*** (3)
— Հա՞յ ես․․․ — Հայ եմ, հայ եմ, — պատասխանեց ծերունի հովիվը՝ ընդառաջ գնալով հեռվում կանգնած վախվորած երիտասարդին, — մոտ արի, մի վախեցիր… Որտեղի՞ց ես գալիս։ — Էրզրումից եմ, Աղաբեր գյուղից։ Շա՞տ կա մինչև Էրիվան։ — Մի երկու շաբաթվա ճամփա կլինի։ Էս խառը ժամանակները բա ի՞նչ գործ ունես Էրիվանում։ — Թուրքերից եմ փախչում։ — Է՜, օղուլ, հիմա թուրքից ո՞վ չի փախչում։ Հիմա սատանեն ինքն է թուրքից փախչում… Դու ավելի լավ է Ալեքսանդրապոլ գնաս։ Ասում են Էրիվանում ցավ է ընկած ու սով է… — Մեզ մի քիչ ուտելու բան կտա՞ս… — Ո՞ւմ «ձեզ»։ Մենա՞կ չես։ — Չէ, մենակ չեմ, — ու շրջվեց գնաց դեպի մոտակա քարափը։ Քիչ հետո քարափի հետևից դուրս եկավ տաս-տասներկու տարեկան մի փոքրիկ աղջնակի հետ։ — Քո՞ւյրդ է… ի՞նչ էլ սիրուն երեխա է, հրեշտակի աչքեր ունի… — Չէ, գերի է։ — Գերի՞, — զարմացավ ծերունին, — այ տղա, էս անմեղ երեխուց ի՞նչ գերի։ Քո՞ւրդ է։ — Չէ, թուրք է։ Օկտայ բեյի մասին լսած կա՞ս։ — Վա՜յ, չոռը տանի էդ շանը, ո՞նց չկամ։ Գիտե՞ս քանի, քանի հայի գլուխ է կերել, էդ արնախումը։ — Այ նրա աղջիկն է։ — Ուրեմն էդ քե՞զ էին փնտրում։ Օրեր առաջ էստեղ մի քանի թուրքի ձիավոր կային, քո մասին էին հարցնում։ Ասում էին մի ջահել տղա, մի փոքրիկ աղջկա հետ չես տեսե՞լ։ Ասի՝ չէ, հետ օլորվեցին՝ գնացին… Հայերեն հասկանո՞ւմ է։ — Չէ, չի հասկանում։ — Եկեք, եկեք, գնանք օբա։ Հոգնած կլինեք, մի կտոր հաց կուտեք, կհանգստանաք։ Առավոտ ճամփա կընկնեք։ — Չէ, երկար չենք մնա։ Գիշերներն ենք ճամփա գնում։ Բայց եթե ուտելիք կլինի… — Գնանք, մի բան կճարվի։
Մարիամ խանումը Տխուր բաների մասին
25.03.2015