Վերադառնալ ընթերցարան

140 · 23.04.2016

Նվեր Arman Gasparyanին իր "Թափառականը" անտիպ ժողովածուի համար

141 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

— Ալյո, Գարսևան դո՞ւ ես — Հա, ո՞վ է։ — Գարսևան ջան, Սաքոն է, ձեր հարևան Սաքոն։ Կներես, որ ուշ ժամի եմ զանգում, տա՞նն ես։ Հո քնա՞ծ չէիք։ — Չէ, քնած չենք, Սաքո ջան, գիշերվա մեկին ով է քնում, որ մենք քնենք։ Ի՞նչ է եղել, վատ բան հո չի պատահե՞լ։ — Այ տղա չէ, Գարսևան ջան, վատ բան չի պատահել, զանգել եմ տեսնեմ՝ կարո՞ղ է բինոկլ ունենաս։ — Հա, ունեմ, Սաքո ջան, բայց գիշերային չի, միայն ցերեկն է ցույց տալիս։ Ի՞նչ է, ահաբեկիչ է մտել տուն։ — Չէ, այ տղա, ձեռ ես առնո՞ւմ։ Ի՞նչ ահաբեկիչ։ Պարզապես դիմացի շենքի կտուրին Քրիստոսն է իջել, ուզում էի երեխեքը մոտիկից տեսնեն, դրա համար զանգեցի, որ հեռադիտակդ տաս։ Համ էլ, մտածեցի, կարող է քեզ էլ հետաքրքրի, գաս տեսնես, թե սրտաբուխ աղոթքը ինչ հրաշքներ է գործում։ — Այ, Սաքո ջան, Քրիստոսը բան ու գործ չունի՞, որ էս գիշերվա հազարին գա ու էն էլ, որտեղ իջնի՝ բարձրահարկ շենքի տանիքին։ Երևի աչքիդ է երևացել։ — Ես էդպես էլ գիտեի, որ չես հավատալու։ Դու, որ մի փոքր հավատ ունենայիր մեջդ՝ իմ հետ կգայիր պաշտպանմունքին։ — Այ, տղա, հազար եմ ասել, «պաշտպանմունք» չի, «պաշտամունք» է։ — Դա կարևոր չի, հենց հիմա վեր կաց արի ու քո աչքերով կտեսնես, որ Նա լսել է իմ ձայնը և այցի է եկել նվաստիս։ Երեկ ամբողջ օրը կանչել եմ, օգնություն եմ խնդրել, որ չամիչներս լավ ծախվեն։ Ու գիտես ի՞նչ, մինչև վերջին հատիկ չամիչս ծախեցի՝ խանութի գնից էլ թանկ։ Մի հատիկ չմնաց․․․ Արի, Գարսևան, արի տես․․․ — Հիմա չեմ կարող գալ, Սաքո ջան, շատ ուշ է, ես էլ հոգնած եմ։ Աստղագնացից նոր եմ իջել։ Խոպանից եմ գալիս՝ Ալֆա Ցենտավրոսից, ոչ ավել, ոչ պակաս, չորս լուսային տարի ճանապարհ եմ կտրել, անցել։ Դու կանչիր տուն, տեղ տուր թող քնի, ես առավոտը կգամ։ — Է՜, Գարսևան, էլի ձեռ ես առնում։ Քո հետ լուրջ խոսել չի լինում, այ տղա։ Քնիր, լավ։ Քնիր հանգստացիր, երկար ճանապարհ ես անցել, առավոտը, որ գաս կարող է դեռ էնտեղ լինի, կտսնես, ու կհամոզվես, որ հրաշքներ լինում են էս կյանքում։ — Պայմանավորվեցինք, հարևան ջան։ Բարի գիշեր։ — Լույս բարի, Գարսևան ջան։ Առավոտյան բինոկլդ չմոռանաս հետդ բերես, էրեխեքը շատ են ուզում մոտիկից տեսնեն...

Նվեր Arman Gasparyanին իր «Թափառականը» անտիպ ժողովածուի համար

23.04.2016