Վերադառնալ ընթերցարան

128 · 24.03.2016

Տատս ու պապս

129 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

— Զարզանդ ջան, Զարզանդ, էդ կողքիդ ցախավելը կտա՞ս կալոշներս սրբեմ։ — Ախր, Նվարդ ջան, էդ ցախավելը կալոշներիցդ թրիքոտ է, դրանով ո՞նց ես մաքրելու կալոշներդ։ — Ա՛յ, ամբողջ կյանքում էդպիսին ես եղել։ Հազար պատճառ կբերես, միայն թե խնդրանքս մերժես։ — Ա՛յ կնիկ, իմ համար դժվար չի էդ անտեր ցախավելը քեզ փոխանցելը, բայց ո՞վ է տեսել, որ ցախավելով կալոշները սրբեն։ — «Ով է տեսել»... Ո՞վ է տեսել... Հիմա որ Յագորի կնիկ Վերգուշը ուզեր՝ հո կտայի՞ր... Ասա՛, որ չէիր մերժի։ Ասա, որ սուս-փուս կտայիր... — Տես է, ի՞նչ է ասում... Այ ախչի, դարդս կտրե՞լ է, որ ես Յագորի կնկան նստեմ-բացատրեմ, թե թրիքոտ ցախավելով կալոշ չեն մաքրում։ Իրա գլխին մարդ ունի, ես ինչի՞ պտի խրատ տամ նրան... — Հա, բա ո՞նց... Էդ էր պակաս, որ դու իրեն խրատ տայիր... դու կալոշները հանել կտայիր ու անձամբ կսրբեիր։ Թե քեզ թվում է չտեսա, թե ոնց գոմից դուրս եկող Վերգուշի կովի կրծքերին երկար-բարակ նայեցիր ու մի հատ էլ խոր հոգոց քաշեցիր, թե «դրուստ են ասում, թե ապրանքը տիրոջը չքաշի՝ կասեն գողացած է»։ էն էլ էն կովին, որ օրումեջ ցլի են տանում։ Քեզ թվում է Նվարդի աչքից բան կվրիպի՞... — Այ կնիկ, դու լրիվ ցնդեցի՞ր։ Նախ էդ կովը մենակ Վերգուշինը չի, երկրորդն էլ՝ ցլի... — Սու՛ս, սու՛ս... սու՜ուս... հիմա էլ կասես, թե դրանց կովը մեծ կրծքերով Յագորին է քաշե՞լ։ — Ի, Նվարդ, նվարդ... տերդ չթաղեմ, դու էդ կովի պտուկները տեսե՞լ ես։ Տեսել էս էդ խեղճ անասունի պտուկների ճաքերը։ Իսկը ոնց որ Յագորի մատներեը լինեն՝ անխնամ ու ճաքճքած։ Ախր, որ խեղճ անասունը կթվելիս չլիներ, սրտիս էդքան ցավ չէր տա... — Այ, տեսնո՞ւմ ես։ Դե դու, հիմա Վերգուշի պահած մարդուն էլ նայի, իմ պահած-պաշտածին էլ։ Մի ալարի՝ գոմի դուռը բացիր ու տե՛ս, թե Նվարդի խնամած կովի կրծքերը ինչ մաքուր ու շարմաղ են... Վերգուշի ծծերից էլ մաքուր են։ Ու ասեմ իմացի՝ էդ քո հավանած Վերգուշը կալոշները թրիքոտ ցախավելով է մաքրում։ — Նվարդ, դու շատ լավ գիտես, որ Վերգուշն իմ հավանածը չի, իմ հավանածը դու ես... Ու ես էլ շատ լավ գիտեմ թե ինչքան մաքրասեր ես դու ու էնքան հոգատար, որ կթելուց առաջ կովի կուրծքը գոլ ջրով ես լվանում։

Տիգրան Սարգսյան Տատս ու պապս

24.03.2016