- Պարոն Ենիգոմշյան, դուք որպես տեռորիստ ի՞նչ կասեք ձեր անցած ճանապարհի մասին։ - Ես ձեռնպահ կմնայի․․․ - Այ, ասացիք ձեռք, երկու բառով կպատմե՞ք, թե ինչպես կորցրեցիք ձեր ձեռքը։ - Տիկի՞ն, դուք չեք․․․ - Այ, դուք ասացիք տիկին, իսկ ձեր կինը ինչպե՞ս մահացավ, կպատմե՞ք մեզ նրա մահվան մանրամասները։ - Ես չեմ հասկանում, թե դուք ինչ․․․ - Լավ, ձեր չհասկանալու հարցին դեռ կանդրադառնանք։ Այդ հարցի շուրջ Իսագուլյանը կիսում է ձեր տեսակետը։ Պատմեք խնդրեմ, թե ինչպես տապալեցիք Ասալաի ձեր վերջին օպերացիան։ - Տիկին Կարմեն, դուք անցնում եք․․․ - Ի դեպ, դուք դիտե՞լ եք Վերդիի «Կարմեն» օպերան։ - «Կարմենը» Վերդիինը չէ, այլ Բիզեինը․․․ - Օյ, կներեք, ես մոռացել էի, որ դուք տեսողության խնդիր ունեք։ Կպատմե՞ք, թե որտեղ եք կորցրել ձեր տեսողությունը։ - Վերջին օպերացիան․․․ - Մինչ դուք կպատասխանեք այդ հարցին, ես կցանկանայի լսել ձեր կարծիքը «Սասնա Ծռերի» հետ կապված։ - «Սասնա Ծռերի» ամբողջ գործողությունը․․․ - Իմիջայլոց, դուք կարդացե՞լ եք էպոսը ամբողջությամբ։ - Ես․․․ - Իսկ ինչ կարծիքի եք Մսրա Մելիքի կերպարի մասին։ Եվ նաև եթե կարելի է մի քանի բառով Ձենով Օհանի մասին էլ խնդրում եմ խոսեք։ - Ես․․․ - Այ, դուք անընդհատ ասում եք «Ես, ես»։ Ձեզ չի՞ թվում, որ ձեր անձի շուրջ Դուք անհիմն լեգենդներ եք հյուսում, ինչպես օրինակ, այն թե իբր դուք և Մոնթեն եղել եք ընկերներ․․․ - Մոնթեի հետ մենք․․․ - Տեսեք, դուք էլի ձեր անձը կապում եք Մոնթեի հետ, իսկ օրինակ Գառնիկ Իսագուլյանը այդ մասին ունի լրիվ այլ կարծիք։ Բայց դրան կանդրադառնանք գովազդից հետո։ Հիմա գովազդ մեր եթերում։ Գովազդից հետո դիտեք «Քյալմեռնիմ մոտ» հաղորդաշարի այսօրվա թողարկման շարունակությունը։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն է Ասալայի մարտիկ, տեռորիստ Ալեք Ենիգոմշյանը։
Քյալմեռնիմ մոտ հաղորդաշար
23.10.2016