Վերադառնալ ընթերցարան

183 · 17.10.2016

Վտարանձին

184 / 484 · «Դիմագիծ» · Գարեգին Միսկարյան

Կար ժամանակ, երբ խելացի Գրող էի գերազանցիկ։ Ունեի մի սև փայտե ձի, Առանց ցեցի, առանց սանձի, Տաշած ծառից վայրի տանձի։ Բայց կագեբեն ուզեց գցի, Թառլան ձիուս տանի լծի։ Երբ ես նրան դեմ գնացի՝ Բյուրոն փորձեց ինձ հալածի, Ինչպես ասացին բառացի՝ Չորով զրկել օրվա հացից։ Ու ես՝ որպես վտարանձի, Փախա՝ դարձա եվրոպացի։ Ու հիմա ողջ աշխարհն անցիր, Ամբողջ տիեզերքում անծիր Չկա իմ պես վտարանձի, Ես եմ միակ վտարանձին։

Այդ օրվանից, Աստված վկա, Մրրիկ լինի Ամերիկա՝ Կամ երկրաշարժ Չինմաչինում, Կագեբեն է հաստատ շինում։ Ուզում է նա ինձ վերացնի, Կամ թուրք դարձնի, կամ վրացի, Ընկերներիս լարում իմ դեմ, Ներշնչում է՝ թե ես թուրք եմ։ Սակայն ասեմ, որ ես անպարտ, Մի կուռ լեռ եմ՝ խրոխտ, հպարտ։ Անկասելի, հզոր մի ուժ՝ Օդ եմ, ջուր եմ, մուժ եմ՝ մշուշ։ Ու չեք կարող դուք ինձ կոտրել։ Ինչքան թքեք ու մրոտեք, Առավել եմ ես զորանում, Անմահանում, հզորանում, Հզորանում, հզորանում․․․ ․․․Էս դոզան ինձ ո՞ւր է տանում․․․ Ո՞ւր կտանի ինձ այս դոզան՝ Փարի՞զ, Բեռլին, Լոնդո՞ն, Լոզա՞ն․․․ ․․․Կուզեմ Բաքու կգնամ, Կուզեմ թաքուն կմնամ, Դատապարտեն թե վարքս, Դատափետեն արարքս, Մի նայեք, որ մեծ էշ եմ՝ Կքրֆեմ, կխլեշեմ։

Կար ժամանակ, որ մի համեստ, Գրող էի․․․ գրողուկես․․․

Պահեք Հավիտյան Վտարանձին

17.10.2016