Շան աղջիկ Քիմը ինչ մաքուր անգլերեն ա խոսում, այ մարդ։ Հաստատ մարդուց ա սովորել․․․ հաստատ։ Բա չէ, մեր Վարազդատի նման․․․ Ամբողջ կյանքս ասի՝ Վարազդատ ջան, մի լեզու սովորի, պետք կգա, կյանք ա։ Այ, մարդ, ասում եմ, ուրիշ բան չլինի՝ ինձ կսովորեցնես․․․ Հա իրեն ասած, հա էն անժաժ պատին։ Սկի, ասա, պետքն էր․․․Ասում էր. - Սարսանդուխտ, մենք չոլում ապրող մարդիկ ենք, օտար լեզուն մեր ինչների՞ս ա պետք։ Մեր չոլում օտար մարդ ե՞րբ ա գալիս, որ ես էլ էդ անտեր լիզուն սովորեմ։ Դու բնության լեզուն սովորի, մեր շրջապատում մոշահավն ու չարթն են, գելն ու պախրեն, շնահաչն ու չքառուկի իզը։ Դու օձի թունավորն ու անթույնը չես տարբերում՝ օտար լեզու ես ուզում սովորես։ Համ էլ ուզում ես սովորես՝ սովորի, ձեռդ ով ա բռնել։ Թոռանդ հետ դպրոց գնա․․․
Տնազ էր անում․․․ Ձեռ էր առնում, ես իրեն հո լավ գիտեմ։ Մարդիկ լեզու սովորելով տես ինչերի տեր են դարձել, ինչ հարգանքի ու պատվի, գովեստի ու փառաբանման են արժանանում։ Չքառուկի լեզվի համար հիմա ով է ում մի քոռ կոպեկ տալիս։ Էլի գելի բանաի մասին ասեր, կասեի՝ հա․․․ Գելի բան ասի՝ հիշեցի․․․
Ժամանակին Սուխումի պանսիոնատում Վոլոդյան ասում էր՝ «Սարա, վիխաձի զամենյա սիչաս ժե»․․․ լեզուս չորանար՝ «նիետ» չասեի։ Հիմի ես էլ հո հաստատ ռսերեն թենց մաքուր կխոսայի, ոնց որ Քիմը անգլերեն։ Մի բանի էլ ես հասած կլինեի։
Էս Վոլոդյան կյաժ մազերով, կապույտ աչքերով, մի բոյով բուսաթով ռուս զինվորական էր՝ փրկարար։ Հենց պանսիոնատ գնալու հաջորդ օրը նկատեցի, որ սա մի տեսակ անտարբեր չի իմ նկատմամբ։ Հետս Զառնուշանն էր, կոլխոզից երկուսիս էին պուծյովկա տվել, դոմօդդիխի։ Մեր էնտեղ գտնվելու երրորդ օրը, մեկ էլ մեր սենյակի դուռը ծեծեցին, բացեցի ու էս մեր Վոլոդյան է էդ իրա փրկարարի ֆորման հագած-կապած։
Ասի. - Շտո սլուչիլա Վալոդյա ջան Սա, թե. - Սրոչնա վիխաձի Ասի. - Զա կավո՞ Թե. - Զա մենյա, -ու ձեռիցս քաշում ա։ - Կա՞կ տեբյա զավուտ - Վոլոդյա։ Ա վա՞ս - Սարսանդուխտ - Սարա, վիխաձիծե
Ու ըտեղ էր, որ ասի՝ նետ։ Ասի՝ նետ որ նետ։ Ես, ախր, երեք երեխատեր կնիկ եմ, վաղը մյուս օրը Վարազդատիս ինչ պատասխան տամ, բա մեր գեղում ինչ երեսով երևամ, բա չե՞ն ասի՝ գնաց էդ լիրբը ռսերոց եղավ, ջահել տղա տեսավ խելքը կորցրեց։ Մեկ էլ սա, թե բա. - Պրաշու վաս, վիխադիծե, Սարա, -ու էլի ձեռիցս քաշում ա։ Ըտեղ ուժեղ գոռացի՝ Զաաաառնուշաաաաաաան։ Մինչև Զառնուշանը կգար, Վոլոդյան թե. - Պաժառ, պաժառ․․․ Ասի. - Վուրդի՞ պաժառ, սեռցե՞ պաժառ Սա, թե. - Զդանիե պաժառ, զդանիե պաժառ։
Ստեղ արդեն Զարնուշանը հասաց, թե. - Այ շաշ, էդ մարդը չի ասում թե՝ վիխադի զա մենյա, ասում ու վիխադի զա մնոյ։ Ասում ա՝ շենքում պաժառ ա, հրդեհ ա, շուտ պետք ա դուրս գանք։
Ճիշտ ա մենք դուրս եկանք, դրսում էլ ահագին մարդիկ կային հավաքված։ Բայց էդպես էլ ես էդ հրդեհը չտեսա։ Կրակը նենց բան չի, որ աչքից թաքուն պահես։ Զառնուշանն էլ լավ գիտեմ, գլուխը չվերցրեց, որ էդ տղեն ինձ էր հավանել։ Դրա համար էր ասում, թե ասել ա. «վիխադի զա մնոյ»։ Որ ասած լիներ «զա մնոյ» ես կհիշեի։ Հաստատ ասաց՝ «զա մենյա»։ Լավ դե անցած գնացած բան ա։ Անտեղի սրտահան չլինեմ։
Աման, մեկ էլ խնդրում եմ, էս պատմությունը հանկարծ Վարազդատի ականջը չընկնի։ Թե չէ, երեկ ասում էր, - Քիմի լեզուն չէ, եթե նրա քամակից ու դոշերից էլ ունենաս, մեկ է էլի բան չի փոխվի, մեր հանդիսատեսը չքառուկն ու չարթն են, գել ու աղվեսը։
Գլուխ չունեմ, հիմա էլ մի նոր բան չմոգոնի՝ վրես ծիծաղի։ Գնամ, թոռներս եկան, չգան էլի ասեն, տատի էս անտեր սկայպի դեմը առանց միացնելու էլի նստել ելույթ ես ունեցե՞լ։ Ինչ անեմ, անտերի միացնելու ձևը չեմ կարում սովորեմ։ Գնացի․․․
Սարսանդուխտ Բաբուլյան Սկայպի առաջ
08.10.2019