Վերադառնալ ընթերցարան

406 · 3.01.2019

Քնած դշխուհի

407 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Արտագաղթիր քո ներսից դուրս, Ինքդ քեզ գեթ մի պահ հաղթիր, Մի պահ միայն թող ճայթի լույսն Ու քո մեջից արտագաղթիր։

Մի՛ թաքնվիր ինքդ քեզնիզ, Ու ջայլամի պես ջանադիր, Պայծառ գունդդ՝ վերև վզից, Ավազներում նենգ, դավադիր,

Մի՛ թաքցրու, մի՛ պարտակիր․ Թեկուզ ոսկու փոշում թաղես, Մի օր կգա ու պարտադիր Չոր գանգով պիտ քարին առնես։

Ինքդ քեզ մի շողոքորթիր, Քեզ անվերջ մի՛ հավատացրու, Թե թանկ է շատ քո կեղծ մորթին Ու քո խամրած հավաքածուն

Ժողովրդիդ բնությունից, Ու քո ազգից արևըմբոշխ։ Ոչ մի նվեր մթությունից Գրոշ չարժի, մի քոռ գրոշ։

Մի հիացիր քո հանճարով Ու ճաշակով քո եզակի, Եթե ինչ որ մի պատճառով, Վաղը որդիդ նմանակի,

Ու նրա մեջ դու քեզ որսաս, Պիտի տխրես, ցավով սրտի Իզուր անցած ուղիդ ողբաս Ու դառնանաս անչափ պիտի։

Քոչվորներին մի նմանվիր Ու մի ձգտիր քոչվորանալ, Մի պահ միայն կողքից նայիր, Ու չես ուզի դու այն դառնալ

Ինչ դառնում ես տարեցտարի, Ու օրեցօր, ու ժամ առ ժամ, Անընկեր ու անընտանիք, Անինքնասեր, անհյուրընկալ,

Անասնական բնազդի տեր, Անկողնուն ու փողին գերի։ Խնդրում եմ քեզ իմ լավ ընկեր Ունկ դիր խղճիդ աղերսներին

Մի պահ միայն, մի ակնթարթ, Դուրս ժայթքիր քո կեղծ տարազից Որ օտարն է քաշում վրադ Քո սեփական բուրդ ու մազից։

Արտագաղթիր քո ներսից դուրս, Ինքդ քեզ գեթ մի պահ հաղթիր, Մի պահ միայն թող ճայթի լույսն Ու քո մեջից արտագաղթիր։

(Ճշմարիտ գաղթի ճամփան մեր ներսում է)

Դու քնի․․․ ես՝ ինչ կա, կգրեմ քեզ համար․․․ Կպատմեմ ամենի մասին. Ամպերի, արտերի, անձրևի, անհամար Աստղերի, Նեպտունի ու Մարսի․․․

Եվ մարդկանց ու Աստծո, սրբերի, կույսերի Կրքերից, մեղքերից՝ անցողիկ, մնայուն, Կպատմեմ բյուրավոր իղձերից, հույսերից, Աշխարհից՝ փոփոխվող, անկայուն։

Դու քնի, ինձ համար դժվար չէ քեզ համար գրելը՝ կգրեմ քանի կաս․․․ Միայն թե՝ դու լինես ու կարդաս․․․

Ղուշգիր Քնած դշխուհի 3.01.2019