Վերադառնալ ընթերցարան

348 · 10.06.2018

Սևաստոպոլ

349 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Լինել՝ թեկուզ կյանքի գնով, Թեկուզ մահվան գնով լինել. Աշխարհն անցնի ինքն իր հունով՝ Անդարդ, անցավ, անհոգ - լինել։

Ու ծվարած՝ հոգում խավար, Ինքնամփոփվել, ինքնափակվել, Ոչ ապրելու գինն իմանալ, Ոչ քաջություն՝ մահվան հանդեպ։

«Կյանքն անողոք, կյանքն անխնա…» Կյանքից ծածուկ մեռնել, հառնել, Համր ու անդեմ, որպես մումիա, Որպես հազար տարվա մեռել…

…Նահատակին ի՞նչ աղերսես, Ի՞նչ պահանջես մեռելներից, Ի՞նչ բարբառես, որ քեզ լսեն, Որ ունկ դնեն աղերսներիդ։

Կամ ո՞ր լեզվով աղոթք անես, Որ քո ձայնը նրանց հասնի, Ուխտես Մեքքա՞, Երուսաղե՞մ, Ագռավաքար կան Վարանսի՞։

Թե շունչ չկա, չկա հոգի, Աչքերի մեջ կյանքն է քարել, Մեռելներից կուշտ, անոթի Ի՞նչ կարող ես ակնկալել։

…Ապրել… Ապրել հանուն պատվի, Հանուն կյանքի փառաբանման, Մեռնել՝ արժան մեծարանքի, Հանուն գոյի ու արարման։

10․06․1945 Սևաստոպոլ

10.06.2018