Վերադառնալ ընթերցարան

117 · 04.03.2016

(Փ)նովել

118 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Բավականը փեշերը հավաքեց, որ խալաթի կիսամաշ ծերպերը չցեխոտվեն, կռացավ աղբյուրի վրա, նայեց՝ կուժը կիսով չափ լցվել էր։ — Կես ժամ՝ հինգ լիտր ջրի համար։ Բա սա խի՞ղճ է։ Հետո էլ ասում են, թե Աստված կա։ Բա Աստված լիներ՝ մեզ էսպես անջուր կթողնե՞ր։ Բա չէր խղճա՞։

Գոնե աղբյուրի շուրջը պտտվող ծարավից ցամաքած էս կովերը չլինեին՝ մարդ հանգիստ խղճով կուժը թողներ աղբյուրի տակ՝ գնար իր բանին։ Մի կես ժամից էլ գար վերցներ կուժն ու հասցներ հնձի տեղը ծարավից պապակված մարդուն։

Խեղճը հիմա, ով գիտի՝ ինչ վիճակում է։ Երևի արդեն էնքան է հայհոյել, որ կռների հետ լեզուն էլ է բռնվել, — ժպտաց, ապա ձեռքը դրեց ճակատին, որ արևը աչքերին չընկնի ու նայեց կովերի կողմը, — Տեսնենս էս ո՞ւմ սատկածներն են։

Էն նիհարը պազի շոֆեռ Սաշիկինը կլինի, — էլի դեմքով ժպիտ անցավ, — Տնաշենը երևի էս խեղճ անասունի բաժին խոտի կեսը ինքն է ուտում։ Թե ասա, ծախի, կամ մեկին նվեր տուր։ Մե՞ղք չի էս անասունը, այ անասուն։ Մորթելու էլ չի, որ մորթվի։ Սա, որ էս խոտի բոլ ժամանակ էսքան նիհար է, դժվար՝ ձմեռը գլորի։

Էն դինջն էլ ախպոր՝ Սերժիկի կովը կլինի, նրա նման փուշ կերած է։ Լոշտակները սրել, աչքերը չռել՝ ուշադիր նայում է, ոնց որ թե ես հայրենիքի դավաճան եմ, ինքն էլ ազգանվեր ԿԳԲ-ի գործակալ։ Այ, տերդ թաղեմ, հա՜։ Ճիշտ են ասում՝ որ ապրանքը տիրոջը չքաշի՝ կասեն գողանովի է։ Էսքան ժամանակ էս կովին մի անգամ չտեսա կանեփից բացի ուրիշ բան ուտի։

Հենա, էն աղոթած էշն էլ Լյովիկի կովն է։ Ի՞նքը, ճակատաի սպիտակ խա՞չը։ Կարդացած կով է երևում, — Բավականը ծիծաղը չկարողացավ զսպել։ Նայեց կողքերը, ապա էլի ժպտաց, — մեկը տեսնի մենակ կանգնած ծիծաղում եմ՝ գժի տեղ կդնի։

Հանկարծ հեռախոսը զնգաց։ Խալաթի գրպանից հանեց կիսամաշ Նոկիան, մոտեցրեց դեմքին, աչքերը կկոցեց որ տեսնի՝ զանգողն ով է։ Մի կերպ կարողացավ տարբերել՝ ամուսինն էր, — հազար անգամ ասի, մի հատ սմարթվոն առ։ Էն Վարդուշի սմարթֆոնից, որ զանգ գա, ինքն ասի, թե ով է զանգողը։ Սա կյանք ա՞, միչև կարդում ես, թե ով է զանգողը՝ կյանքիդ կեսը գնում է։

Հեռախոսը շարունակում էր զնգալ։ Միացրեց, դրեց ականջին։ — Հա, Բաղդասար ջան, էսա, ջուրը համարյա լցվել է, կուժն առնում եմ ու գամ... Դրա համար չես զանգե՞լ։ Բա ինչի՞ համար ես զանգել... Ազատի տղերքն են մեռե՞լ։ Երե՞քն էլ։ Ասում ես՝ Սաշիկի ՊԱԶ-ով ավարիա են տվե՞լ։ Վու՜յ, Բաղդասար ջան, ֆերմայի նախագահ Սերժիկն էլ է մեռե՞լ... Հա, հիմի գնամ տուն, շորերդ պատրաստեմ, որ գաս փոխվես գնանք․․․

Բավականը շվարել էր։ — Հետո էլ կասեն, թե Աստված չկա, — շշնջաց, հեռախոսը նորից տեղավորեց խալաթի գրպանում։ Ձեռքը մեկնեց, որ կուժը բարձրացնի, աչքը ընկավ կովերին։ — Քոռացա ես՝ սրանց հաստատ խաշլամա կանեն։

Կովեր (Փ)նովել

04.03.2016