Վերադառնալ ընթերցարան

378 · 28.09.2018

Հակահեղափոխական կրկեսի առաջնորդ

379 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

- Մենք, որպես ընդդիմադիր ուժ, մեր քայլերթը կսկսենք հարավից, նախ որովհետև, ինչպես տատս էր ասում՝ բա էլ որտեղի՞ց, և հետո, մենք չենք ցանկանում կրկնօրինակել ինչ որ մեկ այլ ուժի, այլ ցանկանում ենք անցնել սեփական ճանապարհը։ Քայլերթը կգլխավորեմ անձամբ ես, Տարոնի և Վաչոյի․․․ Վաչագանի ուղեկցությամբ։ Մեր ստրատեգիան շատ պարզ է. Վաչագանը կվարի երթը, Տարոնը կվարի բարձրախոսը, իսկ ես երթի անդամների շրջնում բարձրախոսով կտարածեմ մեր գաղափարները։

Նախատեսում ենք դեկտեմբերի մեկին լինել քաղաքամայր Երևանում և մեծ հանրահավաքով ամբողջացնել մեր պահանջը, իսկ պահանջը, ինչպես գտենք մեկն է, այն է՝ այս ապօրինի իշխանությունը ուզուրպացրած ուժերը, իսկ ավելի կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, պիտի անհապաղ հրաժարական տա։ Մենք չենք հանդուրժի Հայաստանում միակուսակցական համակարգ։ Մեզ պետք չեն նոր բոլշևիկներ, ընկերնե՛ր։

Իսկ այժմ ցանկանում եմ ներկայացնել մեր հիմնը, որը նաև քայլերթ է, որ կոչվում է «Իմ վարգը»։

Մենք գալիս ենք հարավից, Դեպի հյուսիս ենք գնում, Անցած ճամփան մեր անբիծ, Նորից հետ է մեզ բերում։

Նորից հետ է մեզ բերում, Անցած ճամփան մեր անբիծ Կյանքը բեմ է, դերերում Մենք ենք կրկին ու նորից։

Ես եմ, ձիս ու Տարոնը Հարազատ իմ զինակից Վաչոն էլ մեր Չալոն է, Քիթը բարձր, պոչ ցից։

Մենք գալիս ենք հարավից Տակտով դոփում ենք վարգով, Իշխանության ծարավից Ոչ քուն ունենք, ոչ անդորր։

Արմեն, Էդիկ, հիմա բոլորս միասին․․․

Մենք գալիս ենք հարավից, Ձեզ նոր կրկես ենք բերում, Իշխանության ծարավից, Հանդես կգանք նոր դերում։

Սերժ Ազատի Սարգսյան Հակահեղափոխական կրկեսի առաջնորդ

28.09.2018