Վերադառնալ ընթերցարան

5 · 23.03.2013

Դռնփակ

5 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Դռնփակ մի սենյակ, մի ողջ շենք, մի ողջ բակ, Մի փողոց, մի ողջ թաղ, մի քաղաք դռնփակ, Էլ չկա տիեզերք, էլ չկա ժամանակ, Էլ չկա ոչ սերիալ, ոչ դպրոց, ոչ բանակ։

Ես պարսիկ, դու արաբ, նա բուլղար կամ ֆրանկ, ԱՄՆ, Պետերբուրգ, ինտերնետ, արբանյակ, Ժամանակ, ժամանակ, ժամանակ… և արագ, Աներեր թափառող շների մի ոհմակ։

Սարկոզի, Սարգսյան, Մեդվեդև, Մուբարակ, Ղողանջներ, բուրվառներ, խնկարկում, պատարագ, Վարազդատ, Արտաշես, Մենուա, Աժդահակ, Վարդավառ, Տրնդեզ, Համբարձում, Ծաղկազարդ…

Թափառող շների կաղկանձը խլանում, Կորչում է մուտքերում թափառող քամու հետ, Ասֆալտը հյուծվում է, դառնում է արահետ, Ու խալին ավազի ամեն ինչ կլանում։

23.03.2013