Կայծակ ցոլաց, ամպը գոռաց, Երկինքն առավ դղրդյունը, Գլխապատառ, ինքնամոռաց Փոխվեց երկրի դրությունը։
Գարուն հորդաց երկնքից ցած, Կանաչ կաթեց սև ամպերից, Երակներով ջրակալած Հոսեց քնած կյանքը նորից։
Գույներ բերեց գարունն էլի՝ Մացառները դարձան թփեր, Ճռվողյունը թռչունների Կյանքին նորից տվեց թևեր։
Հալվեց գնաց վերջին ձյունը, Ոչ էն է սև, ոչ՝ սպիտակ, Նորից լցվեց գետի հունը, Քարերն առավ փեշերի տակ։
Ահա, բացել լուսամուտս, Ու բորբում եմ կյանքս անթեղ, Ասես հենց նոր արված գյուտ է, Ասես երբեք դեռ չէր եղել,
Որ անձրև գար, թռչուն երգեր, Ու որ գետը լիներ վարար, Ասես կյանքում երբեք, երբեք, Էլ չէր եղել գարնան արար։
04.03.2020