Մենք, մենք, մենք․․․ Մենք ուզում ենք սգալ, Գուցե ճիշտ կամ սխալ, Սգանք՝ թողեք․․․ Մենք ողբալ ենք ուզում, Մենք ուզում ենք սուգ ու շիվան, Տկար, մոլոր, շիվար․․․ Մեր պապերի հողի, Մեր փառավոր ուղու, Մեր դարավոր, բայց երբեմնի փառքի համար․․․ Հանգիստ թողեք սգանք․․․ Հանգի՛ստ թողեք․․․ Թողե՛ք, մենք լսել ենք ուզում․․․ Մենք լսել ենք ուզում խոսքեր դամբանական, Մահաբույրի մասին մահախոսից վսեմ, Հարյուր տարի հնչած խոսք ենք ուզում լսել, Հարյուր տարի ծեծված՝ արդիական․․․ Հանգիստ թողեք․․․ Մենք երգել ենք ուզում․․․ Մենք ուզում ենք տխուր մի երգ, Թող շարական լինի, լինի ներբող, ձոներգ, Ինչ ուզում է լինի, թեկուզ մուղամ, Բայց, որ տխուր լինի՝ կսկիծ թափվի ներսից Ու լաց․․․ ու լաց․․․ ու լաց․․․ Մենք ուզում ենք սգալ․․․ Ու․․․ մեզ հանգիստ թողեք… Հարյուր տարի ի վեր․․․ Մենք սգալ ենք ուզում և ոչ ապրել։
Սուգն առաջ 24․02․2015 թ․
Էս երկիրը ճիշտ չի սարքած, մի քիչ շատ է մարդաշատ, Էս փողոցը ծուռ է ցավոք, էս քաղաքն էլ հին է շատ, Էս ծառն ավաղ խանգարում է, պիտի քանդվի էս շեմքը, Իր տեղում չէ էս տունն էստեղ պիտի լինի նոր շենքը։
Պիտի քանդվի էս փողոցը՝ սա փողոց չի այլ քուչա, Սա փողոց չի այլ մի ծմակ՝ վհուկներով քրքջան, Էստեղ հինը արդեն մեռել, դարն ապրել է յուրովի, Նորին աշխարհ թողնող չկա, աշխարհ չգա՝ չճչա։
Եկեք քանդենք էս քաղաքը՝ օտար մի տեղ կառուցենք, Հոգնած, տանջված էս քաղաքը՝ հոգին տված կարուսել, Քանդենք քաղաքն՝ ավեր անենք, քարը քարին չթողնենք, Վաղուց էստեղ երգ չի ծնվում, էլ չի լինում երգ հյուսել։
Եկեք քանդենք էս երկիրը, ուրիշ մի տեղ կառուցենք, Մի բաժակ ջուր տվող չունենք, տվող չունենք քար ու ցեխ, Քանդենք երկիրն ու ավերակ թողնենք մեր հին թշնամուն, Թող չիմանան, որ էստեղ ազգ է եղել սրբացեղ։
Էս ծառն ավաղ խանգարում է, պիտի քանդվի էս շեմքը, Իր տեղում չէ էս տունն էստեղ պիտի լինի նոր շենքը, Էս փողոցը ծուռ է ցավոք, էս քաղաքն էլ սաստիկ հին, Էս երկիրը ճիշտ չի շինած, պետք է քանդել հիմնովին։
Նարեկ Սարգսյան Գյոթեավարի
23․02․2016
Ինչքան ասաց՝ մարդ եղեք, Պարզից էդքան բարդ եղաք, Մարդ մնալու ճամփեքին Մարդկանց համար դարդ եղաք։
Թումանյանի ծնունդն էլ էնտեղ շնորհավոր
19.02.2020