Վերադառնալ ընթերցարան

397 · 17.11.2018

Նայսեր-դայսեր

398 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Դուք տեսե՞լ եք Գագիկ Ծառուկյանին աշխատանքի մեջ․․․ չե՞ք տեսել․․․ ուրեմն տեսեք․․․ Գագիկ Ծառուկյան․․․ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած նոր կրիպտոարժույթի մայնինգ ֆերմայի գաղափարական հայր և հիմնադիր։ Սա ուղղակի հրաշք է․․․ դուք երբեք այսպիսի բան չեք տեսնի խանութներում։ «Կոտայք» գարեջրի գործարան, «Մուլտի Լիոն» գազալցակայանների ցանց, մեղվաբուծություն, կարտոֆիլի արտադրություն, «Երևանի Արարատ կոնյակի գինու օղիների կոմբինատ»․․․ այս ամենը աշխատում է Գագիկ Ծառուկյանի հետ, Գագիկ Ծառուկյանի համար․․․ Սպասեք, բայց սա ամենը չէ․ «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիր, «Ար-Բե» Հայ-բելառուսական առևտրային համալիր, «Մուլտի Գրուպ Սթոուն» քարի վերամշակման արտադրամաս, «Մուլտի Վելնես կենտրոն» սպորտային համալիր, և սա ընդամենը երկու տասնամյակում արտաքին պետական պարտքի և չքավության քառապատկման պայմաններում։ Գագիկ Ծառուկյան․․․ դուք նրան կարող եք տեսնել ոչ միայն Կոտայքի մարզում, այլ նաև Բելառուսում՝ կոնյակի գործարանի տեսքով, Դուբայում, որտեղ բոլորդ եղել եք, և իհարկե մեր հեռուստաեթերում։ Գագիկ Ծառուկյան՝ մեր խոսքը փոստ է։ Բայց, սպասեք, սա դեռ ամենը չէ․․․«Փարավոն» հանգստի և ժամանցի համալիր, ավիասնունդ, Առինջ մոլ, Արարատցեմենտ, Կլեոպատրա, Գլոբալ մոթրս։ Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի տիտանական աշխատանք է կատարում ձեր հետ, ձեզ համար Գագիկ Ծառուկյանը։ Զանգահարեք հենց հիմա, ընտրեք Գագիկ Ծառուկյանին և դուք կստանաք նրանից եռապատիկը։ Զանգահարեք հենց հիմա, և մենք կգտնենք ձեզ համոզելու ձևը։ Մի հիշեք մեր հեռախոսահամարը, պարզապես գրեք մեզ և մենք կգտնենք ձեզ համար բարեգործություն կատարելու լավագույն տարբերակը։ Պարզապես, ընտրեք Գագիկ Ծառուկյանին և վերջ։ Կարծում եք վե՞րջ, ոչ, իհարկե, ոչ․․․ հիմա Պետրոսը կբացի մեզ Գագիկ Ծառուկյանի հաջողության բանաձևը։ - Բարև Պետրոս - Բարև ձեզ - Դուք նախկինում լսե՞լ էիք Գագիկ Ծառուկյանի մասին։ - Օ, ոչ, ի՞նչ եք ասում։ Ես նախկինում երբեք չէի լսել Գագիկ Ծառուկյանի մասին և երբ ես իմացա նրա մասին՝ ես պարզապես ապշել էի։ Ես չէի հավատում իմ աչքերին։ Այդ ամենը ինձ մի հեքիաթ էր թվում։ - Տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, թե ինչպես է ներգործում Գագիկ Ծառուկյանը։ Դուք պարզապես պարտավոր եք ընտրել նրան։ Դուք պարզապես իրավունք չունեք նրան անտեսելու։ Մի հիշեք մեր հեռախոսահամարը, պարզապես գրեք մեզ։ Գրեք և մենք կգտնենք օրինական ճանապարհով ձեզ ընտրակաշառք տալու եղանակը։ Բայց սա դեռ ամենը չէ. ընտրելով Գագիկ Ծառուկյանին, դուք ստանում եք երկրորդ և երրորդ Գագիկ Ծառուկյանները բացարձակ անվճար։ Մի հիշեք մեր հեռախոսահամարը, պարզապես գրեք մեզ․․․ Գ Ա Գ Ի Կ Ծ Ա Ռ ՈՒ Կ Յ Ա Ն․․․

Կենտրոն տելեմարկետ Նայսեր-դայսեր

17.11.2018