Մի գնա՝ քո դուռը փակել է քամին։ Ու շքամուտքում հիմա սարդեր են, Սարդեր, սարդակերպ չղջիկ-կրիաներ, Անդեմ, մարդակերպ աղջիկ-տղաներ Պատի ոստայնը գունազարդել են, Նախշում են պատերն ասես կտավներ, Նախշում են, երգում երգեր հմայիլ, Որ մոտ չգնաս տապանաքարին Չքաշես վրադ ու մտնես մեջը՝ Չբացես փակված Ծռերի էջը։
Մի գնա՝ քո դուռը փակել է քամին։ Փակել է քո դուռը՝ տապանը, մատուռը։ Փակել է ու նետել, նետել բանալին Անդունդը՝ մինչ ժայռը կդառնա քո դուռը։
Մի գնա՝ կխաբի, կստի քամին, Կասի, որ թեթև է հովը այստեղ, Քո բալասանը, հողն է կասի Ու կրկին կծխա սիրտդ անթեղ, Ճամփեքին կորած օտար Կարսի։ Անունդ չգրված կմնա քարին․․․ Մի գնա․․․
11․09․2015
Թողած Մխչյան գյուղի ճամփին տունս՝ շինված տաշած քարով, Անտեր թողած անջուր այգին ու լոլիկի դաշտերը ծով, Հովհաննիսյան Արփինեին անգամ չասած մնաս բարով, Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով։
Անց եմ կենում, շուրջս՝ մարդիկ, շուրջս թթվի, մրգի բազար։ Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար։ Եվ ո՞վ կասի՝ ո՞ւմ Մուկն ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար, Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված եմ ոչ բարով։
Գորշ, տաղտկալի, անջուր, պապակ դաշտ է կարծես այս կյանքը մի։ Անհաճախորդ սուպերմարկետ, բացված սրտի մեջ Մխչյանի, Եվ ո՞ւմ համար, ինչի՞ համար էդ Կարենին բերին հիմի․ Սիրտս՝ լցված է անմեկին սեղմ արճիճով ու կապարով։
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի, Ես չլինեմ Մուկը, եթե նա չդառնա վտարանդի՜, Դեպի Մոսկվա պիտի գնամ, թեկուզ բռնեմ ճամփան բանտի, Նորից ճամփեմ պիտի նրան իրեն եկած ճանապարհով․․․
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա չունի ներում։ Պիտի անդարձ նա հեռանա, պիտի գնա՝ ա՛չքից հեռու։ Թե Կարենին Գազպրոմբանկի տեսնեք Լարսի անցակետում, Ասե՛ք նրան՝ Մուկը ասավ. - Լավ բան չարիր, գնաս բարո՜վ․․․
Մկենց Տաղ անձնական
10.09.2016