոլորը միասին ու ամեն մեկն առանձին գոռալ վարորդի վրա, թե հենց հիմա արա էնպես, ինչպես Շուշանն է ասում։ Վարորդն էլ, թե. - Հավատացեք, ես հենց էդպես էլ անում եմ։ Ես շարժվում եմ օրենքով, իսկ բոլոր օրենքները ընդունելու համար քվեարկում է Շուշանը։
Ասաց ու ոտքով սեղմելով արագացուցիչ սլացավ դեպի անհայտություն։
Աբուլֆազ Էլչիբեյ Շուշանի կոճակը (հեքիաթ մեծացած փոքրերի համար)
12.04.2018