Սիրում էի բոլորիդ, Ամառ, ձմեռ, թե աշուն, Իմ Ֆեյսբուքի կոլորիտ, Իմ ընտրողներ սիրասուն։
Բայց իմ սերն անմնացորդ, Իմ դեմ ելավ աննկատ, Որպես անհայտ մի անցորդ Անիվիս մեջ դրեց փայտ։
Իմ դեմ գործեր կարեցին, Կորզեցին սուտ ցուցմունքներ, Իմ պես մարդուց՝ կարեկից, Քաղեցին դառն արցունքներ։
Հիմա, ասեք, ի՞նչ սրտով Ինչպե՞ս սիրեմ ձեզ էլի, Իմ ֆեյսբուքալայքամոլ, Իմ ընտրողներ սիրելի։
Ախ, տխուր եմ ու մոլոր Հանց գազելի մի վարորդ. Ուղևորներս բոլոր Ցավիս եղան անհաղորդ։
Բայց իմացեք, որ նորից, Գարուն կգա իմ մոտ էլ. — Կսիրեմ ձեզ՝ բոլորիդ, — Կասեմ, — շատ եմ կարոտել։
Իմ ընտրողներ երբեմնի՝ Իմ դերձակ ու վարսավիր, Մեր բակում էլ կլինի Շուտով զվարթ հարսանիք։
Դավիթ Սանասարյան Davit Sanasaryan Ձոն առ պասաժիր
Լսի՜ր, որդի՜ս, անկապ որպես Մեր Գալուստի խոսքը սրտանց. Այսօրվանից Արան էլ քեզ Վերադիր է անվերադարձ։
Կտրել է նա, հանց Արշավիր, Երկինքները Յունեսկոյի, Շառաչել է Խորովածի Խաշլամի հետ Մալիշկայի։
Ու Պուտինի սուրբ հանճարով Դարձել է գիր նա ճանաչող, Դարձել է լու՜յս, դարձել է կույս, Ու խավիարի դեմ մարտնչող…
Նրա մոտ է մրմնջացել Հայ խոպանչին վերքն իր սրտի, Նրա մոտ է քրքջացել Հարուստը՝ հայ ժողովրդի։
Ու տես, որդի՜ս, ուր էլ լինես, Այս լուսնի տակ ու՜ր էլ գնաս Թե Գալուստին մտքից հանես, Դու Արային չմոռանաս։
Սիլվա Հակոբյան Տաղ Արայի
19.10.2015