Վերադառնալ ընթերցարան

58 · 24.03.2015

Տխուր բաների մասին

59 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

*** (2) Ծխական դպրոցում, որտեղ մի ժամանակ ինքն էր ուսանել, Վահանը հիմա ուսում ու գիտելիք էր տալիս ուրիշներին։ Պոլսի վարժարան մեկնելուց առաջ հորը՝ Տեր Պարգևին տված երկու խոստումներից մեկն էր, որ ավարտելուց հետո անպայման կվերադառնա ու կշենացնի պապական օջախը, հայրական գյուղը։ Իսկ երկրորդը, որ անպայման հայի կառնի, ու իրենց կողմերից։ Չնայած, որ հորը տված խոստումը չլիներ էլ, միևնույնն է հետ էր գալու, որովհետև էստեղ էր թողել Արփիկին, ու Արփիկին էր առնելու, որովհետև նա էր իր կյանքի առաջին ու միակ սերը, ապրելու իմաստն ու…

Գարնան նվազ արևը երդիկից սառը լուսե սյուն էր կախել։ Վահանը թիկնել էր թախտին ու տակին փռած ձնձի ծերպերով ոտքերը ծածկել։ Ցուրտ չէր ու չէր մրսում, բայց ներքին մի սարսուռ կար, որ աստիճանաբար թույլ դողի էր վերածվում։ Տնեցիներին բան չէր ասում, բայց երկու գիշեր էր աչք չէր կարողանում փակել։ Անընդհատ նույն երազն էր… Հիմա էլ չնայած պառկած էր, ու սաստիկ քնել էր ուզում, բայց վախենում էր։ Երազից չէր վախենում, այլ տագնապից, որ նրան համակում էր մղձավանջից արթնանալուց հետո… Ոչինչ մի քիչ էլ կդիմանա, չի քնի, մինչև Արփիկը ուր որ է կգա։ Կգա՝ ինքն էլ գլուխը կդնի նշանածի ծնկներին ու գուցե էդպես կարողանա աչք կպցնել։ Արփիկը, որ կողքին լինի, հաստատ էդ անտեր երազը չի տեսնի, որ տեսնի էլ…

Մի անծայրածիր ծաղկազարդ դաշտի մեջ, որ ոչ էն է իրենց էր, ոչ էն է ուրիշինը, մի գեղեցիկ խնձորի ծառ էր միայն։ Մոտեցավ ծառին։ Զարմանալի էր, բայց ամբողջ ծառի վրա ընդամենը մի խնձոր կար։ Մի կանաչ, հյութեղ, արևի տակ շողշողացող խնձոր։ Երկար նայեց, նայեց, զմայլվեց, հետո ձեռքը մեկնեց, որ պոկի, մեկ էլ… Արևոտ երկինքը մի ակնթարթում մթնեց, մի քամի բարձրացավ, մի փոթորիկ։ Էս ծառը սկսեց ուժգին իրար գալ։ Վրայի խնձորը քամու բերանին էս ու էն կողմ էր ընկնում, բայց ծառից չէր պոկվում։ Մեկ էլ, որտեղից որտեղ մի ահռելի սև ագռավ… երկնքից նետի պես իջավ էդ ծառին, ճանկեց խնձորը ու թռավ գնաց։ «Տարա՜ն, տարա՜ն» Լսվում էին հեռվից ինչ որ ձայներ։ Վահանը շրջվեց, նայեց շուրջ բոլորը, բայց ամայաի դաշտում, ցելի մեջ, որտեղ այլևս ոչ ծաղիկ կար, ոչ ծառ՝ միայնակ էր։ «Տարա՜ն, տարա՜ն», ձայները չէին դադարում։ Աչքերը բացեց… քնել էր, էլի նույն երազն էր տեսել… ձեռքը տարավ դեմքին, արդուն էր ու քրտինքի մեջ կորած։ Բայց ձայները շարունակում էին լսվել։ Դրսից էր ու գնալով մոտենում էին տանը։ Մեկ էլ դուռը կրնկի վրա բացվեց ու աշակերտներից երկուսը իրենց շնչակտուր ներս գցեցին… — Վարժապետ… վարժապետ…, — լացախառը գոչում էին նրանք, — տարան։ Թուրքերը տարան։ Օկտայ բեյը Արփիկին փախցրեց, վարժապետ… ձիերով… չորս-հինգ հոգով… տարան… տարան վարժապետ…

Մարիամ Խանումը Տխուր բաների մասին

24.03.2015