Վերադառնալ ընթերցարան

135 · 06.04.2016

Քե թրին

136 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Կորածի Քեթոն գյուղի առաջատար ու բազմավաստակ կթվորուհին էր։ Մահից տաս տարի անց էլ լեգենդներ էին պատմում նրա մասին, և բոլոր ուսանող կթվոր-կթվորուհիներին նրա օրինակն էին բերում։

— Քեթրինը, — բեղերը շոյելով, Կթվորական ֆակուլտետի դեկան Ամբասադորը քայլում էր լսարանում ու հիացմունքով պատմում «իր աչքի տեսածը», — մի ձեռքով երկու պտուկը միաժամանակ էր կթում։ Իմ աչքի տեսածն եմ պատմում։ Երկու ձեռքով՝ թե աջ, թե ձախ, հավասարապես էր կթում։ Կարողնում էր միաժամանակ երկու ձեռքով երկու կով կթել։ Եվ եթե կատարենք պարզ մաթեմատիկական հաշվարկ, ապա կտեսնենք, որ Քեթոն՝ նույն ինքը Քեթրինը, մեկ մոտեցմամբ կատարում էր չորս հոգու աշխատանք։ Մի մոտեցմամբ չորս պտուկ էր կթում։ Դուք պատկերացնո՞ւմ եք, նրա գերբնական, աստվածային շնորհի ծավալները։ Նա իր գործում կարելի է ասել անկրկնելի է, ինչպես ասենք ծանրամարտում Յուրի Վարդանյանը։ Ցանկացած նվիրյալ կթվոր, կթվորուհի իր սրտի խորքում պարտավոր է ձգտել նմանվել նրան։ Նա պիտի լինի ճշմարտության ձեր էտալոնը։

Բայց որքան էլ, որ կթվոր-կթվորուհիների ֆակուլտետի դասախոսական կազմը գովաբանում էր Քեթոին, սրտի խորքում մի փոքրիկ նախանձ կար նրա հանդեպ, նրա հանճարի հանդեպ։ Նախ․ որ Քեթրինը իրենց ժամանակակիցը լինելով գերազանցել էր իրենց ու իր ուրույն տեղը զբաղեցրել Կթվորաբանության ակադեմիական գրականության մեջ, և երկրորդ․ որ իրենց շրջանավարտներից չկար մեկը, ով անգամ չնչին հնարավորություն ունենար ինչ որ կերպ գոնե կրկնելու Քեթրինի ռեկորդին ցուցանիշը, այն է 568 լկ/ժ (լիտրկաթ/ժամ)։ Թերևս գրեթե չկար․․․ Գրեթե, որովհետև ընկեր Ամբասադորը մեծ հույսեր էր կապում Քեթրինի տղայի հետ․ — Մեր գործում գենետիկան շատ մեծ նշանակություն ունի, — ասել էր մի անգան Ամբասադորը գյուղապետի հետ հանդիպման ժամանակ, — Միայն ցեղական կովից կարող է ցեղական ցուլ ծնվել։ Քեթրինի նման տաղանդավոր, չեմ վախենա ասել, հանճարեղ կթորուհուց միայն կարող էր ծնվել տաղանդավոր կթվոր կամ կթվորուհի։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ՝ եթե կա երկրագնդի վրա մեկը, որ կթելու գործում կարող է գերազանցել Քեթրինին՝ դա նրա որդին է՝ Միհրանը։ Այո, Քեթրինի Միհրանը։

#Կորածի օրագիր Քե թրին

06.04.2016