Մի շտապեք բարձրացնել դրոշները հաղթության, Մի շտապեք, շուտ է դեռ, հաղթանակ չէ դա բնավ։ Հաղթանակ չէ, այլ պատրանք․ որդին՝ դաժան գերության, Որ ծնվել է ձեր կողքին, ձեր հետ մեկտեղ ու կանխավ Ձեր մեջ ցանել տենչանքի մի սերմ՝ փոքրիկ, աննշան, Սերմ, որ աճի, ուռճանա ու ծով դառնա երազի, Երազանքի, իղձերի, ձգտումների, ցանկության։ Մի սերմ՝ նվազ ու նման ծովի մեկ հատ ավազի…
… Ճահիճում ձեր էության, և թվացող անսահման, Սակայն չնչին ու պարփակ հույզերի ձեր պատիճում, Եթե մի օր արթնանա ազատության, հաղթության Տենչն ու թվա, թե սերմն այն ձեր մեջ փթթում է, աճում, Դուք մի հրճվեք, դա բնավ հաղթանակ չէ, այլ պատրանք, Քանզի հատիկն ավազի, եթե փոշի չդառնա, Չի մեծանա, չի աճի։ Մի խաբվեք, դա լոկ անկարգ Հոգու ճիչն է ձեր՝ քնած, որ երբեք չի արթնանա։
30.04.2013