Վերադառնալ ընթերցարան

9 · 08.10.2013

Վե՛ր կաց, ե՛կ տեսնեմ, ոնց ենք հասնում տուն

9 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Ախ, ահա ուր ես, ահա ուր ես դու, Ահա ինչպես ես գործերդ վարում, Ահա ինչու ես գիշերվա կեսին Դու տուն ժամանում։ Որպես կրկեսի

Անճար ծաղրածու, կամ մի խեղկատակ, Իբր իմ հանդեպ տածած բովանդակ Սերն ու հարգանքը ստիպել են քեզ, Որ մինչ լուսաբաց անքուն աշխատես։

Ախ դու աներես, լիրբ, բոզ, խաբեբա, Քո գործի տեղը հիմա սա է հա՞։ Հիմա այստե՞ղ է քո գործն ու բանը, Այս կիսաավեր, մութ գինետա՞նը։

Գիտեմ, գիտեմ քո բարդ աշխատանքը, Գիտեմ իմ հանդեպ տածած հարգանքդ, Գիտեմ ուսերիդ դրված քո հոգսը։ Ա՜խ, երանի չէր ընկնեիր փոսը,

Կամ ոտքդ ջարդվեր, կամ կոտրեր ձեռքդ, Ու ողջ կյանքիդ մեջ չբուժվեր վերքդ, Ինչպես վերքերը իմ կոտրած սրտի։ Հետո ասում են, թե ով ինչ բրդի,

Այն էլ կխրթի։ Բա ես իմ կյանքում Ա՞յդ էի բրդել, հը՞, այ արնախում, Ա՞յս էի ցանել, որ հիմա հնձեմ, Ես քո գինեմոլ հերը անիծեմ։

Այ, բոյդ թաղեմ, այ, չոռս տանես, Այ, սև լիներ այն օրը սևերես, Որ ես քեզ տեսա, քեզ հանդիպեցի։ Թե ասա տկլոր ի՞նչդ սիրեցի...

Ա՜խ, ինչ հիմար եմ, ինչքան եմ հիմար, Ինչո՞ւ չեմ ես էլ քնած իմ համար, Ինչպես ուրիշի կանայք են անում, Ո՞վ է իր մարդուն հիմա տուն տանում։

Արի՛, մի՛, ա՛րի, արի՛, մի վե՛ր կաց։ Ձեռքդ դիր ուսիս, մի՛ սեղմիր, կամա՛ց։ Արի՛ մի տեսնեմ, ե՛կ այ սոված շուն, Վե՛ր կաց, ե՛կ տեսնեմ, ոնց ենք հասնում տուն։

08.10.2013