Ծեր էր Մարիամ խանումը, շատ ծեր։ Չորս քսանը լրացել էր տաս-տասնհինգ տարի առաջ, բայց ոչ տարիները, ոչ էլ ամսից ավելի անկողնուն գամած հիվանդությունը չէին կարողացել խամրեցնել կենսախինդ աչքերի փայլը։ Վաղորդյան արևի շողերը մուտքի կիսաբաց դռան արանքից ընկել էին գլխավերևում կախված ամուսնու նկարին։ Մարիամը աչքերը բարձրացրեց․ — Մեռնեմ պատկերիդ, Վահան ջան․․․ Լույս իջնի վրադ՝ ոնց իջել է։ Բան չմնաց, էսօր-վաղը կգամ մոտդ, արևիդ մատաղ։ Կարող է մի քիչ նեղացել ես, որ քեզ էսքան երկար մենակ թողեցի, բայց դե Աստծու ձեռքին է, Վահան ջան, ես ի՞նչ անեմ։ Երևի էսպես պիտի լիներ․․․ Մուտքի դուռը ճռռոցով բացվեց․ — Գոհար, դո՞ւ ես, — Մարիամը փորձեց գլուխը բարձրացնել, բայց չկարողացավ։ — Ես եմ, Մարիամ խանում, մածուն եմ բերել։ Նոր եմ մերել դեռ լավ չի սառել․․․ Համոն չհամբերեց ասեց՝ տար, հիմա կուտի՝ կուտի, չի ուտի՝ կդնես թող սառչի։ Կուտե՞ս․․․ — Էդ մածունը դիր սեղանին, մոտ արի, բան ունեմ ասելու․․․ նստի՛ր։ Երազիս Վահանին եմ տեսել․․․ Կանչում էր․․․ Դու գիտես, որ ես ու Վահանը երեխա չունեցանք․․․ — Այ, Մարիամ խանու՜մ, ամբողջ գյուղի մեծ ու մանուկ քոնն են էլի, կողքի գյուղերինն էլ չեմ ասում։ Ախր, դու ես բոլորի ծննունդը ընդունել, դու ես բոլորին լույս աշխարհ բերել, կյանք տվել։ Քո երեխեքը չեն, բա ո՞ւմն են․․․ — Գոհար, թաղեմ տատմերդ, ինձ լսի։ Հարևան Համոյին հարս գալու օրվանից ես քեզ սիրել եմ հարազատ երեխու պես։ Բայց հիմա, ինչ ասում եմ, դու սուս-փուս լսիր․․․ — Մարիամ խանում, ախր, ինձ էլ ես դու լույս աշխարհ բերել․․․ — Հա, քեզ էլ․․․ մնացածին էլ․․․ բայց ես Վահանիս համար չբերի, Գոհար․․․ չբերի, — Մարիամը ձեռք տարավ աչքերին, ու սմքած մատներով սրբեց լճացած արցունքը, — չբերի․․․ ու էնպես չի, որ չկարողացա։ Չուզեցինք, Գոհա՛ր, չուզեցինք․․․ Վահանն էլ չուզեց․․․ ես էլ չուզեցի․․․ Այսինքն, էնպես չի, որ չէինք ուզում․․․ ուզում էինք․․․ բայց չէր կարելի․․․Հասկանո՞ւմ ես Գոհար․․․ Գոհարը գլուխը տմբտմբացրեց, իբր թե «հա, հասկանում եմ», բայց դեմքին նայողը չէր ասի, թե դա հասկացած մարդու հայացք է․․․ — Մի բաժակ, ջուր տուր, Գոհար ջան․․․ Գոհարը մահճակալի կողքին դրված ջրով լի բաժակը վերցրեց, տարավ, որ դատարկի ու նորը բերի․․․ Մարիամը աչքերը բարձրացրեց՝ հառեց ամուսնու նկարին․․ — Գոհարը մերն է, Վահան ջան, պատմեմ հոգիս թեթևանա, նոր գամ մոտդ․․․
Մարիամ Խանումը Տխուր բաների մասին
23.03.2015