Խորենը, որ «ամենակարդացածն» էր, իր գիտակից կյանքի ընթացքում շուրջ 68 անգամ հասցրել էր կարդալ Կորածի միակ գրադարանի միակ գիրքը՝ «Վարդանանքը»։
Մեծերը պամում էին, որ Խորենի մայրը, նույնպես ոչ պակաս կարդացած կին, դեռ այն ժամանակ, երբ Խորենով հղի էր, հաճախ էր այցելում գրադարան, գրադարանավարուհուց՝ Այդա Ալեկսանդրովնայից խնդրում էր գիրքը, նստում էր փորիկ ընթերցասրահում և դեռևս մոր արգանդում գտնվող Խորենի համար բարձրաձայն ընթերցում հայ ազգին պարսիկների կողմից պատճառած անհուն ցավերի ու կորուստների մասին։
Հետո, երբ Խորենը ծնվեց, մայրը նրա համար արդեն գիրքը տուն էր տանում և հեքիաթ պատմելու փոխարեն ընթերցում դրվագներ Վարթանանքի տարբեր գլուխներից։ — Խորենս պիտի գրագետ մեծանա, — հպարտությամբ ասում էր մայրը, — ու հայրենասեր։ Իսկ դրա համար նա պիտի իր ազգի պատմությունն իմանա։ Իմանա, թե ումից ինչի համար պիտի ոխ հանի։
Հիմա արդեն Խորենը մեծ է։ Ու ինչպես մայրն էր երազում, և՛ գրագետ է և՛ հայրենասեր, և՛ իր ազգի ու նախնիների պատմությունը գիտի գրեթե անգիր «Վարդանանքի» առաջին բառից մինչև վերջինը։ Հիմա նա հեղինակություն է Կորածում, ու գյուղապետի «վաստակավոր Ամենակարդացած» մեդալը արդեն 5 տարի է, որ մոր մահից հետո հիմա էլ ինքն է ստանում։
Աշխարհից կտրված լինելու պատճատով Կորածում հազվադեպ կտեսնես որևէ օտարականի։ Բայց անցած տարի Կորածի գյուղապետի այցելությունը մայրաքաղաք շատ բան փոխեց Կորածի միապաղաղ առօրիայում։
Բանն այն է, որ մայրաքաղաքում գյուղապետը ծանոթացել էր երկու պարսիկների հետ, որոնք նրա հետ նամակագրական կապի մեջ էին, և վերջին նամակում ցանկություն էին հայտնել այցելել Կորած, հյուրընկալել գյուղապետին և իրենց կողմից էլ մի քանի գիրք նվիրաբերել կորածի գրադարանին, որոնց մեջ, ինչպես իրենք էին հայտնել, պիտի լինին նաև «Շահնամեի» տասնհինգ մասերը։
Լուրը Խորենը շատ ցավոտ տարավ, և երբ պարսիկ հյուրերին գյուղ մտնելն արգելելու գյուղապետին ուղղված նրա հորդորները մնացին անպատասխան, Խորենը դպրոցի դաշտում հավաքեց գյուղի ժեղովրդին (քանի որ նախագահը կլուբում ժողով անցկացնելը չարտոնեց) և սկսեց նրանց բացատրել պարսիկ հյուրերի գյուղ ներթափանցելու ամբողջ վտանգների և բացասական հետևանքների մասին։
— Ընկերներ, նախ և առաջ մենք իրավունք չունենք ուրանալ Ավարայրի սուրբ զոհերի հիշատակը։ Նրանք նահատակվել են հանուն մեր այսօրվա ազատ և բարեկեցիկ կյանքի։ Նրանք անհավասար պայքարում հերոսաբար իրենց կյանքը դրեցին կշեռքի մի նժարին, որպեսզի մյուս նժարը, որի վրա մենք ենք՝ նրանց սերունդները, վեր բարձրանա և բարձր պահի մեր ինքնությունը։
Ընկերներ, գուցե ձեզանից շատերը տեղյակ չեն, և այսօր ժամանակն է, որ դուք իմանաք ողջ եղելությունը։ Բանն այն է, սիրելի հայրենակիցներ, սիրելի համագյուղացիներ, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են ոտք դնել մեր սուրբ հողի վրա, հանդիսանում են այն նույն պարսիկների ժառանգները, ովքեր ստորաբար հարբած փղերի գունդ հանեցին մեր նախնիների դեմ։ Կարո՞ղ ենք արդյոք մենք մոռանալ դա։ Ոչ, ոչ, երիցս ոչ, ընկերներ։ Աստված մեզ չի ների։ Այդ նվաճողների ոտքը չպիտի լինի մեր երկրում։
Դուք կհարցնեք՝ իսկ չէ՞ որ նրանք գրքեր են բերում, որոնցով մենք կարող ենք հոգևոր սնունդ ստանալ։ Իսկ ես ձեզ հանդիպակաց հարց կտամ։ Պատրա՞ստ ենք արդյոք, մենք վաճառել մեր նախնիների պատիվն ու անունը հանուն մի քանի կտոր գրքի։ Միթե՞ մենք չենք կարող գոհանալ ինչպես որ մեր հայրերն ու պապերն են գոհացել գրական այս հազվագյուտ գոհարով՝ Վարդանանքով։ Չէ՞ որ, ընկերներ, մենք կարողանում ենք մեր հավատը վառ պահել առանց Աստվածաշնչի, միայն «Վարդանանքով»։ Ի՞նչն է հապա մեզ խանգարում մերժել նրանց ընծաները և հետ շպրտել նրանց մեր Սուրբ հողից։ — Այո՜, — գոռացին հավաքված Կորածեցիները միաբերան։ — թող կորչեն նվաճողները։ Մեզ պետք չեն տուրիստներ։
Կորածի օրագիր Նովրուզ
22.03.2016