Վերադառնալ ընթերցարան

98 · 17.12.2015

ընտրաՎրեժը

99 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

«Տրցակ» բառը առաջին անգամ Վրեժը լսեց «դիտորդից»։ Մինչ այդ, նա գիտեր, որ իր կողմից զգուշորեն քվեատուփի մեջ դրված կապով քվեաթերթիկները առավելագույնը կարող էին կոչվել «դափոն»։ Բայց «տրցակ» մտքով չէր էլ կարող անցնել։

Նախ, շատ զարմացավ երբ պարզվեց, որ «դիտորդը», որի գալուց դողում էր ամբողջ ընտրատեղամասը՝ սկսած նախագահից, վերջացրած հանձնաժողովի «ընդդիմադիր» անդամներով, ընդամենը մի քսանամյա սովորական աղջիկ է։ Հետո ավելի ապշեց, երբ այդ վտիտ աղջիկը, խելախոսի տեսախցիկը միացրած մոտեցավ քվեատուփին, նկարահանեց այնտեղի եղած-չեղածը, ապա խելախոսը շրջեց իր կողմ ու աչքերի մեջ նայելով հարցրեց․ — Դուք տեսնո՞ւմ եք այս տրցակը, — ու մատով ցույց է տալիս քվեատուփը։ — Քուրս, էտի քվՅատուփա, տՌԾակ չի։ — Ես չեմ խոսում քվեատուփի մասին։ Ես այն շատ լավ տեսնում եմ։ Գուցե սա Ձեր տրցա՞կն է, դա՞ է պատճառը, որ խուսափում եք պատասխանելուց։ Վրեժը հնդկահավի նման կարմրեց․ — Ուրեմըմն ուշադիր լսի ինչ եմ ասԸմ, աղջիկ ջան։ Մի հատ ուշադիր նայի՝ կարողա՞ տատուդ տռծակնա, կորցրելա ու դու էլ տեղը չես բերում, — ապա դառձավ դռների մոտ կանգնած ոստիկանին, — ընգեր միլիցոնե՞ր, էս օրը ցերեկով մարդուն քրֆում են, ձեն չես հանո՞ւմ։ Բա դու էլ ո՞ր օրվա օրենքի պաշտպանն էս, արա։ Սրան հավքի տար ստուց։

Ոստիկանը արագ մոտեցավ, հանձնաժողովի նախագահի և անդամների ներկայությամբ կազմվեց արձանագրություն, և ուժի գործադրմամբ դիտորդին ուղեկցեց դեպի մոտակա ՆԳ բաժին։ — Դու լսա՞ր, ընձի ինչ ասավ, էդ շան քածը, արա։ Ասումա քո տռծակնա՞ քվեատուփի մեջ, — Վրեժի բարկությունը ոչ մի կերպ չէր անցնում։ — Հա, ոնց չլսա, Վրեժ ջան, — հանձնաժողովի նախագահի դեմքին ժպիտ խաղաց, — ինքը էն դրածդ «դափոնի» մասին էր հարցնում։ Տրցակը դայա, — ապա ձեռքը Վրեժի ուսին դնելով նրան ուղեկցեց դեպի դուռը։ — տղեքը նոր զանգին, Տոման սենդվիչ բաժանելուց պալիտ ա էլէ, գնա տես ի՞նչ էս կարում անես, մենք ստե յոլա կտանենք, ախպեր։

ընտրաՎրեժը 17.12.2015