Վերադառնալ ընթերցարան

444 · 25.09.2019

Ջրիմ եղբայներ

445 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Կար չկար մի բադիկ, անունը՝ Բադիկ։ Էս բադիկը մի երազանք ուներ՝ լինել երջանիկ, բայց քանի որ չգիտեր թե ինչ է երջանիկ լինելը, իրեն անչափ դժբախտ էր զգում։ Մի օր, երբ նա սովորականի նման տխուր-տրտում, մեն մենակ նստած էր ծովի ափին և սովորականի նման թախծում էր, նրան մոտեցավ իրենց հարևան փոքրիկ Սագիկը և հարցրեց. - Դու գրեթե միշտ շատ տխուր ու միայնակ ես, Բադիկ, ի՞նչն է պատճառը։ Իրականում Բադիկը չէր ցանկանում խոսել իր ապրումների մասին, և մեծ հաճույքով գրողի ծոցը կուղերկեր Սագիկին, բայց քանի որ ներքուստ մի տեսակ համակրում էր Սագիկին, չկարողացավ չպատասխանել այդ անմեղ հարցին։ - Գիտես, ես ուզում եմ իմանալ թե ինչ է երջանիկ լինելը, բայց չգիտեմ ինչպես։ Եթե անկեղծ, ապա ես ընդհանրապես չգիտեմ, թե ինչ է երջանկությունը։ - Հետաքրքիր տղա ես, զարմացավ Սագիկը, -եթե դու չգիտես, թե ինչ է երջանկությունը, ինչպես ես ուզում երջանիկ լինել։ Չէ որ մի բան ուզելուց առաջ դու պիտի պատկերացում ունենաս դրա մասին։ - Այո, - ասաց Բադիկը, -աղջիկներիդ համար ամեն ինչ այդքան հեշտ է․․․ դուք չեք խորանում հարցերի էության մեջ, ու հապշտապ եզրակացություններ եք անում։ - Գիտես, դու իզուր ես վիրավորում աղջիկներին, -թեթևակի բարկացավ Սագիկը, - էդ ձեր սեռային անհավասարությունը խնդրում եմ, թողնես մի կողմ։ Մենք աղջիկներս հանրության լիիրավ անդամ ենք ու կարծում եմ, դու քո այդ արտահայտությամբ խախտում ես Սահմանադրության մի քանի նորմ և բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ։ Դուք՝ տղաներդ, միշտ այդպես անհանդուրժող եք ու միշտ քամահրանքով եք մոտենում սեռերի հավասարության գաղափարին։ Դու հիմա շատ խիստ վիրավորեցիր ինձ, բայց քանի որ բոլորն էլ ունեն սխալվելու իրավունք, ու սա իմ հանդեպ կատարած քո առաջին սխալն էր, ապա առաջին անգամվա համար կներեմ։ - Դու ինձ ճիշտ չհասկացար, Սագիկ, -փորձեց հակադարձել Բադիկը, - ես չեմ ասում, թե դու չես հասկանում, պարզապես դու մեղադրեցիր ինձ մի բանի մեջ, որը իրականության հետ աղերս չունի։ - Եվ ի՞նչ անիրական մեղքի մեջ ես քեզ մեղադրեցի․․․

- Դու ասացիր, որ ես երջանկության մասին պատկերացում չունենալով, երազում եմ դրա մասին և դա ինձ դժբախտացնում է։ - Այո

- Իսկ ով ասաց, որ մի բանի մասին երազելու համար անհրաժեշտ է ամբողջական պատկերացում ունենալ դրա մասին։ Արդյոք բավա՞ր չէ միայն այն, որ ես գիտեմ, որ ես կարող եմ երջանիկ լինել և գիտեմ, որ երջանիկ չեմ։ - Բայց միթե՞ չիմանալով թե ինչ է երջանկությունը դու կարող ես այն չունենալով քեզ դժբախտ համարել։ - Դե ինչպես տեսնում ես՝ կարող եմ - Գիտես, ես էլ չգիտեմ, թե ինչ է երջանկությունը, բայց ես ինձ դժբախտ չեմ համարում։ - Իրո՞ք - Իսկ չի երևո՞ւմ, որ ես դժբախտ չեմ - Ես դա չեմ հարցնում - դու իրո՞ք չգիտես թե ինչ է երջանկությունը - Այո, չգիտեմ - Բայց դու գիտես, որ այն կա - Այո - Իսկ կուզենայի՞ր իմանալ, թե ինչ է այն և թե ինչպես կարելի է երջանիկ լինել։ - Իհարկե կուզենայի, ինչու ոչ - Իսկ հնարավո՞ր է, որ մի օր դու ամեն ինչից շատ դա ուզենայիր - Այո, չեմ բացառում - Իսկ եթե դու չկարողանայիր հասնել նրան, ինչ դու ամենա-ամենա շատն ես ուզում, արդյոք դու քեզ դժբախտ չէի՞ր համարի։ Սագիկը մի պահ լռեց։ - Այո, գուցե․․․ Բադիկը խոր հոգոց հանեց. - Հիմա ես այդ վիճակում եմ, հուսով եմ հասկանում ես ինձ։ - Այո, հասկանում եմ, բայց գուցե կարիք չկա այդպես անմնացորդ տրվել մի գաղափարի, որը այնքան էլ հստակ չի ձևակերպված։ - Գիտես, հստակ ձևավորված գաղափարները գրոշ չարժեն, եթե դրանք քոնը չեն ու եթե դու չես նվիրվում դրանց։ Իսկ եթե դու նվիրվում ես գաղափարին, ապա էականը այն չէ, թե որքանով է այն ձևակերպված, այլ այն թե որքանով ես դու դրա կրողը։ Իսկ որպեսզի դու դառնաս դրա կրողը, դու պիտի ինքդ հասնես այդ գաղափարին։ Համաձա՞յն ես։ - Թերևս, այո - Դե, իսկ, եթե ինքդ պիտի հասնես, ապա, արդյոք էակա՞ն է, թե ժամանակին ովքեր ու ինչպես են ձևակերպել այն, եթե միևնույնն է դու քո ձևակերպումն ես տալու, թեկուզ և չգիտակցված, ներքին մի ձևակերպում։ - Համաձայն եմ

Բադիկը մի բուռ մանր ավազ վերցրեց ափի մեջ, բռունցք արեց և սկսեց ճկույթի կողմից դանդաղ բաց թեղնել մյուս ձեքի բռուցքը։ Ավազը սորալով դանդաղ լցնում էր մյուս ափի ազատ տարածությունը։ - Գիտելիքը, միտքը, իմաստնությունը միակն են, որոնք ուրիշի հետ կիսվելու դեպքում քո մոտ չեն պակասում։ - Այո, բայց, նաև, գիտելիքը, միտքը, իմաստնությունը միակն բանն են, որ դու կարող ես կիսվել շատերի հետ, բայց նրանք քչերին հասնեն, իսկ երբեմն էլ ոչ մեկին։ - Սագիկ, արի միասին բացահայտենք երջանկությունը, դրա էությունը, իմաստը, ձևը, տեսակները, եթե այդպիսիք կան։

Սագի համար անակնկալ էր նման առաջարկությունը։ Նա միշտ մտածում էր, որ Բադիկը շատ խելացի է, բայց ինքնամփոփ։ Ինչ խոսք, երբեմն նույնիսկ մտածել էր, որ գոռոզ է, քանի որ շատ քիչ էր շփվում բակի երեխաների հետ։ Եվ հիմա, թեկուզ նրան այդքան էլ չէր գրավում երջանկության որոնումների հեռանկարը, բայց քանի որ հասկանում էր, որ Բադիկը օգնության կարիք ունի, որոշեց չմերժել։ - Լավ, -ասաց նա, - բայց մի պայմանով - Ինչ պայման - Խոստանո՞ւմ ես, որ այլևս աղջիկների մասին բացասական ընդհանրացումներ չես անի։ Եթե ես մի բան այն չեմ ասում, կամ անում, ապա դու միայն իմ մասին ես խոսում, և ոչ մի դեպքում դա չես կապում բոլոր աղջիկների հետ։ - Դեմ չեմ - Պայմանավորվեցի՞նք - Պայմանավորվեցինք

Օրը կիրակի էր, կեսօրն անց, աշուն էր, ամպամած ու ծովի կողմից փչող սառը քամին սաստկանալով, սկսեց անձևի կաթիլներ բերել։

#Բադիկն_ու_Սագիկը #օր_առաջին Ջրիմ եղբայներ

25.09.2019