Կար-չկար Ղազար անունով մի մարդ կար։ Ղազարը մի ծեր հայր ուներ, որը ամբողջ ժամանակ կերակրել, պահել Էր Ղազարի ընտանիքը։ Բայց մի օր էլ էս մարդը հիվանդացավ, անկողին ընկավ ու զգալով մոտալուտ մահը կանչեց Ղազարին և ասաց․
— Ղազա՛ր, որդի՛ս, մենք ամբողջ կյանքում չաշխատելով, միաժամանակ խոպան չենք գնացել, արտասահմանի բարեկամներից գումար չենք ստացել, ՀԿ-ներից ու բարեգործական հիմնադրամներից օգնություն չենք խնդրել, «Փարոսից» չենք օգտվել, բայց ապրել ենք ոտներս ոտներիս գցած ու «օֆ» չենք քաշել։
Իհարկե, հարուստ չենք եղել, բայց դու լավ գիտես, որ սոված էլ չենք մնացել։ Աշխարհը ոտքի տակ չենք տվել, բայց մեր հայրենիքի սարերն ու ձորերը բոլորը հինգ մատի պես գիտենք։ Սանատորյաներ չենք գնացել, բայց մեր բակի աղի վաննաները միշտ անպակաս են եղել և ուզածի չափ կազդուրվել ենք նրանց մեջ։
Եկել է ժամանակը, որ ես քեզ բացեմ, մեր չաշխատելով ապրելու գաղտնիքը։ Նկուղում մի մեծ աղաման կա, աչքովդ ընկած կլինի, ես այն ժառանգել եմ իմ հորից, իմ հայրն էլ իր հորից ու էդպես շարունակ։ Դա սովորական աղաման չի, այլ կախարդական։ Այն միշտ լի է աղով ու ինչքան էլ, որ դատարկես, հենց կրկին տեղն ես դնում, աչքերդ փակում-բացում ես՝ էլի լիքն է ու օրվա մեջ քանի անգամ ուզես։
Բայց կա մի պայման։ Աղը տան կարիքների համար կարող ես օգտագործել ինչքան որ սիրտդ ուզի, սակայն ուզածիդ չափ վաճառել՝ չես կարող։ Աղամանի կղքին փոքրիկ պարկ կա, դու օրական մեկ պարկից ավելի իրավունք չունես վաճառելու։ Խոստացիր, որ պայմանը չես խախտի։
Ղազարը գլխով արեց, որպես հավանության նշան, ու ծերունին տեղում շունչը փչեց։
*** Ղազարը մի կին ուներ, անունը Բլղուր։ Էս Բլղուրը, որ իմացավ աղամանի մասին, քունը կորցրեց։ Սկսեց գիշեր-ցերեկ համոզել Ղազարին, որ կամ աղի արտադրման ծավալները մեծացնի, կամ որպես վերջին տարբերակ, օլիգարխներից մեկի վրա, աղամանը մի կլորիկ գումարով ծախի ու էդ փողը մի ավելի եկամտաբեր գործի մեջ դնեն։
— Ղազար ջան, ախր էսպես չի լինի։ Հորդ ու պապերիդ ժամանակ կյանքը ուրիշ էր, պահանջների կյանքի հանդեպ ուրիշ էին։ Էն ժամանակ կողքի գյուղի գետում թրջվելն էլ շրայլություն էր, բայց հիմա ամռանը ծով չգնալով մենք մեզ էլ, մեր երեխաներին էլ զրկում ենք կյանքը գեղեցկացնելու տարրական հաճույքից։
Ես քեզ չեմ ասում մի պարկից ավելի վաճառենք, բայց կարո՞ղ ենք չէ, էս բակի աղի վաննաները մեծացնել ու վարձով տալ մի գործարարի, ինքը առողջարան սարքի, աշխտեցնի։ Էդպես մենք աղը չենք վաճառի, այլ ծառայություն կմատուցենք։ Ու միաժամանակ մատը մատին չտալով օդից փողեր կբռնենք։
Բայց Ղազարը տեղի չէր տալիս․ — Ոչ մի դեպքում, — ասում էր նա, — էդ էր մնացել, որ մենք ծառայություն մատուցենք։ Բա մենք ծառայություն մատուցո՞ղ ազգ ենք, բա մեր ընտանիքին հարի՞ր է ծառայություն մատուցելը։ Ես տղամարդ եմ, խոստում ունեմ տված ու իմ խոստումը պիտի կատարեմ։ Իսկ աղամանը վաճառելու մասին խոսք լինել անգամ չի կարող՝ այն մեր ընտանեկան մասունքն է։
Սրանց վեճը էնքան թեժացավ, խոսք ու զրույցը էնքան շատացավ, ամբողջ պատմությունը ընկավ էդ կողմերում քաջ հայտնի Կիսաբացի Հրաչ անունով գզիրի ականջը։ Դե գզիրը որ իմացավ՝ բոլորն իմացան, ու մի օր էլ թաղային ոստիկանը եկավ, որպես վիճաբանության հիմք և իրեղեն ապացույց աղամանը առգրավեց, տարավ։
Բլուղրը էս փաստը սարսափելի ծանր տարավ։ Այն աստիճան ծանր, որ աղամանի հողի վրա հոգեկանը խանգարվեց ու խեղճը օրերով փողոցներում թափառելով, ում տեսնում՝ հարցնում էր․ — Ղազարիս աղամանը տեսե՞լ ես։ Ղազարիս աղամանը չես տեսե՞լ։ Կամ երկու ձեռքով ամուր բռնում էր գլուխը ու կանչում․ — Ղազարիս աղամանը, Ղազարիս աղամանը․․․ — Ղազարի Բլղուրն է, — եզակի անծանոթներին ներկայացնում էին տեղացիները։
Բլղուրի խելագարվելուց հետո Ղազարը նրան տեղավորց հոգեբուժարանում ու Ղազարին էլ ոչ ոք չտեսավ։ Խոսակցություն կար, թե երեխաներին վերցրել ու գնացել է հյուսիս, խուլ մի տեղ կպցնող է աշխատում, թե ինչ է կպցոնում, ինչով է կպցնում, կամ թե ինչքանով՝ ոչ ոքի հայտնի չէ։ Նաև ասում էին, որ մի երեխատեր կնոջ հետ է կապնվել, մի բարձրաստիճան պաշտոնյայի, ու առաջա նման ոտը ոտին գցած վայելում է կյանքը։
Հոգեկան խանգարումից հետո Բլղուրը երկար չապրեց։ Բայց, չնայած կարճ կյանքին, խոր հետք թողեց մանկան ֆոլկլորի վրա։ Մինչև հիմա էլ կարելի է բակերում հանդիպել երեխաների, որոնք խաղում են «Ղազարանց Բլղուր»։
Ճիշտ է, սերնդեսերունդ անցնելով, տարիների ընթացքում խաղի բառերը փոքր ինչ աղավաղվել են, բայց ձևը մնացել է անփոփոխ․ Երեխաներից մեկը գլուխը բռնած քայում ու «Ղազարիս աղամանի» փոխարեն հիմա կանչում է․ — Ղազարոս Աղայան Իսկ հետևից գնացողներն էլ նախկին «Ղազարանց Բլղուրի» փոխարեն, հիմա գոռում են․ — Հազարան բլբուլ, հազարան բլբուլ։
Ասք ղազարանց Աղամանի և ղազարանց Բլղուրի մասին
25.03.2016