Վերադառնալ ընթերցարան

131 · 27.03.2016

Շմայիսի սիրտը

132 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

— Առաքե՛լ... Ա՜-ռա՜-քե՜լ... Առաքե՜լ... այ տղա, Առաքել, քյառացա՞ր... այ տղա, չես լսո՞ւմ — Հա, մամ — Առաքել, էդ խանութպան Արուսի խանութից մի 10 հատ ձու վերցրու, բեր տուն։ — Մամ, մոտս փող չկա։ — Այ տղա, փող չունես՝ անուն-ազգանուն էլ չունե՞ս։ Ասա, թող տետրում գրի՝ տատու թոշակը ստանանք՝ կտանք։ — Լավ... Բայց... մա՜մ... — Ի՞նչ... — Բայց տատու թոշակից շատ պարտք ունենք Արուսին։ — Ասա, թող էս էլ գրի, մի անգամից կտամ։ — Լավ... Բայց... մա՛մ, մա՜մ... — Չո՜ռ, հիմա ի՞նչ, եղավ — Մամ, բայց, տատին մեռած ա, մեզ էլ արդեն մի տարի կլինի թոշակը չեն տալիս, կտրել են։ — Դա քո գործը չի։ Մտի մոտը՝ ասա, մաման ասումա զատիկին ներկելու համար տաս հատ ձու տուր։ Թող նիսիայի տետրում գրի, ես փողը թոշակի օրը կտամ։ — Մա՜մ... — Այ, տղա, դու ինձ ինֆարկտի ես հասցնելու...

․ — Մա՞մ... մա՜մ... մամա՞... մա՛մ... մամա՛... — Հանգիս... հանգիստացեք... հանգիստ... — Մեռե՞լ եմ — Ինչպե՞ս... — Ես էլ կուզենայի իմանամ, թե ինչպես։ — Դուք, հիմա, մի հուզվեք, ձեզ հուզվել չի կարելի։ — Այսի՞նքն, ո՞նց թե, մեռել եմ ու հուզվել չի կարելի՞։ Էդ որ դու մեռնեիր, չէիր հուզվի։ — Ի՞նչ եք ասում, դուք չեք մեռել։ — Չեմ մեռե՞լ — Չէ, դուք աստծո կամոք, ողջ և առողջ եք։ — Բա, մաման ուր գնա՞ց։ — Մաման էստեղ չի, դուք երևի զառանցում էիք։ — Դու ես զառանցում արա՛, այ համբա՛լ։ — Խնդրում եմ մի հուզվեք, ձեզ հուզվել չի կարելի,... մի շարժվեք։ Դուք հանգիստ պառկեք՝ ես հիմա բժշկին կկանչեմ։ — Տո կանչի... ում ուզում ես կանչի։ Փաթթած ունեմ քեզ էլ, քո բժշկին էլ։ Կարաս պապաներիդ էլ կանչես։ Ու, վաբշե, վեր ընգի տեղդ, քանի չեմ բռնել ու բռնաբարել։ — Բժի՜շկ... բժիշկ... հիվանդի վիճակը սրվում է...

․ — Մա՞մ... — Էկա՞ր, բալես — Էկա, բայց ձուն չբերեցի։ — Ի՞նչի — Արուս տոտան չտվեց։ Ասեց մորդ ասա, որ Գյուլնազ տատու թոշակի մասին հեքիաթներին էլ հավատացող չկա։ Ասեց... ասեց հերիք է խափեք մարդկանց, մի քիչ ամոթ ունեցեք։ — Ասի՞ր, որ զատիկին ներկելու համար ես ուզում... — Հա — Բա, ի՞նչ ասեց — ... — Ի՞նչ, ասեց — Ասեց, մորդ ասա՝ կուզե՞ս, Վալոդիս ասեմ գա, իրա եկուսը ներկեք, յոլա գնացեք։ — Հողս գլխիդ, Արու՜ս... ուրա՞ էն կռտածին ձու, որ յոլա էլ գնանք։ Ոչինչ, Արուս աղջիկ, ոնց էլ չլինի, մի օր Առաքելս մի պաշտոնի կլինի։ Քթերիցդ է բերելու։ Առաքե՛լ... — Ի՞նչ — Առաքել, խոստացի՞ր, որ մեծանաս, ու հնար ունենաս, էդ Արուսին ու իրա նմաններին, բռնաբարելու ես։ Խոստացի՛ր․․․ Խոստացիր, որ դրանց բոլորին կգլխատես ու կփաթթես․․․ կփաթթես... — Մա՞մ... մամ — Կգլխատես... ու... կփաթթ... — Մա՞մ... լավ չե՞ս... մա՞մ, քեզ ի՞նչ եղավ...

․ — Մա՞մ... մամա... մա՛մ... — Հանգստացեք... հանգիստ... հանգիստ... ամեն ինչ կարգին է... — Էս որտե՞ղ եմ... — Դուք հիվանդանոցում եք, սրտի փոխպատվաստման վիրահատություն եք, տարել։ Ամեն ինչ անցել է հաջող։ Հիմա դուք բոքսում եք։ Եթե ամեն ինչ լավ լինի վաղը ձեզ կտեղափոխենք հիվանդասենյակ։ — Բա դու ո՞վ ես — Ես Ձեր բուժող բժիշկն եմ։ — Բա էն աղջիկն ով էր, որ գնաց — Նա բուժքույրն էր, ինձ էր օգնում, բայց քանի որ Ձեզ բարկացրել է, մենք նրան կփոխարինենք մեկ այլ բուժքրոջով։ — Հա էլի, ախպոր պես։ Դրան ռադ արեք։ Նեռվերս կերավ, արա․․․ Էկել, ընձի ասում ա «զառանցում ես»։ Տո, ասիմ, այ համբալ, պապադ ա զառանցում, աղչի։ — Խնդրում եմ դուք մի հուզվեք։ — Էդ ընչի չհուզվե՞մ է։ Կարողա՞ անորակ սիրտ եք դրել։ — Չէ, ինչ եք ասում։ Երիտասարդ սպորտսմենի սիրտ ենք դրել։ — Խի, իմ սրտին ինչ էր եղել, որ — Ձեր սիրտը չափազանց ճարպակալված էր։ Ու բացի այդ, արյունատար անոթները բավականին խցանված էին։ Երբ Ձեզ հասցրին այստեղ դուք արդեն ուղեղի թերսնումից կորցրել էիք ձեր գիտակցությունը։ — Արա, այ ախպեր ճան, ինչ թերսնում։ հիմիկվա պես հիշում եմ, որ վատացա՝ քեֆի տեղն էի ու երկու ժամում հինգ շիշ քյաբաբ էի փաթթել ու ներս արել։ — Այսինքն ինչպե՞ս թե ներս էիք արել։ — Դե, կերել էի էլի։ Տուպո՞յ ես։ Չես հասկանո՞ւմ — Ա՜, նե՜րս էիք արե՞լ․․․ հասկացա, իհարկե։ — Հա՞... դե լավա։ Թե չէ երկար-բարակ բացատրելու զայլա չկար։ Ասում ես սպորտսմենի սիրտ եք դրե՞լ։ — Այո։ 24 տարեկան։ — Բա, ո՞նց համաձայնվեց տա։ Թե՞ զոռով եք հանել։ — Չէ, ի՞նչ եք ասում, ինչպես կարելի է զոռով հանել։ Նա վթարի զոհ է դարձել։ — Յա, ասա բախտս կռուպնի բերելա էլի։ — Դե... — Ասում ես, առողջ սիրտ ա՞ — Այո, շատ, ես կասեի անթերի։ Ձեզ մնում է միայն կազդուրվել։ — Արա, բժիշկ, էս ի՞նչ լավ բան ասիր։ Փաստորեն, հիմի, որ տղեքի հետ խմելուց ըլնենք, արխային, առանց ինֆարկտից վախենալու, կարամ ասեմ՝ «թող Աստված ամենքին իրա սրտով տա՞»։ Արա, չարդ տանեմ, բժիշկ ջան։ Էս ո՞նց ընձի ուրախացրիր։ Դուրս գրվեմ, ու դու տես, թե Շմայիսը ոնց ա իրա թազա սրտով սաղին գլխատում, բռնաբարում, փաթթում ու փռում արևին՝ չորանան։

Միխաիլ Բուլգակով Շմայիսի սիրտը

27.03.2016