Վերադառնալ ընթերցարան

116 · 01.03.2016

Մեկի մարտը կամ մարտի մեկը

117 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Կեսօրն անց է արդեն։ Թեքվեց օրը։ Ձիս հոգնել է, բայց ես խռովահույզ՝ Թողած հեռուներում խոր անդորրը, Թուր եմ ճոճում, գոչում խելակորույս։

Խառնվել են իրար քրտինք, փոշի, Արցունքոտ են ձիուս աչքերն անքուն, Գոլորշի է ելնում կարմիր բաշից, Սմբակի տակ ծարավ հողն է ճաքում։

Կեսօրն անց է արդեն։ Արնաշաղախ, Վախվխելով մահից՝ գոռում, գոչում, Առանց քայլ անելու, միապաղաղ Բոլորն իրար վրա սուր են ճոճում։

Ամեն վայրկյան մի տեղ մեկը մեռնում, Ամեն վայրկյան մի տեղ մեկը կորչում, Ուրիշներն են նրանց տեղը բռնում, Նորը հնի բռնած սուրն է ճոճում։

Մեկն ուրիշի ձիով, մեկը անձի, Մեկը մեկի թրով, մեկը անթուր Մեկը, ահա, կախվել ձիուս սանձից՝ Փրկություն է հայցում աղեկտուր։

Ես՝ մոռացած անուն, ձիրք ու կոչում, Գլխակորույս նետվել բոհը ռազմի, Սերունդներին անմեղ կռվի կոչում՝ Թմբուկներ եմ խփում պատերազմի։

Թմբուկներ եմ խփում պատերազմի Տառապանքի ծառից ամուր կառչած, Ներբողներ եմ ձոնում դարակազմիկ Հերոսների համար՝ մահը կարճած։

Ես խոցված եմ, խոցված՝ խորը վերքով, Ձիս տանջաբեկ, հոգնած, մահը բկին, Ամուր սեղմել վերքս երկու ձեռքով, Համոզում եմ ձիուս, որ չընկրկի։

Համոզում եմ նրան չնահանջի, Տոկա գոնե մինչև իրիկնամուտ, Չէ, որ հետո կապրենք ըստ պահանջի՝ Պատերազմը փող է ու եկամուտ։

Համոզում եմ նրան, ես, համոզում, Փորձում ոգևորել, խրախուսել, Պատճառներ եմ բերում, հիմքեր բազում, Սրա-նրա վրա ճոճում սուր ու սուսեր։

Բայց ո՞ւմ դեմ եմ անսայր սուրս ճոճում, Ու՞մ եմ ուզում խոցել ձիուց գցել, Երբ ոչ ձի կա, ոչ սուր, ոչ էլ կոչում, Իսկ ինձ ընդամենը ճանճ էր կծել։

Մեկի մարտը կամ մարտի մեկը 01.03.2016