Օհան ամին գյուղի գրաճանաչն ու բանիմաց էր։ Կոլխոզում գրեթե մարդ չկար, որ դիմած չլիներ Օհանի օգնությանը։ Մեկը՝ նամակ գրելու, մի ուրիշը՝ ստացած նամակը կարդալու, մյուսները շրջսովետից ստացած պանրագործի, կթվոր-կթվորուհու «պաչոտնի գրամատան» կամ թե զինկոմից եկած «պավեստկան» կարդալու համար։
Իհարկե փոստատար Վախթանգն էլ էր գիր ու գրականության մարդ, ու այդ նույնը նա էլ պակաս չէր անում։ Բայց դե Վախթանքը «կողքանց» էր՝ հարևան կոլխոզից, ու Օհանի նման վստահության արժանի չէր։ Առավել ևս, որ խոսակցություններ էին պտտվում, թե Վախթանգը նամակից բացի խոսք էլ է տանում-բերում՝ ինչը հաստատել էր անձամբ ինքը Օհան ամին և ուրեմն կասկածի ենթակա չէր։
Գյուղում Օհանին շատերն էին հարգում՝ մեծ ու մանուկ։ Բայց դե Օհանից վախեցողներն ավելի շատ էին, քան թե հարգողները։ Անձամբ կոլխոզի նախագահն էր նրա մոտ մտնելուց կոշիկները շեմքում սրբում, դուռը ծեծում, ու եթե Օհանը բարեհաճեր ներսից ասեր «Դա՛» նոր մտնում էր «կաբինետ», որտեղ դրված երկու ճռռան աթոռներից մեկին՝ սեղանի առաջ նստած, Օհանը կարող էր «տելեփոնով» ժամերով խոսել Մոսկվայի իր ազգականի, կամ առավել ևս Կրեմլի իր մտերիմներից մեկի հետ։ Ու կոլխոզի նախագահը չէ՝ ով ուզում էր լիներ, պիտի սպասեր այնքան, մինչև Օհանը իր կարևոր խոսակցությունը ավարտեր և նոր միայն առաջանար, դիմեր իր խնդրանքով։
Վախի հիմնական պատճառը Օհանի խստությունն ու խստապահանջ լինելն էր։ Բոլորը գիտեին, որ եթե հանկարծ Օհանը մեկն ու մեկին բռնեց, նույնիսկ ամենաաննշան զանցաքի համար կարող է «քշել» ուղիղ Սիբիր։ Ու չնայած մեկ-մեկ լինում էր, որ ներում էլ էր, բայց դե «շառից հեռու» բոլորն էլ աշխատում էին Օհանի աչքին քիչ երևան։
Ինչպես ասում են՝ լինելու բանը լինում է, ու նախրապան Ենոքի բախտը չբերեց, երբ երեկոյան նախրի հանդից գալու հետ Օհանը նրան բռնեցրեց շալվարի ջուխտ գրպանները լիքը ցորենով։
— Այ, տղա Ենո՛ք․․․ էս հատիկ գողացող մկան նման կոլխոզի ցորենը կրում ես տուն, հա՞․․․ այ տղա դու չգիտե՞ս, որ ընկեր Ստալինի հրամանով նման արարքի համար Սիբիր են քշում․․․ հը՞, այ ապերախտ․․․ ուրեմն ընկեր Ստալինի հրամանը քո համար հե՜չ, հա՞․․․
— Օհան ամի, Օհան ամի․․․ սա․․ սա․․ սա․․ էս գողացած ցորեն չի։ էս հերվա ցորենի դաշտը, որ կոլխոզը խամ էր թողել, էդ դաշտի եզրերի ցաքուտի մեջ աճած ցորենն եմ հավաքել։ Էսօր նախիրը էդ կողմերն էի տարել, Օհան ամի, աչքովս ընկավ՝ ասի հավաքեմ, բերեմ էրեխեքին մի քիչ ուրախացնեմ․․․
— Ձենդ կտրի՛, — բարկացած գոռաց Օհանը, — հերվա խամից է․․․ չէ, մի չէ․․․ Ինչի՞, էդ հերվա խամի ցորենը կոլխոզը չէր ցանե՞լ․․․ պապիդ բոստանն էր, պապդ էր ցանե՞լ․․․ Հենց հիմի գալիս ես հետս կաբինետ։ Քո հարցը ես ուրիշ ձևով եմ լուծելու․․․ դու դեռ տաք-տաք էս ու չես հասկանում, թե քո արարքով կոլխոզին ինչ մեծ վնաս ես հասցրել․․․ Հինգ րոպեից լինես կաբինետի դռան մոտ, — զայրացած բղավեց Օհանը ու շրջվեց գնաց դեպի գրասենյակ։
Ենոքը առանց մի բառ խոսալու հետևեց ճամփա ընկած Օհանին։ Ասել, թե Ենոքի լեղին ջուր էր կտրել՝ կնշանակի ոչինչ չասել։ Խեղճը դողում էր ամբողջ մարմնով, լեզուն բերանում չորացել էր։ Ոտքերը առաջ չէին տանում, բայց դե ո՞նց կարող էր անտեսել Օհանի ասածը, գլխից ձեռ չէր քաշել։ Գյուղամեջում հավաքված ժողովուրդն էլ, կատարվածից անակնկալի եկած, ոմանք էլ չհասկանալով նույնիսկ թե ինչ է կատարվել, բայց հետաքրքրասիրությունից դրդված սուս ու փուս հետևեցին Ենոքին։
Օհանը բավականին հեռացել էր, երբ համագյուղացիները տարբեր կողմերից սկսեցին Ենոքին նախատել ու հանդիմանել։ — Այ, Ենոք, Ենոք․․․ բա դու մա՞րդ ես, բա դու ամոթ չունե՞ս․․․ բա կարելի՞ է գողություն անել, ա՛յ տղա․․․ — էն էլ որտեղի՞ց՝ կոլխոզի դաշտից․․․ — Այ, տղա, դու ի՞նչ խղճով էիր էրեխեքին էդ հարամ հացը տալու, Ենոք․․․ — Սրա երեխեն էլ հոր նման գող է մեծանալու էլի, ժողովուրդ։ Գողից հո նորմալ երախա չի լինի․․․ — Ենո՜ք, էդ սիրտդ շարմաղ հաց էր ուզում, այ մազութ․․․
Ենոքը ոչինչ չեր լսում։ Նա մտովի արդեն հրաժեշտ էր տալիս տնեցիներին՝ հորը, մորը, կնոջը, չորս երեխաներին, քույրերին ու եղբայրներին՝ բոլորին, որովհետև գիտեր, որ Սիբիրից դեռ ոչ ոք չի վերադարձել ու ինքն էլ դժվար թե վերադառնար։ Էդպես մտքերի հետևից հնկած չհասկացավ, թե ինչպես հասավ «կլուբի» մոտ՝ որտեղ էլ գտնվում էր Օհանի «կաբինետը»։ Լուրը հասցրել էր տարածվել ողջ գյուղով ու ողջ գյուղն արդեն հավաքվե էր այնտեղ։
Օհանը դռների մոտ կանգնած չիբուխն էր ծխում։ Երբ Ենոքը տեղ հասավ, Օհանը ձեռը բարձրացրեց, որ մարդիկ լռեն․ — Հիմա, — ասաց նա, — բոլորդ լուռ եք մնում, ոչ մի ձայն չլսեմ․․․ Ես գնում եմ խոսեմ Կրեմլ։ Կրեմլը ինչ որոշեց՝ այն էլ կլինի․․․
Քար լռություն տիրեց։ Օհանը մտավ «կաբինետ»։ Բաց դռնից հստակ երևում էր, թե ինչպես վերցրեց լսափողը, դրեց ականջին, պտտացրեց հեռախոսի պտուտակը․․․ Լռությունն այնպիսին էր, որ հավաքվածները նույնիսկ պտուտակի ճռճռոցն էին լսում․․․ — Ալո, ընկեր Ստալին, Օհանն է․․․ Օհանը, այո․․․ Ընկեր Ստալին, ուրեմն էս մեր նախրապան Ենոքը․․․ Ո՞նց․․․ Արդեն տեղյա՞կ եք․․․ Ճիշտ այդպես, ընկեր Ստալին․․․ Լսում եմ, ըմկեր Ստալին․․․ Սիբի՞ր․․․ Ընկեր Ստալին, մի խնդրանք ունեմ, բեր էս անգամ ներենք, խնդրում եմ։ Չորս երեխատեր մարդ է․․․ Այո․․․ ես երաշխավորում եմ, ընկեր Ստալին․․․ Վա՜յ, շատ շնորհակալ եմ, ընկեր Սատլին, շա՜տ։ Բա՞, ցորենը ի՞նչ անի, ընկեր Ստալին․․․ Հանձնի ի՞նձ․․․ Մնացածն էլ հավաքի, ու դա էլ հանձնի՞․․․ Եղավ․․․ Այո․․․ Ճիշտ այդպես, Ընկեր Ստալին․․․ Ամբողջ գյուղով շա՜տ, շա՜տ շնորհակալ ենք, ընկեր Ստալին․․․ հաջողություն․․․
Օհանը լսափողը դրեց ու դուրս եկավ․․․ Չնայած բոլորն էլ լսել էին նրա խոսակցությունը ու հասկացել, թե ինչ է որոշվել, բայց սպասում էին Օհանի վերջնական խոսքին․ — Ուրեմն, — դիմեց նա հավաքվածներին, — ընկեր Ստալինը ասում է՜․․․ որ․․․ էս անգամ ներենք, բայց ընկեր Ստալինը ասում է՜, որ մյուս անգամ կրկնվեց՝ Սիբիրը անխուսափելի է․․․ Հասկացա՞ր, Ենոք, — դիմեց նա ուրախությունից գլուխը կորցրած Ենոքին։ — Հասկացա, հասկացա, Օհան ամի ջան․․․ բա չհասկացա՞, ես քեզ մատաղ․․․ էս ցորենն էլ առ․․․ էսա, ո՞ւր լցնեմ։ Վաղն էլ նախիրը կտանեմ էդ կողմ, մնացածն էլ կհավաքեմ՝ կբերեմ, Օհան ամի ջան, քեզ ղուրբան լինեմ։ Դու ինձ փրկեցիր, փրկեցիր իմ ընտանիքը, իմ երեխեքին։ Ես քեզանից շա՜տ շնորհակալ եմ․․․
Հավաքվածներից ոմանք ուրախությունից հրճվում էին, ոմանք հուզմունքից լացում․ — Տեսա՞ր, տեսա՞ր, իր գյուղացուն փրկելու համար մարդը ի՞նչ արեց․․․ — Այ, մարդ, հալալ է Օհան ամիին, հալալ․․․ — Մարդ մարդ է, է՜․․․ — Ասում եմ, էդ լուրը հասցնողը հաստատ փոստատար Վախթանգն է եղել․․․ — Հա, բա, էլ ով կարող է էդքան շուտ Կրեմլին իմաց տալ․․․ — Էդ Վախթանգը չէր ասո՞ւմ, թե Օհան ամիի տելեֆոնը սարքին չի, թե առանց լարի չի կարա աշխատի․․․ — Հիմի թող գա տեսնի, թե ո՞նց է աշխատում։ Աչքներիս առաջ մարդու կյանքը մի զանգով փրկեց։ Էլ աշխատելը ո՞նց է լինում․․․ — Նախանձ մարդ է էդ Վախթանգը, շատ նախանձ, ու ինչ է թե ամբողջ շրջանում միայն Օհանը տելեփոն ունի, դարձել է Վախթանգի աչքի փուշը․․․
Փոստատար Վախթանգը (ստատուս)
20.03.2015