Վերադառնալ ընթերցարան

133 · 29.03.2016

Մարսատյացները

134 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Այս գարուն ինչե՜ր եմ ցանել, Դրախտի անհամար բույսերից, Բազմամյա թփեր ու ծառեր, Բյուրավոր իղձերի, հույսերի։

Ու թեև չքաղեմ գուցե, Ցանածիս պտուղը հյութալ՝ Ծառրն ու թփերն այս լուսե Շատ ուշ են բարիք ու բերք տալիս,

Բայց… ցանել՝ պիտի խնամեմ, Ի՞նչ կապրի այս կյանքում անխնամք, Գարուն է՝ ցուրտը կտանի, Կարկուտը կծեծի անխնա։

Այս գարուն ինչ ասես՝ չեմ ցանել, Դրախտի անհամար բույսերից, Հույզերս, հույսերս արձանել, Արել եմ պատվանդան լույսերի։

Հույզերս, հույսերս արձանել՝ Շարել եմ ճամփեքին, մայթերին։ Գարուն է... գարուն է բաղձալի, Գարուն է կատարյալ, անթերի։

29․03․2016

— Եվ այսպես, պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս եղավ։ — Գուցե նախ ներկայանա՞մ։ Եթե չգիտեք, ասեմ, որ ընթացակարգն է այդպես պահանջում։ — Եթե հիշում եք, ես եմ եկել ձեր մոտ, և, ըստ էության, եթե ես չիմանայի ձեր ինքնությունը, համաձայնեք, որ դժվար կլիներ գտնել ձեզ, եթե ոչ անհնար։ — Պարոն, այո, եկեք չմոռանանք, որ դուք եք իմ հյուրը, և ոչ թե ես ձեր։ Հետո, անկախ նրանից, թե Դուք ինձ որքանով եք ճանաչում, ենթադրություններ անելու փոխարեն, պարտավոր եք իմ մասին հարցնել ինձանից։ — Լավ։ Ներկայացեք խնդրեմ։ — Սիրով։ Բանաստեղծ, արձակագիր և, անխոս, հրապարակախոս։ Տասը-քսան գրքերի հեղինակ, հրատարակված մեր մոտ, Բաղդադում, Չին-Մաչինում, Մըսըրում և Ալանաց աշխարհում՝ Ադրինե Պետրոսյան։ — Հաճելի է։ Հիմա խնդրում եմ պատմեք։ — Ի միջիայլոց, շախմատի աշխարհի չեմպիոններից մեկը կրել է իմ ազգանունը։ Բայց դա կարևոր չէ։ — Կպատմե՞ք — Պատմեմ, իհարկե։ Մեր գյուղում՝ Կորածում, մի դիրիժոր կա։ Մի քանի օր առաջ նա հայտնեց, թե ոմն Յարոսլավից լսել է, որ գյուղում ֆաշիստներ կան։ Մեր գյուղին քչից-շատից ծանոթ ցանկացած ոք կհաստատի, որ ֆաշիստների համար ամենահարմար տեղը գյուղի կենտրոնում, Խոռ ձորի երկու կողմերը միացնող կամրջի տակն է։ — Իսկ Յարոսլավը ձեր գյուղից է։ — Յարոսլավը «ոմն է»։ — Հասկանալի է։ Հետո՞ — Հետո, կուլտուրա ունեցեք՝ մի ընդհատեք — Կներեք, բայց հարցազրությցը ես եմ վերցնում — Դուք էլ կներեք, բայց, որ ես չտամ, դուք ինչպե՞ս եք վերցնելու։ — Պարզապես պահեր կան, որ ինձ անհասկանալի են։ — Եթե կա մեկը, ով իմ խոսքը չի հասկանում, ուրեմն նա ապուշ է։ Հասկացա՞ք․․․ — Լավ եկեք շարունակենք․․․ — Չգիտեմ տեղյակ եք, թե չէ, բայց կամրջի տակ խաղալիք պատրաստող Ռենիկի արհեստանոցն է։ Բնական է, որ ֆաշիստների գոյության պարագայում, նրանք կապաստանեին Ռենիկի մոտ։ Եվ ես ուղևորվեցի այնտեղ։ Մոտենալով Ռենիկի Ռայխստագին, ես անմիջապես անցա որոնողական աշխատանքների։ Արտաքինից, ոչինչ կասկածելի չգատա։ Ներս մտա, Արհեստանոցում ոչ ոք չկար։ Ռենիկն տեղում չէր։ Ես հարցրեցի՝ «Այստեղ ֆաշիստներ կա՞ն»։ Ոչ ոք չպատասխանեց։ Ես կրկնեցի իմ հարցը գերմաներեն, դարձյալ քար լռություն էր։ Այնուհետև, փորձեցի զրուցել տիկնիկների հետ, բայց բոլորը, ի զարմանս ինձ, համառորեն լռում էին՝ բոլորը անխտիր։ Իմ մոտ խոր կասկած ընկավ, որ Յարոսլավը ստել է։ Այո, ստել է՛։ Եվ ես իրավացի էի։ — Իսկ դուք ինչպե՞ս համոզվեցիք դրանում — Ես կանգնեցի արհեստանոցի կենտրոնում և բարձրաձայն կանչեցի՝ «Հայլ Հիտլեր»։ Իմ կոչին ոչ ոք չարձագանքեց։ Եվ ես ասացի ինքս ինձ՝ շախ և մատ ֆաշիստներին։ Գիտե՞ք, մի պահ հիշեցի իմ երիտասարդ տարիները, երբ ես էլ քչախոս էի այդ տիկնիկների նման։ Այնպես հուզիչ էր, այդ պահը։ — Կարելի՞ է մի հարց։ — Այո, իհարկե։ — Ի՞նչ եք կարծում, հիմքեր ուներ Յարոսլավը, գյուղին նման մեղադրանք ներկայացնելու։ Եվ հետո, չէ, որ նրա հայտարարությունից հետո, շատերը գյուղում, ուրախ էին ֆաշիստների հայտնվելու համար։ — Գիտեք, ինչ։ Ես որպես ձեր հարցի պատասխան իմ բանաստեղծություններից մեկը կընթերցեմ․

երբ աչքդ դնում ես դռան անցքին քիթդ կպնումա դռանը քիթդ քսվումա դռանը ու մի տեղ սատկում ա մի մարսիկ ու դու ուզում ես քիթդ քսես դռանը բայց դուռը արդեն չկա մնացելա միայն ծակը իսկ ծակին չես կարող քսել որովհետև քիթդ կարճա իսկ ծակը հեռու

— Շնորհակալություն, հարցազրույցի համար։ Ամենավերջում կմանրամասնե՞ք, թե «Մարսիկը» ի՞նչ է, կամ ո՞վ է։ — Ես տեսնում եմ, պարոն, որ դուք եզակի անհասկացող եք, բայց կպատասխանեմ ձեր հարցին։ Դա Մարսաստանի բնակիչն է։ Ի միջիայլոց, Ռենիկը ինձ գումար չի տվել, իր արհեստանոցը գովազդելու համար։ Ես դա արել եմ խղճի կամոք։

Կորածի օրագիր Մարսատյացները

29.03.2016