Վերադառնալ ընթերցարան

37 · 29.11.2014

Փողոցը կլիներ բանուկ

38 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Քաղաքը քնել է կանուխ, Փողոցը թողել ոհմակին, Կաղկանձ ու ոռնոց է ամուլ Մայթերին, մուտքերին, բակին։

Գորտերի հյուսած շարական, Ծանծաղից խնկի է բուրում, Ամեն մի շենքը մի տապան, Գետերը դագաղ են բերում։

Գետերը դագաղ են բերում, Գետերը դանդաղ են հոսում, Ոհմակը ճահիճ է մերում, Գորտերը՝ շարական հյուսում։

Քաղաքը քնել է տաքուկ, Գոցել դուռ ու լուսամուտ, Գուցե թե նա զարթներ թաքուն, Թե չազդվեր հյուսիսի քամուց։

Չլիներ քամին անիծված, Քաղաքը չէր քնի կանուխ, Աշխարհը չէր լինի հյուծված, Փողոցը կլիներ բանուկ։

29.11.2014